Թեև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունն» ընթանում է Բաքվի զինվորական դատարանում, փաստացի՝ նույն «դատական գործընթացը» զուգահեռաբար տեղի է ունենում նաև Հայաստանում։ Մեղադրյալներն էլ են նույնը, մեղադրանքներն էլ, պարզապես այնտեղ «գլխավոր մեղադրողն» Ալիևն է իր դատախազներով, իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը՝ իր ուսապարկերով, քարոզիչներով ու ֆեյքերով։ Բայց քանի որ 15 մեղադրյալները ֆիզիկապես գտնվում են Բաքվում, ու Երևանի որևէ դատարանում «պատշաճ դատավարություն» իրականացնել հնարավոր չէ՝ «հեռակա դատն» իրականացվում է վիրտուալ և ավելի մեղմ ձևակերպումներով։
Հայաստանում այդ նույն 15 հոգու նկատմամբ մեղադրանքները բաժանվում են երկու մասի․ կենցաղային (կոռուպցիա, թալան և այլն) ու քաղաքական։ Օրինակ՝ «30 տարի շարունակ դրանք Ղարաբաղից ծակ շալվարներով եկել ու Հայաստանը թալանում էին», «նրանցից ամեն մեկը Երևանում տասնյակներով անշարժ գույք ու բիզնեսներ ունի», «մեր էրեխեքին տանում Ղարաբաղում կոտորում էին», և այլն։ Նաև դատավճիռներ են հնչեցվում՝ «էդ նրանց քիչ ա», «Ալիևը ճիշտ կանի՝ դրանց սաղին գնդակահարի»․․․
Քաղաքական մեղադրանքների պակաս նույնպես չկա, ընդ որում՝ դրանք, որպես կանոն, հնչեցնում է անձամբ Նիկոլ Փաշինյանը, որից հետո «ուսապարկերն» ու ֆեյքերն անգիր արած կրկնում են։ Օրինակ՝ նրա այն պնդումը, որ Ղարաբաղը եղել է Հայաստանի վզին գցված թոկ, որով մեզ թույլ չեն տվել դառնալ ինքնիշխան երկիր, շատ ծանր մեղադրանք է։ Որովհետև ստացվում է, որ Արցախի ղեկավարությունը, այդ թվում՝ Բաքվում գերության մեջ գտնվող 15 հոգին, պայքարել են ոչ միայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության», այլև Հայաստանի ինքնիշխանության դեմ, այսինքն՝ ծանրագույն հանցանք են գործել և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի դեմ (ի դեպ՝ երկու հոդվածներով էլ մոտավորապես նույն պատիժն է սահմանվում)։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերն այդպես են կարծում, էլ ինչո՞ւ պիտի քայլեր ձեռնարկեն այդ 15 գերիների ազատ արձակման ուղղությամբ, հակառակը՝ պիտի շնորհակալություն հայտնեն Ալիևին, որ դատում է «Հայաստանի ինքնիշխանության թշնամիներին»։
Ի դեպ, Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին, երբ Ղարաբաղյան շարժումն արդեն սկսվել էր, այսպիսի մի անեկդոտ էին պատմում․ իբր՝ ԽՄԿԿ ինչ-որ համագումարում ինչ-որ կթվորուհի հարց է տալիս․ «լա՛վ, Հայաստանն ու Ադրբեջանը չե՞ն կարողանում միանալ ու էդ փոքրիկ Ղարաբաղի հարցերը լուծել»։ Որևէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, որ 35 տարի անց հենց այդպես էլ լինելու է։
Մարկ Նշանյան
Հ․ Գ․ Ամիսներ առաջ Ադրբեջանը Հայաստանի իրավապահ կառույցներին կոչ էր արել համագործակցել՝ «1988-ից ի վեր Ադրբեջանի դեմ իրականացված ռազմական հանցագործությունները» բացահայտելու և «մեղավորներին պատասխանատվության ենթարկելու» հարցերով։ Համագործակցության առաջարկն ընդունելու կամ մերժելու մասին տեղեկություններ չկան, բայց համագործակցությունը հո պոզով-պոչով չի՞ լինում։