Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում բանավեճի հրավիրում նախկին նախագահներին։ Ներքաղաքական նպատակները կարծես թե հասկանալի են։ Նախ՝ ամենայն հավանականությամբ նրանք կմերժեն առաջարկը, և ինքն այդ դեպքում կասի «տեսա՞ք, վախեցան-չեկան», եթե հանկարծ գան էլ՝ կօգտվի նրանից, որ երեք նախագահները բանակցային գործընթացի հարցում սկզբունքային տարաձայնություններ ունեն, ու բոլորին «լեզվակոխ կանի»։ Մարկ Տվենն էր ասել, չէ՞․ «երբեք մի վիճեք ապուշի հետ, սկզբում նա ձեզ կիջեցնի իր մակարդակին, իսկ հետո կհաղթի մեծ փորձի շնորհիվ», Շուկշինն էլ «Շշպռեց» պատմվածքում մանրամասն նկարագրել է այդ «գործընթացը»։
Բայց չի բացառվում, որ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելը նաև արտաքին-քաղաքական պատվիրատու ունի, իսկ ավելի կոնկրետ՝ Ալիևն է sms-ով նրան այդպիսի հանձնարարություն տվել։ Ի վերջո այն, ինչ պնդում է Նիկոլ Փաշինյանը՝ թե իբր 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է բացառապես Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, հենց ադրբեջանական դիրքորոշումն է․ այդ նրա՛նք էին տասնամյակներ շարունակ փորձում հարցն այդպես ներկայացնել, ի դեպ՝ ապարդյուն։ Բայց նպատակը հասկանալի է․ հարցն այդպես ներկայացնելու դեպքում ստացվում է, որ 1994-ից ի վեր Հայաստանի բոլոր իշխանությունները անընդհատ բանակցել են «Ղարաբաղը վերադարձնելու» մասին, բայց խաբել են, չեն վերադարձրել, ժամանակ են ձգել, իրենց համբերությունն էլ սպառվել է, և ի վերջո ուժով են վերցրել, այսինքն՝ ոչ թե մի ամբողջ ժողովրդի դեմ հանցանք են գործել, այլ ընդամենը «պատժել են խաբեբաներին»։ Նիկոլ Փաշինյանն ահա նախկին նախագահներին բանավեճի է հրավիրում, որպեսզի հայաստանյան ուղիղ եթերում ապացուցի, որ նրանք իսկապես էլ «խաբեբաներ» են, գիտեին, որ Ղարաբաղն Ադրբեջան է, բանակցում էին այն վերադարձնելու մասին, բայց այնքան ձգձգեցին, մինչև մեր բարեկիրթ հարևանի համբերության բաժակը լցվեց․․․
Ի դեպ, անդրադառնալով իր անհեթեթ պնդման արձագանքներին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, թե ի տարբերություն նախկին նախագահների՝ ինքը ներկայացուցիչների ետևում չի թաքնվում։ Բայց փաստացի՝ հանդես է գալիս որպես Ալիևի ներկայացուցիչ։ Հարց է ծագում՝ որպես ի՞նչ պիտի նախկին նախագահները բանավիճեն ներկայացուցչի հետ, ավելի ճիշտ չի՞ լինի այդ հարցով միանգամից բանավիճել Ալիևի հետ, թեկուզ՝ որևէ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի ուղիղ եթերում։
Մարկ Նշանյան