...

Խաղաղություն եմ ծախում․ սարքովի

Խաղաղություն եմ ծախում․ սարքովի

Սահմանադրությունը փոխելու հարցում իշխանությունների պահվածքը, մեղմ ասած, տարօրինակ է։ Ինչպե՞ս պիտի վարվեր Նիկոլ Փաշինյանը, եթե Ադրբեջանը պահանջեր փոխել Հայաստանի Սահմանադրությունը, ու նա որոշում ընդուներ կատարել այդ պահանջը։ Ճիշտ է, պիտի սովորության համաձայն խաբեր ժողովրդին ու հարցն այնպես ներկայացներ, թե իբր իր այդ որոշումն Ադրբեջանի հետ ընդհանրապես կապ չունի, նրանք նման բան չեն էլ պահանջում, իսկ ինքը դա անում է բացառապես Հայաստանի շահերից ելնելով։ Բայց Նիկոլ Փաշինյանն այս անգամ հակառակ ձևով վարվեց՝ հայտարարեց, թե նոր Սահմանադրությունը մեզ պետք է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նկատառումներով, այսինքն՝ վճռորոշն արտաքին գործոններն են։ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին խոստովանեց, թե դե հա, Ադրբեջանն այդպիսի պահանջ է առաջ քաշում։ Ո՞րն է այս տարօրինակ «անկեղծության» պատճառը։

Բանն այն է, որ Ալիևն իսկապես էլ պահանջել է, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը, բայց այդ պահանջի նպատակն ամենայն հավանականությամբ ոչ թե ՀՀ Սահմանադրության փոփոխության հասնելն է, այլ մերժում ստանալը, որպեսզի «խաղաղության համաձայնագիրը» չստորագրելու լրացուցիչ հիմնավորում ունենա՝ իբր «ինչո՞ւ պիտի խաղաղություն հաստատենք մի երկրի հետ, որի Սահմանադրության մեջ անուղղակիորեն տարածքային պահանջներ կան հարևանների նկատմամբ, ու իրենք էլ չեն ցանկանում փոխել այդ Սահմանադրությունը»։ 

Իսկ Նիկոլ Փաշինյանին անպայման պետք է փոխել Սահմանադրությունը, բայց՝ առաջին հերթին ներքաղաքական նպատակներով։ Նրա համար ամենակարևորը իշխանությունների ձևավորման մեխանիզմը փոխելն է, պարզ ասած՝ «կայուն մեծամասնության» սկզբունքը վերացնելն ու այնպիսի մեխանիզմ ներդնելը, որն իրեն հնարավորություն կտա ցանկացած պարագայում պահպանել իշխանությունը՝ անգամ 15-20 տոկոս ձայն ստանալով (դրա համար բավական կլինի ընդամենը տարբեր մեխանիզմներով ու «մուտիլովկաներով» հասնել նրան, որ մյուս ուժերը չկարողանան կոալիցիա ձևավորել)։ Բայց նա հո չի՞ կարող բաց տեքստով հայտարարել, թե «գիտե՞ք, Սահմանադրությունը փոխում եմ, որ մինչև կյանքիս վերջը վարչապետ մնամ»։ Դրա համար էլ հարցն այնպես է ներկայացնում, թե դա, այո, Ադրբեջանի պահանջն է, առանց այդ պահանջը կատարելու «խաղաղության դարաշրջանը» գլուխ չի գա, «հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դուք հանրաքվեի ժամանակ ոչ թե իմ իշխանությունը հավերժացնելու օգտին եք քվեարկելու, այլ ընտրություն եք կատարելու պատերազմի և խաղաղության միջև»։ 

Սա, ի դեպ, նոր տրյուկ չէ։ 2015-ին էլ սահմանադրական փոփոխություններն իբր հեչ կապ չունեին նախագահական երրորդ ժամկետի արգելքի հաղթահարման հետ, Սերժ Սարգսյանն էլ նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո հայտարարեց, թե համաձայնվել է ստանձնել վարչապետի պաշտոնը ոչ թե իշխանությունը պահպանելու ցանկությունից դրդված, այլ բացառապես արցախյան խնդրի կարգավորումն ավարտին հասցնելու նպատակով։ Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանի այդ «տրյուկը» ձախողվեց․ մարդիկ հասկացան, որ իրենց խաբում են։ Նույնն էլ կարող է Նիկոլ Փաշինյանի դեպքում լինել, եթե մարդիկ հասկանան, որ «Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխելն» ընդամենը քարոզչական պատրվակ է, իրականում դա ավելի շատ ոչ թե Ադրբեջանին է պետք, այլ Նիկոլին՝ սեփական իշխանությունը ցմահ դարձնելու համար։ 

Իսկ Ադրբեջանը, անգամ ՀՀ Սահմանադրության «խնդրահարույց» հոդվածները հանելուց հետո, հաստատ որևէ նոր պատրվակ կգտնի «խաղաղության համաձայնագիրը» չստորագրելու համար ու կշարունակի զիջումներ կորզել սեփական իշխանությունն ամրապնդած Նիկոլից։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ