Նիկոլ՝ բա-վա-կան
Հերոսական շաբաթ ստացվեց: Կամ էլ հակահերոսական: Նայած ում համար: Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են նոր սահմանազատում իրականացնել: Սահմանազատումը սկսեցին հերոսներից: Բաքվում սահմանազատել են Արցախի հերոսներին, ղեկավարներին ու զինվորականներին:
Դե, իսկ Երևանում էլ, նույն պահին, Նիկոլ Փաշինյանը սահմանազատեց ՀՀ Ազգային հերոս, ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Մինչ այդ սահմանազատել էր ՀՀ մեկ այլ Ազգային հերոսի. գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին: Այդպես են այս երկու ղեկավարները սինխրոն մաքրում մեկը մյուսի կեղտերը։
Երկուսին էլ Նիկոլ Փաշինյանն է հերոսի կոչում տվել, բայց հետո, երևի Ալիևը զանգել, ասել է, ախպեր, կարող է, ձեր համար հերոսներ են, բայց մեր համար հանցագործներ են: Խեղճ Նիկոլն ի՞նչ անի, ստիպված քրքրել է հերոսների կենսագրությունը, մի կեղտ գտնելու համար, ու տենց պարզվել է, որ Տիրան Խաչատրյանը դպրոցի բուֆետում բուլկի է վերցրել, փողը չի տվել, իսկ էն մյուս հերոսն էլ հականիկոլական ստատուս է լայքել:
Հիմա Նիկոլ Փաշինյանը մտածում է, ո՞նց անի, որ Անդրանիկ Փիլոյանին ու Տիրան Խաչատրյանին Ազգային հերոսների կոչում տալու դրվագը գցի նախկինների վրա: Որ չասեն, թե Ալիևի ջրաղացին ջուր է լցնում:
Պուտինը արցունքներին չի հավատա
Ձեռի հետ էլ Փաշինյանը սկսել է Հայաստանը սահմանազատել Ռուսաստանից ու ԵԱՏՄ-ից: Մարդը Եվրոպայի հետ ընդհանուր սահման է գծում, ձեր թայը չի:
Ռուսաստանն ասում է. էս ի՞նչ ես անում: Ստիպված զանգել է Պուտինին, սկսել արդարանալ, թե ի՞նչ անեմ, էն Խզմալյանը կյանքս կերավ, ամեն օր սպառնում է, թե Եվրամիություն մտի, թե չէ չէ քեզ ռսի ագենտ կճանաչեմ, համ էլ, Վլադիմիր Վլադիմիրիչ, Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն իրար հետ լավ էլ լեզու կգտնեն: Պուտինն էլ սրան ասել է, ընկեր, Հայաստանի տնտեսության 90 տոկոսը մեր հետ է կապված: Գազը եվրոպացիներից 10 անգամ էժան եք ստանում: Լավ մտածի. հետո չասես, չեմ զգուշացրել: