...

Դավաճանում է, որպեսզի հանկարծ դավաճան չասեն

Դավաճանում է, որպեսզի հանկարծ դավաճան չասեն

Ալիևը հայտարարել է, թե 2018 թվականին Հայաստանի նոր իշխանություններն իրեն հավաստիացրել են, որ կգործեն միջազգային իրավունքին համապատասխան և կվերադարձնեն տարածքները, բայց հետագայում դրժել են խոստումը, և իրենք ստիպված են եղել ուժով լուծել իրենց տարածքային ամբողջականության վերականգնման հարցը։ 

Իհարկե, պետք չէ Ալիևի ասածները հալած յուղի տեղ ընդունել, բայց կոնկրետ այս դեպքում դա բավականին ճշմարտանման է թվում, որովհետև հետագա իրադարձություններն անուղղակիորեն վկայում են, որ մեծ հավանականությամբ՝ ամեն ինչ հենց այդպես էլ եղել է։ Եվ ըստ երևույթին պատճառը միայն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե եթե սեփական երկրում կարողացել է մի ամբողջ ժողովրդի խաբելով հասնել իշխանության՝ արտաքին քաղաքականության մեջ նույնպես կարող է պարզունակ «շուստրիությամբ» հասնել իր նպատակներին։ Շատ ավելի հավանական է, որ նա սկզբում իսկապես էլ որոշած է եղել «միջազգային իրավունքին համապատասխան վերադարձնել տարածքները», բայց ընթացքում փոշմանել է ու որոշել վերադարձնել ոչ թե թղթերով, այլ արյունով։ Թե ինչու՝ հասկանալի է․ որպեսզի իրեն դավաճան չասեն։ Չէ՞ որ այդ ընթացքում արդեն հասցրել էր զգալ իշխանության համն ու հեծանիվը փոխարինել ահռելի շարասյունով, իսկ թղթով հանձնելու դեպքում կարող էր զրկվել այդ նորահայտ վայելքներից ու Սերժ Սարգսյանի համար կարված, բայց իր վրա «քիփլիկ նստած» կոստյումից։

Արյունով հանձնելու որոշումից հետո պետք էր արագացնել գործընթացը, և այդ ժամանակահատվածում իշխանությունները հենց այդ տրամաբանությամբ էլ գործում էին։ Այնպիսի տպավորություն էր, թե Նիկոլ Փաշինյանը, «կարմիր լաթն» առած, շտապեցնում է Ադրբեջանին։ Ստեփանակերտում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», Մյունխենում՝ խղճուկ անգլերենով Տիգրան Մեծի մասին ինչ-որ կմկմոցներ, սոցկայքերում՝ «Աղդամը մեր հայրենիքն է» գրությամբ ու անմեղսունակ ժպիտներով լուսանկարներ, ավելի ուշ՝ հուլիսյան սահմանային բախումները պետական մակարդակով որպես նոր Սարդարապատ ներկայացնելու ճոռոմ արարողություններ, հետո՝ Սևրի դաշնագրի 100-ամյակը պետական մակարդակով նշելու տխմարագույն որոշումը, 44-օրյա պատերազմից ուղիղ երկու օր առաջ՝ «ես այնպիսի փաստեր կհրապարակեմ, որ Ադրբեջանը ներսից կպայթի»․․․ Մարդը որոշել էր արյունով հանձնել, ու հանձնեց։ Արցախի վերջնական հայաթափումից հետո էլ իր քաղաքական թիմակցի շուրթերով հայտարարեց, թե հենց Արցախի ոչնչացման օ՛րը պետք է համարել Հայաստանի անկախության օր։

Լավ, իսկ ինչո՞ւ է Ալիևը հենց հիմա՛ հայտարարում, թե «խոստացել էր տալ, չտվեց, ես էլ հարձակվեցի»։ Որովհետև բառացիորեն երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը խոստացել է նաև Տավուշի 4 ոչ անկլավային գյուղերը տալ, ընդ որում՝ դարձյալ «միջազգային իրավունքին համապատասխան»։ Ու հիմա Բաքվից հիշեցնում են, թե ինչ է տեղի ունենում, եթե ինչ-որ բան «էշ-էշ խոստանում ես, բայց չես անում»։ Ավելին՝ առայժմ հայտնի չէ, թե ուրիշ է՞լ ինչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը «միջազգային իրավունքին համապատասխան»։ Ադրբեջանցի փախստականների վերադարձը, օրինակ, տեղավորվում է «միջազգային իրավունքի շրջանակներում», Սյունիքով «անխոչընդոտ հաղորդակցությունը»՝ նույնպես, ու մեծ հավանականությամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ ամենն ապահովելու հավաստիացումներ նույնպես տվել է։ Այլ հարց է՝ «միջազգային իրավունքին համապատասխա՞ն» կտա, թե՞ արյունով։

Ի դեպ, նաև դրանից է կախված՝ Հայաստանում հաջորդ իշխանափոխությունը «միջազգային իրավունքին համապատասխա՞ն» տեղի կունենա, թե՞ արյունով։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   792 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ