...

Նիկոլ Փաշինյանը «գլխանց» լեգիտիմացնում է Հայաստանի դեմ նոր ագրեսիան

Նիկոլ Փաշինյանը «գլխանց» լեգիտիմացնում է Հայաստանի դեմ նոր ագրեսիան

Վտանգավո՞ր են արդյոք ոզնու փշերը մանր-մունր գիշատիչների, օրինակ՝ աղվեսների համար։ Իհարկե վտանգավոր են։ Դե հիմա պատկերացրեք՝ աղվեսը ոզնուն ասում է «գիտե՞ս, քո փշերն ինձ համար լուրջ վտանգ են ներկայացնում», ոզնին էլ գլուխը քորելով մտածում է՝ «հա դե ճիշտ ա ասում, էլի, մի երկու անգամ մռութը ծակել եմ՝ հիմա ուզում ա վրեժ լուծի, բայց ընդհանուր առմամբ բարեկիրթ կենդանի ա, երևի որ փշերիցս հրաժարվեմ՝ ինքն էլ ինձ ուտելու մտքից կհրաժարվի»։ 

Սա է Նիկոլ Փաշինյանի «անվտանգային դոկտրինը»։ Ճիշտ է, առայժմ բանակ ունենալուց չի հրաժարվում, բայց մեծ հաշվով՝ ծրագիրն արդեն «ցրցամ է տվել»։ «Փողով բանակից ազատվելու» օրենքի ընդունումից հետո Հայաստանում ժամկետային զինծառայությունը փաստացի արդեն պարտադիր չէ, իսկ «աստիճանաբար պրոֆեսիոնալ բանակի անցնելու» ծրագիրը ենթադրելու է «պրոֆեսիոնալների» պարտադիր ատեստավորում, ու իշխանություններին ոչինչ չի խանգարելու անել ամեն ինչ, որպեսզի «ատեստավորվածների» թիվը ոչ մի դեպքում չգերազանցի, ասենք, 5 հազարը։ 

Իսկ քարոզչական հիմնական թեման առայժմ ՀՀ Սահմանադրությունն է։ Ընդ որում՝ նիկոլական քարոզիչները հարցն այնպես են ներկայացնում, թե ամեն ինչ շատ պարզ է, կամ մենք ունենում ենք նոր Սահմանադրություն, որտեղ Անկախության հռչակագիր չի լինում (ու այդ դեպքում հնարավոր է՝ մեզ վրա չհարձակվեն), կամ Սահմանադրությունը չենք փոխում, մեր անցյալից չենք հրաժարվում, ստանում ենք նոր պատերազմ, և Հայաստանը դառնում է ադրբեջանական ագրեսիայի «լեգիտիմ թիրախ», այսինքն՝ ադրբեջանական ագրեսիան միանգամայն արդարացված է լինում։ Ուշադրություն դարձրեք՝ միջազգային բոլոր կառույցները, բոլոր գերտերությունները միաբերան հայտարարում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան բացարձակապես անընդունելի է, ու միայն նիկոլական իշխանություններն են ասում «բայց ինչո՞ւ է անընդունելի, եթե մեր Սահմանադրությունը չփոխենք՝ շատ էլ ճիշտ կանեն, որ կհարձակվեն, որովհետև դա նրանց կողմից կլինի շատ լեգիտիմ ագրեսիա»։ 

Հասկանալի է, որ իրականում տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադարձություններն ու հնարավոր զարգացումները մեր Սահմանադրության ու Անկախության հռչակագրի հետ ընդհանրապես կապ չունեն։ Այսինքն՝ այնպես չէ, որ 2021-ի հունիսին կամ 2022-ի սեպտեմբերին ադրբեջանցի չինովնիկները մտել են Ալիևի մոտ ու զեկուցել, թե «շե՛ֆ, բա չես ասի՝ Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագիր է հիշատակված», նա էլ ասել է «յա՛, բա շո՛ւտ ասեիք, դե որ տենց ա՝ հենց հիմա ներխուժեք ու մի 200-250 քկմ տարածք զավթեք», ոչ էլ այնպես է, որ եթե Սահմանադրությունը փոխվեց՝ նրանք երեք աշխատանքային օրվա ընթացքում դուրս են գալու ՀՀ տարածքից։ Ի վերջո Անկախության հռչակագիրը չի խանգարել, որ նույն Ադրբեջանը 1994-ին Բիշքեկում հրադադարի համաձայնագիր ստորագրի (ընդ որում՝ նաև ԼՂՀ- հետ), 1997-ին էլ համաձայնվի կարգավորման փուլային տարբերակին։ Այլ կերպ ասած՝ ցանկացած մտածող մարդու համար հասկանալի պիտի լինի, որ և՛ արցախյան առաջին պատերազմի, և՛ 44-օրյա պատերազմի ու դրան հաջորդած ներխուժումների, և՛ Արցախի հայաթափման գործընթացներն ու արդյունքները պայմանավորված են եղել տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրողություններով և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ այդ իրողությունները հասկանալու և օգտագործելու հմտություններով կամ ապաշնորհությամբ։ Ու եթե Նիկոլ Փաշինյանի բացառիկ ապաշնորհության հետևանքով այսօր այս վիճակում ենք հայտնվել՝ պետք չէ այլ մեղավորներ փնտրել։  

Բայց թարսի պես՝ Նիկոլ Փաշինյանին ոչ թե այս վիճակն է հետաքրքրում, այլ մեղավորներ փնտրելը, այդ թվում՝ նաև իր իսկ շարունակական ապաշնորհության արդյունքում դեռ տեղի ունենալիք նոր փորձանքների համար։ Ու թիրախը կարծես թե նախապես գտնված է․ մեղավոր կհռչակվեն նրանք, ովքեր դեմ են Անկախության հռչակագիրը ջնջելուն։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2074 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ