Այնպես է ստացվել, որ մեր հասարակությունը շատ լավ տեղեկացված է, թե որ հեռավոր երկրի որ նահանգի խորհրդարանն է կոչ արել բացել Լաչինի միջանցքը, կես կիլոգրամի ճշտությամբ գիտի, թե ինչքան բրինձ ու մակարոն է մնացել Ստեփանակերտի խանութներում, բայց մեծ հաշվով՝ բացարձակապես տեղյակ չէ, թե ինչ փուլում են և ինչ կոնկրետ օրակարգով են ընթանում հայ-ադրբեջանական բանակցությունները։ Ինֆորմացիայի բաց աղբյուրները, իհարկե, իրականության վերաբերյալ շատից-քչից ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն տալիս են, բայց ամենօրյա «ինֆորմացիոն աղբի» հոսքը թույլ չի տալիս օգտվել այդ հնարավորությունից։ Եվ այսպես, ի՞նչ է տեղի ունենում։
Դեկտեմբերի վերջին, ինչպես հայտնի է, Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում պիտի լիներ, բայց հայկական կողմը հրաժարվեց մասնակցել՝ անընդունելի համարելով բանակցությունների վարումն Արցախի լիակատար շրջափակման պայմաններում։ Ավելի ուշ՝ հունվարի 19-ին, Ալիևը Դավոսում հայտարարեց, թե հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղի են մտել, որովհետև Հայաստանը չի պատասխանել խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ իրենց առաջարկին, իսկ այդ համաձայնագիրը կլինի «շատ պարզ»՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։ Պետք է ենթադրել, որ դրանից օրեր անց՝ ըստ երևույթին հունվարի 24-25-ին, Ադրբեջանը Հայաստանին կոնկրետ գրավոր առաջարկներ է ներկայացրել, բայց առ այսօր պատասխան չի ստացել (հայկական կողմը հայտարարել է, որ աշխատում է դրանց վրա)։ Թե «միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա հիմնված» կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսքը՝ կողմերը չեն հրապարակում, բայց «Հայկական ժամանակի» «Հավաստի աղբյուրը» դեռևս հոկտեմբերի 3-ին գրել էր, որ Ադրբեջանը առաջ է քաշում 5 պահանջ․ ԼՂ Պաշտպանության բանակի լուծարում, ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում առանց որևէ կարգավիճակի, միջանցք Հայաստանի տարածքով, սահմանների ճշտում 1919 և 1920 թթ․ քարտեզների հիման վրա և անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում։ Մեծ է հավանականությունը, որ մոտ 20 օր առաջ Ադրբեջանի ներկայացրած գրավոր առաջարկները հենց այս 5 կետերն են ներառում, և ՀՀ իշխանությունները հենց դրանց վրա են աշխատում։
Ուշադրություն դարձրեք՝ Հայաստանի իշխանությունները դեռևս ամիսներ առաջ են «ոչ պաշտոնապես» անդրադարձել այդ առաջարկներին և ըստ էության հերթով ընդունել դրանք։ Այսպես՝ Պաշտպանության բանակի լուծարման վերաբերյալ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի շուրթերով հայտարարել են, թե եթե անվտանգության երաշխիքներ լինեն՝ Պաշտպանության բանակի անհրաժեշտությունը չի լինի, Արցախն Ադրբեջանի կազմում առանց կարգավիճակի ճանաչելու վերաբերյալ էլ նոյեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, թե «առաջ ենք քաշում ոչ թե կարգավիճակի, այլ ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը»։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 17-ին, Ալիևը հայտարարել է, թե իրենք պատրաստ են խոսել այդ թեմաներով, բայց կխոսեն ոչ թե Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների, այլ Ղարաբաղում ապրող հայերի հետ, ու նույն ելույթում ընդամենը 13 օր առաջ ԼՂՀ պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանին անվանել է «ռուսների ուղարկած մարդ», որի հետ ինքը խոսելու բան չունի։ Ինչ վերաբերում է 5-րդ պահանջին՝ «անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանմանը», ապա Ադրբեջանի արտգործնախարարությունը շատ հստակ հասկացրել է, թե ինչ նկատի ունի և երկու օր առաջ՝ փետրվարի 11-ին, ՄԱԿ-ին կոչ է արել միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկել Հայաստանին, այդ թվում՝ պատժել «ռազմական հանցագործներին»։ Պատահականություն է, թե ոչ, բայց Ալիևի նոյեմբերյան հայտարարությունից հետո Հայաստանում և Արցախում Ռուբեն Վարդանյանի դեմ լուրջ քարոզչական արշավ է սկսվել, Սեյրան Օհանյանն էլ զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Իսկ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել է, թե պատրաստ է Մոսկվայում շարունակել բանակցությունները, թեև Արցախի շրջափակումը ոչ միայն վերացված չէ, այլև օրեցօր ավելի ու ավելի անմարդկային դրսևորումներ է ձեռք բերում։
Պարզ ասած՝ Հայաստանի իշխանությունները «ոչ պաշտոնապես» կատարում են Ադրբեջանի պահանջները, բայց Ադրբեջանին դա չի բավարարում, նրանց «թուղթ» է պետք։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, հակառակը, պատրաստ է ամեն ինչ տալ, բայց՝ միայն «բանավոր պայմանավորվածությունների հիման վրա», առանց փաստաթղթի։ Սա է վիճակը։
Մարկ Նշանյան