...

Ուրացումը՝ ներսից, սալյուտը՝ դրսից

Ուրացումը՝ ներսից, սալյուտը՝ դրսից

Դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը, իր կաբինետում նստած, տեսախցիկների առջև հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը փակված է, Հայաստանն էլ չի պատրաստվում պայքարել անգամ արցախցիների՝ իրենց տները վերադառնալու իրավունքի համար, և նույն օրը, մոտավորապես նույն ժամին, այդ նույն կաբինետից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա «տոնական շքեղ հրավառություն» եղավ։ Բայց սա՝ իմիջիայլոց։ Պարզապես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել, «չափազանց կարևոր էր արձանագրել» այս զարմանալի «զուգադիպությունը»։

Այո, Նիկոլ Փաշինյանն ավելի քան մեկ ժամ փորձում էր կմկմալով, սեփական ստերի մեջ խճճվելով, մտքից միտք ցատկոտելով մեղավոր հռչակել իրենից բացի բոլորին, բայց նրա հիմնական ասելիքը դա էր՝ Հայաստանը մտադիր չէ «խաղաղության համաձայնագրի» մեջ ներառել Արցախի հարցն ու արցախցիների վերադարձի իրավունքը, որովհետև դա կնշանակեր ներառել նաև ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք վերադառնալու իրավունքը, իսկ դա իր հերթին կհանգեցներ ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի։ Սա շատ հստակ պատասխան էր Ալիևին։ Եթե հիշում եք՝ ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ նա հայտարարել էր, թե եթե Հայաստանն ուզում է, որ հայերը վերադառնան Ղարաբաղ, ուրեմն ադրբեջանցիներն էլ պիտի վերադառնան Հայաստան։ Եվ ահա Նիկոլ Փաշինյանը հրապարակավ պատասխանեց՝ «ոչ, չենք ուզում»։ Պարզ ասած՝ նա Հայաստանի անունից հրաժարվեց երբևէ գոնե հայաբնակ Արցախ ունենալու նպատակից ու երևի հույս ուներ, թե վերջ, այ հիմա արդեն Ադրբեջանը հաստատ Հայաստանին «կադաստրի թուղթ» կտա։

Ադրբեջանի պատասխանը կայծակնային էր։ Բառացիորեն նույն պահին Ալիևի օգնականը հայտարարեց, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև «սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրի քննարկումից»։ Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած երեք պարտադիր սկզբունքներից մեկը՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, «ջրվեց»։ Որովհետև եթե սահմաններն անորոշ են, տարածքային ամբողջականության ճանաչումը գրոշի արժեք չունի․ ցանկացած պահի կարող են ասել՝ «այո, ճանաչում ենք ձեր տարածքային ամբողջականությունը, բայց չենք ասել, չէ՞, թե կոնկրետ ինչքա՛ն տարածքի»։ 

Մի խոսքով՝ Ադրբեջանն ասում է «եկեք հիմա խաղաղության համաձայնագիրը ստորագրենք, դուք փաստաթղթով հրաժարվեք Ղարաբաղից էլ, հայերի՝ այնտեղ վերադառնալու թեմայից էլ, իսկ մենք ձեզանից տարածքային պահանջներ ունենք, թե ոչ՝ հետո՛ կորոշենք, առայժմ «կադաստրի թուղթ» չենք տալիս»։ Հասկանալի է, չէ՞, որ Հայաստանն այս տարբերակը մերժելու է, որովհետև, նույն Նիկոլի բառապաշարով, «դա լինելու է պայմանագիր ոչ թե խաղաղության, այլ չխաղաղության մասին»։ 

Ու ի՞նչ ունենք արդյունքում։ Նիկոլ Փաշինյանն Արցախից հրաժարվելուց հետո հրապարակավ հրաժարվեց նաև արցախցիների՝ իրենց տները վերադառնալու իրավունքից, ու փոխարենը ստացավ ոչ թե խաղաղություն, այլ նոր պահանջ՝ համակերպվել այն մտքի հետ, որ Ադրբեջանը, միևնույն է, հայ-ադրբեջանական սահմանի հարցը բաց է պահում, ու եթե հետագայում այլ զիջումների չգնանք՝ դա կհամարի սահման ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Ադրբեջանի և «Արևմտյան Ադրբեջանի» միջև։

Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանն իր դարակազմիկ մտքերը ձևակերպելիս հաշվի՞ էր առնում այս ամենը, հաշվարկե՞լ էր իր հերթական «նշաձողաիջեցման» հավանական հետևանքները, թե՞ ուշքնումիտքն այն էր, որ արագ ավարտի հարցազրույցը, որպեսզի հանկարծ հրավառության ձայները եթերում չհայտնվեն։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5809 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ