...

«Ռուսական ճեղքումը» ձախողվեց

«Ռուսական ճեղքումը» ձախողվեց

Եվ այսպես, Սոչիի բանակցությունները տապալվեցին։ Ինչպես և կանխատեսել էինք՝ հիմնական բանակցություններն այնտեղ ընթանալու էին Պուտինի և Ալիևի (իսկ ավելի ճիշտ, վերջինիս միջոցով՝ Էրդողանի) միջև, ու դրանց ընթացքում Պուտինը պիտի փորձեր Ալիևին համոզել «խաղաղության համաձայնագրի» հիմքում դնել ռուսական փաթեթը, որի կետերից մեկն էլ Ղարաբաղի հարցը հետագային թողնելն էր։ Ըստ երևույթին Պուտինը մի թեթև փորձեց, Ալիևը կտրուկ մերժեց (հայտարարելով, թե Ղարաբաղի հարցը երկու տարի առաջ լուծվել է և արդեն պատմություն է), ու դրանով էլ բանակցությունների այս փուլը կարելի էր ավարտված համարել։ Մնում էր ընդամենը դեմքը փրկելու համար ինչ-որ ոչինչ չասող թուղթ ստորագրել, ու այդպես էլ արեցին։ Համատեղ հայտարարություն ստորագրեցին, որի ամենակարևոր կետը թերևս ռուս խաղաղապահների «պահանջվածության» արձանագրումն էր։ Ադրբեջանն էլ, վստահաբար, այդ կետը ներառելուն համաձայնվեց զուտ այն պատճառով, որ ռուս խաղաղապահներից շատ կոնկրետ ակնկալիք ունի և օրումեջ բարձրաձայնում է այդ մասին․ այն է՝ «Ղարաբաղի հայերին» զինաթափելը (պարզ ասած՝ ՊԲ-ն զինաթափելն ու լուծարելը)։

Մի բան ակնհայտ է՝ Սոչիում խաղն ընթանում էր թուրք-ադրբեջանական սցենարով, որին Ռուսաստանը չկարողացավ կամ չցանկացավ որևէ կերպ հակազդել։ Իսկ դրան նախորդել էր հայ-ռուսական ինտենսիվ «լեզվակռիվը»՝ փոխադարձ մեղադրանքներով, ռուսաստանյան մի քանի գործիչների «անցանկալի անձ» հայտարարելով և այլն, իսկ բուն պատճառը հետևյալն էր․ Ռուսաստանը Հայաստանին մեղադրում էր «բրյուսելյան հարթակների» և Արևմուտքի բանակցային դերակատարումը վերակենդանացնելու փորձերի համար, Հայաստանն էլ հստակ ուղերձ հղեց՝ «շատ լավ, ձեր առաջարկներն ենք ընդունում, եթե կարողանաք Ադրբեջանին համոզել՝ Արևմուտքի թեման փակում ենք»։ Ռուսաստանը փորձեց և չկարողացավ, հետևաբար՝ Արևմուտքի «թեման» էլ չի փակվում։ Այ հենց սա է թուրք-ադրբեջանական սցենարը, որովհետև Ալիևը հենց նրա համար էլ ցուցադրաբար կոշտ դիրքորոշում ցուցաբերեց, որպեսզի հայկական կողմը շարունակի «արդարություն փնտրել» Արևմուտքում, ինչն իրեն Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա իրականացնելու «լեգիտիմ իրավունք» կտա՝ համենայն դեպս Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի տեսանկյունից։ Ավելին՝ որպեսզի Հայաստանի համար «բրյուսելյան հարթակն» ավելի գրավիչ դառնա, Ադրբեջանը, հնարավոր է, նույնիսկ այդ հարթակում ինքն իրեն ավելի զիջող ձևացնի, քան Ռուսաստանում։

Ի՞նչ սպասել Սոչիից հետո։ Ակնհայտ է, որ արդյունքների բացակայությունը նույնպես արդյունք է, ընդ որում՝ նույնքան կարևոր, հետևաբար՝ Ադրբեջանը, մեծ հավանականությամբ, կմեծացնի սահմանային լարվածությունն ու անգամ կփորձի նոր տարածքներ օկուպացնել։ Եվ թող որևէ մեկին թյուրիմացության մեջ չգցի համատեղ հայտարարության այն կետը, որի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են ձեռնպահ մնալ ուժի կիրառումից։ Ադրբեջանը հո չի՞ ասելու «ուժ ենք կիրառում», ասելու է «հայկական կողմը սադրել է՝ պատասխան գործողությունների ենք դիմել», Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն էլ «լրջորեն մտահոգվելու են», բայց նաև արդարանալու են՝ «դե հիմա ի՞նչ իմանանք, թե ով է սկսել, համ էլ՝ դելիմիտացիա-դեմարկացիա չկա, ի՞նչ իմանանք, թե որ երկրի ինքնիշխան տարածքն է»։

Հ․ Գ․ Եթե Ադրբեջանը, ռուսական փաթեթը մերժելով, Հայաստանի համար որպես միակ թվացյալ այլընտրանք թողնում է բրյուսելյան հարթակը, Նիկոլ Փաշինյանին Թեհրանում շատ ծանր խոսակցություն է սպասում։ 

Մարկ Նշանյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   1215 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ