...

Տարածաշրջանի ամենալեգիտիմ պատուհասը

Տարածաշրջանի ամենալեգիտիմ պատուհասը

Երևանի կենտրոնում միանգամից մի քանի տասնյակ հազար մարդկանց ներկայությունից սարսափահար ՔՊ-ականներն ավելի խելացի բան չէին կարողացել մտածել, քան սոցկայքերում շեֆի պատկերը տարածելը՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Պատվերը, անկասկած, հենց շեֆն էր իջեցրել՝ դրանով իսկ ցույց տալով, որ իր հրաժարականը պահանջողների դեմ ամենահզոր փաստարկը համարում է սեփական լեգիտիմությունը (ինչը ենթադրում է նաև, որ իրեն հրաժարական պարտադրելու ցանկացած քայլ ոչ լեգիտիմ է, հետևաբար՝ ապօրինի, ուստի ցանկացած ուժային հակազդեցություն կլինի միանգամայն օրինական)։

Իսկապե՞ս Նիկոլ Փաշինյանը ՀՀ լեգիտիմ վարչապետն է։ Քանի որ գոյություն ունի լեգիտիմության երկու տեսակ՝ ձևական և իրական, արժե քննարկել առանձին-առանձին։

Ձևականորեն Նիկոլ Փաշինյանը գուցե իսկապես էլ լեգիտիմ է, որովհետև 2021 թ․ ընտրությունների ժամանակ ամենաշատ ձայներն է ստացել։ Բայց ուշադրություն դարձրեք՝ այդ տրամաբանությամբ 2017-ին էլ Սերժ Սարգսյանն էր լեգիտիմ, որովհետև ՀՀԿ-ն ամենաշատ ձայներն էր ստացել, ընդ որում՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը ճանաչել էր այդ ընտրությունների արդյունքները ու հրապարակավ հայտարարել այդ մասին, այսինքն՝ 2018-ի ապրիլ-մայիսին իշխանությունը չանթելով, Նիկոլը քրեական հանցանք էր գործել։ Երևի այսքանով էլ այս թեման փակենք, որովհետև եթե շարունակենք՝ դրանով իսկ կուրվագծենք այն քրեական հոդվածներից առնվազն մեկը, որով Նիկոլը վաղ թե ուշ կանգնելու է իր իսկ անոնսած գնդակահարության պատի տակ։

Հիմա՝ իրական լեգիտիմության մասին։ Անիմաստ է ևս մեկ անգամ հիշեցնելը, որ երեք տարի առաջ Նիկոլը խոստանում էր Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա, «անջատում հանուն փրկության» և այլն, իսկ այդօրինակ խաբեություններով ընտրվածն իրական լեգիտիմություն չունի։ Խոսքն այդ մասին չէ, խոսքն այն մասին է, որ իրական լեգիտիմությունը հանրության մեծամասնության աջակցությունն է, ու եթե Արցախը կործանելուց ու Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկելուց հետո Նիկոլն ինքն իրեն լեգիտիմ է հռչակում՝ դրանով իսկ ամբողջ աշխարհին իրավիճակը ներկայացնում է այնպես, թե ահա ՀՀ բնակչության մեծամասնությունը լավ էլ ճիշտ է համարում Արցախն ադրբեջանական հռչակելն ու հայկական ներկայությունն այնտեղ վերացնելը, մեր անցյալն ու պատմական հիշողությունը կեղծիք համարելը, ցեղասպանությունից հրաժարվելը, և այսպես շարունակ։ Հասկացա՞ք։ Մարդն ինքն իրեն լեգիտիմ հռչակելով՝ իր բարբաջանքներն էլ է լեգիտիմ հռչակում։

Ընդ որում՝ գուցե իրեն թվում է, թե այդպիսով ընդամենը իր «օղլուշաղի» օրվա հացն է ապահովում (քյաբաբը՝ «իրա ամեն ընչով», ադամանդակուռ ափսեի վրա, «Շատո Լաֆիտ» գինիով, բայց սոխն ու կանաչին առանձին), մինչդեռ իրականում նա հանուն սեփական լեգիտիմ լափի (թեկուզ՝ «իրա ամեն ընչով») փաստացի ապօրինի է հռչակում այն ամենը, հանուն ինչի ապրել ու պայքարել է մի ողջ ժողովուրդ՝ նախքան իր հայտնվելը։ Նա ոչ լեգիտիմ կամ ապօրինի է հռչակում ղարաբաղյան առաջին պատերազմը և այդ պատերազմում մեր տարած հաղթանակը, հայ մարդու՝ ՀՀ տարածքից դուրս ապրելու իրավունքը, ցեղասպանության որևէ հիշատակում, հայոց պատմության որևէ դրվագի հիշատակում, որը կարող է վիրավորել հարևան ժողովուրդների ազգային արժանապատվությունը, և այսպես շարունակ։

Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է իրեն ծուղակի մեջ դրել։ Որովհետև նրանք, ովքեր իրեն լեգիտիմ են համարում, լեգիտիմ են համարում նաև նրա բերած աղետները։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   811 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ