...

Արցախի անվտանգության «բարաթը»

Արցախի անվտանգության «բարաթը»

Վերջին օրերին Հայաստանի և Արցախի շուրջ իրադարձությունները շատ արագ են զարգանում։ Ընդամենը 3 օրվա ընթացքում տեղի է ունենում հետևյալը․ 

1․ Նիկոլ Փաշինյանն ասուլիս է հրավիրում և հայտարարում, որ Ղարաբաղի և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հավանականությունը շատ մեծ է, և Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ «խաղաղության պայմանագրով» Ղարաբաղի հայերին «էթնիկ զտումների ենթարկելու մանդատ ստանալը»։

2․ Հաջորդ օրը տեղի է ունենում հեռախոսազրույց Պուտինի և Ալիևի միջև։

3․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «ՌԴ-ն պաշտոնապես ստանձնել է ԼՂ ժողովրդի ու քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը» և պարտավոր է լիարժեք կատարել այդ գործառույթը։

4․ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարում է, թե «պարզապես պետք է բացել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և տեսնել, թե ինչ պարտավորություններ է կրում մեր կողմը, և վերջ, ամեն բան պարզ կլինի»։ Ապա ավելացնում է, թե «Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը թողնում ենք Հայաստանի ղեկավարության խղճին»։

Պարզ ասած՝ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Արցախից մնացած հատվածի վրա, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ռուսաստանը պարտավոր է թույլ չտալ դա, Մոսկվայից էլ ասում են՝ «իսկ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է»։ Եվ իսկապես էլ՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում նման կետ չկա, այնտեղ ընդամենը գրված է, որ ռուս խաղաղապահները պիտի վերահսկեն հրադադարի պահպանումը։ Հատուկ շեշտում ենք՝ նույնիսկ ոչ թե ապահովեն, այլ ընդամենը վերահսկեն։ Եվ ոչ մի բառ՝ այն մասին, թե ի՞նչ պիտի անեն, եթե չկարողանան վերահսկել։ Ստացվում է, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել, Ալիևը Պուտինի հետ հեռախոսազրույց է ունենում, ու հաջորդ օրը ռուսներն ասում են «մեզ վրա հույս չդնեք»՝ մեր «աչքը կոխելով» նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ 

Այսպիսով պայթում է հերթական «անվտանգության փուչիկը»։ Հիշո՞ւմ եք, թե Հայաստանում զայրույթի ինչ ալիք բարձրացավ, երբ այն նույն Նիկոլ Փաշինյանը, որը 2021-ի արտահերթ ընտրություններից առաջ հայտարարում էր, թե Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, հետո հայտարարեց, թե Հայաստանը նույնիսկ ինքն իր անվտանգության երաշխավորը չէ, իսկ Արցախի անվտանգության հետ ընդհանրապես գործ չունի, որովհետև դրա երաշխավորը Ռուսաստանն է։ Հիմա պարզվում է, որ նույնիսկ դա էր սուտ, որովհետև Ռուսաստանը պաշտոնապես երբևէ նման դերակատարում չէր ստանձնել։ Չի բացառվում, որ սուրճի կամ կոնյակի սեղանի շուրջ ռուսները նման պարտավորություն ստանձնած լինեն, բայց «բանավոր պայմանավորվածությունների» կամ «ընդհանուր ըմբռնման» հիման վրա միայն անլուրջ իշխանություններն են քաղաքականություն կառուցում։ Հայաստանի իշխանությունների հենց այս անլրջությունն է, որ զանազան էքսցենտրիկ խոսնակուհիների թույլ է տալիս նման անհարգալից տոնով խոսել մի ամբողջ ինքնիշխան երկրի ղեկավարի մասին ու նույնիսկ ծաղրել՝ այն դեպքում, երբ ամբողջ աշխարհն իրեն է ծաղրում։ 

Ինչևէ։ Փաստն այն է, որ հասել ենք մի կետի, որտեղ արդեն Հայաստանն ու Ռուսաստանն են Արցախի անվտանգության երաշխավորի դերակատարումն «իրար ջեբ գցում»։ 

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ