...

Ռուսաստանն առաջարկում է խաղալ բաց խաղաքարտերով

Ռուսաստանն առաջարկում է խաղալ բաց խաղաքարտերով

Եվ այսպես, մեծ հավանականությամբ՝ հոկտեմբերի վերջին օրերին Ռուսաստանում տեղի կունենա Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումը, որի արդյունքներից էլ կախված կլինի, թե ինչ է սպասվում առաջիկայում․ նոր փաստաթո՞ւղթ, թե՞ նոր լարվածություն։ 

Թե ինչ են խոսելու այդ հանդիպման ընթացքում՝ մոտավորապես հասկանալի է։ Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձելու են Հայաստանին ստիպել վերջնականապես հրաժարվել հակամարտության կարգավորման «Արևմտյան հարթակից» և բոլոր հարցերը կարգավորել Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ (իրականում՝ քառակողմ, եթե հաշվի առնենք նաև Թուրքիայի անուղղակի, բայց ծանրակշիռ ներկայացվածությունը) ֆորմատով։ Հայաստանն էլ ամենայն հավանականությամբ պնդելու է, որ դրա դիմաց Ադրբեջանը նախ «քարտեզային խաղեր չտա» միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցում, և երկրորդ՝ միանշանակ և շատ հստակ հրաժարվի կոմունիկացիաների վերաբացման հարցում «միջանցքային տրամաբանությունից»։ Ուշադրություն դարձրեք՝ և՛ կարգավորման հարցում Արևմուտքի դերակատարումը զրոյացնելը, և՛ Մեղրիով անցնող ճանապարհի դեպքում «միջանցքային տրամաբանությունը» բացառելը բխում է Ռուսաստանի շահերից, հետևաբար՝ առաջիկա հանդիպման ընթացքում Պուտինը փորձելու է համոզել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին։

Իսկ ավելի կոնկրետ՝ Պուտինը փորձելու է կողմերին համոզել անվերապահորեն կատարել նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած պարտավորությունները, որովհետև այդ փաստաթղթում ոչ «Զանգեզուրի միջանցք» կա, ոչ էլ Արևմուտքի միջնորդական առաքելություն։ Իսկ թե ինչու է անհրաժեշտություն առաջացել համոզել ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին՝ հասկանալի է։ Երկու տարի շարունակ հենց Ադրբեջանն էր բացահայտորեն արհամարհում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, բայց ինչ-որ պահից սկսած Հայաստանի իշխանական շրջանակներից էլ սկսեցին դիրքորոշումներ հնչել, որ Հայաստանն իր տարածքով անցնող ճանապարհների վերահսկողությունը չի զիջի ոչ մեկին, այդ թվում՝ Ռուսաստանին։ Ավելին՝ նույնիսկ «ինքնիշխանությունը զիջելու» հարցը օրենսդրորեն քրեականացվեց, թեև դրա կարիքն ամենևին չկար (դա ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ)։

Իսկ ամենաուշագրավն այն է, որ հենց նույն օրը, երբ հայտնի դարձավ Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման մասին, Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը հայտարարեց, թե Հարավային Կովկասում ձևավորվում է Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք խաչմերուկ, ընդ որում՝ դա կարող է լինել Իրանի տարածքում, իսկ «երկաթուղու և մայրուղու կառուցումը Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից»։ Իսկ ինչո՞ւ Հայաստանի, Ադրբեջանն արդեն հայտնե՞լ է իր դիրքորոշումը, արդեն հայտարարե՞լ է, որ «կասկածի տակ չի դնում Մեղրիի (հետևաբար՝ նաև Մեղրիով անցնող ճանապարհների) ինքնիշխանությունը»։ Ոչ, Ալիևը տարբեր հարթակներում ճիշտ հակառակն է պնդում։ Այդ դեպքում ինչո՞ւ է Ռուսաստանի փոխվարչապետն ի սկզբանե հետագա բանակցությունների հնարավոր ձախողման մեղքը դնում Հայաստանի վրա՝ հայտարարելով, թե ամեն ինչ կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Թե՞ ամեն ինչ արդեն կանխորոշված է, և խնդիրն ընդամենը «էս գլխից» մեղավորներ նշանակելն է։ 

Հ․ Գ․ Առաջիկա եռակողմ հանդիպման կարևորագույն հարցերից մեկն էլ լինելու է այն, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կկարողանա կամ համարձակություն կունենա «Արևմտյան հարթակներից» հրաժարվելու շուրջ առևտրում ներառել նաև բուն Արցախի հարցը և փաստաթղթավորված արձանագրել, որ այդպիսի խնդիր այնուամենայնիվ կա և պիտի լուծվի միջազգային մեխանիզմներով։ Ինչ-ինչ, բայց այս հարցում մեր և Ռուսաստանի շահերը հաստատ համընկնում են։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   940 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ