...

2. Պատուհասապետության հաջողության նախադրյալները․ մեծ խաբեություն

2. Պատուհասապետության հաջողության նախադրյալները․ մեծ խաբեություն

Պատուհասապետության անխուսափելիության երկրորդ կարևոր նախապայմանն ընտրակեղծիքների՝ երկու տասնամյակ շարունակ կատարելագործվող համակարգն էր։ Եթե 90-ականների վերջերին ամենաարդյունավետը սովորական լցոնումներն էին (օրինակ՝ որևէ ընտրատեղամասում լույսը մի քանի րոպեով անջատվում էր, ու ինչ-որ մարդիկ տրցակներով քվեաթերթիկներ էին լցնում արկղի մեջ), ավելի ուշ սկսեց աշխատել «կարուսելը», «տասովշիկների» ինստիտուտը (նրանք մարդկանց ցուցակներ էին կազմում ու ընտրակաշառք բաժանում՝ մեկ ձայնի դիմաց 5-20 հազար դրամ), ժամկետային զինծառայողներին ավտոբուսներով տեղամասից տեղամաս քշելը (վերահսկելը բավականին բարդ էր), սովորական թվանկարչությունը և այլն, իսկ այդ ամենի «թվաբանական ռեսուրսն» այն էր, որ մի քանի հարյուր հազար ընտրողներ գրանցված էին Հայաստանում, բայց փաստացի գտնվում էին Հայաստանից դուրս։ 

Այդպիսով՝ ցանկացած համապետական ընտրության ժամանակ իշխանություններն առնվազն մի քանի հարյուր հազար ձայնի մեկնարկային առավելություն ունեին ընդդիմության նկատմամբ, ու այդ խոչընդոտը հաղթահարելը գործնականում անհնար էր։ Դատական ատյաններին դիմելն անիմաստ էր՝ դատարանները պարզապես դակում էին իշխանական կաբինետներում գրված որոշումները, իսկ բողոքի ակցիաները ճնշվում էին ուժի կիրառմամբ։ Ամենացցուն օրինակը 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ալիքն էր, որն ավարտվեց մարտի լույս 2-ի գիշերը՝ տասը հոգու սպանությամբ ու հարյուրավոր մարդկանց ձերբակալություններով։

Իշխանությունների ինքնավստահությունն այնտեղ էր հասել, որ հաճախ պարզապես ծաղրում էին ընդդիմությանը՝ հայտարարելով, թե առնվազն դեռ մի քանի տասնամյակ դեպի իշխանություն տանող ճանապարհն անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով (որտեղ ՀՀԿ կենտրոնական գրասենյակն է)։ Նման մթնոլորտում հասարակության՝ երբևէ ավելի որակյալ իշխանություններ ունենալու միակ հույսը մնում էր այն, որ նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո Սերժ Սարգսյանն իրավունք չի ունենալու առաջադրվել, հետևաբար՝ Հայաստանն այսպես թե այնպես նոր նախագահ է ունենալու։ Բայց նա որոշեց փոխել Սահմանադրությունը և Հայաստանը դարձնել խորհրդարանական հանրապետություն։ Ու որպեսզի հանրաքվեն ավելի հեշտությամբ անցկացնի՝ հայտարարեց, թե նախագահական ժամկետի ավարտից հետո չի պատրաստվում զբաղեցնել ոչ վարչապետի, ոչ ԱԺ նախագահի պաշտոնը։ Բայց նույնիսկ այդ պայմաններում ձևավորվեց «ոչ»-ի շարժում, և հանրաքվեն անցավ բացահայտ կեղծիքներով։ ՀԱԿ-ը դիմեց Սահմանադրական դատարան ու արդյունքի չհասավ, իսկ նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում տարբեր «բոնուսներով» ԱԺ-ում մեծամասնություն կազմեց, Սերժ Սարգսյանն էլ վարչապետ դարձավ՝ հայտարարելով, թե ժամանակին իրեն սխալ են հասկացել։

Հանրության համար նման բացահայտ խաբեբայությունը շոկ էր։ Փաստորեն ժողովրդին բաց տեքստով ասվեց՝ «վերջ, այլևս իշխանափոխության հույս չունենաք ոչ ընտրությունների ճանապարհով, ոչ էլ պետության ղեկավարի՝ երկու ժամկետներով սահմանափակվելու օրենսդրական պահանջի հիմքով»։ Ու հենց այս ուղերձով էլ իշխանությունները մարդկանց փաստացի ստիպեցին փողոց դուրս գալ, որովհետև մյուս բոլոր դռները փակել էին։

Հետագայում Նիկոլ Փաշինյանն առանց համապետական ընտրությունների վերցրեց իշխանությունը՝ շանտաժով ստիպելով, որ ԱԺ-ն իրեն վարչապետ ընտրի, հաճույքով հագավ «Սերժ Սարգսյանի վրայով կարված կոստյումը», պետական բոլոր հիմնարկներում Սերժ Սարգսյանի լուսանկարներին փոխարինեցին Նիկոլ Փաշինյանի լուսանկարները, ՔՊ կենտրոնական գրասենյակն էլ Մելիք-Ադամյան փողոցի ՀՀԿ գրասենյակի կողքին է։

Մարկ Նշանյան

Շարունակելի

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ