...

Ձախողումները ժողովրդի «ջեբը գցելու» նուրբ արվեստը

Ձախողումները ժողովրդի «ջեբը գցելու» նուրբ արվեստը

Եվ այսպես, տրանսպորտի թանկացման նախագիծը հանվել է Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգից։ Բայց «բուռն, երկարատև ծափահարություններից» առաջ փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։

Երևանում հանրային տրանսպորտի վիճակն աղետալի է։ Իշխանություններն անընդհատ ինչ-որ խոստումներ են տալիս, «մահվան գազելները» փոխարինում են «կոռուպցիոն ավտոբուսներով», մի խոսքով՝ «բարեփոխումներ են իրականացնում», բայց ինչքան «բարեփոխում են»՝ այնքան վիճակը վատանում է։ Ու բնականաբար, իշխանությունները պիտի կարողանան պատասխանել ցանկացած պարագայում իրենց համար ամենակարևոր հարցին՝ ինչպե՞ս արդարանալ և մեղքը բարդել ուրիշների վրա։ Եվ պատկերացրեք՝ լուծումը գտնվում է։ Շրջանառության մեջ է դրվում «միասնական տոմսային համակարգի ներդրման» այնպիսի տխմար նախագիծ, որի դեմ բողոքում են անգամ ամենաիշխանամետները։ Ընդ որում՝ տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունները միտումնավո՛ր են ընտրել հնարավոր ամենատխմար և ամենալկտի նախագիծը, որպեսզի դրա դեմ հնարավորինս շատ մարդ բողոքի։ Զուգահեռաբար էլ մի քանի օր շարունակ գովազդել են այդ տխմարությունը՝ այն տրամաբանությամբ, թե «եթե ուզում եք ժամանակակից տրանսպորտային համակարգ ունենալ՝ սա է, ուրիշ ձև չկա»։ Որպեսզի հետո կարողանան, օրինակ, ասել «դե լավ, համոզեցիք, միասնական ուղեվարձն ընդամենը 180 դրամ ենք դարձնում, բայց՝ էլ չբողոքեք, թե ինչու վիճակը չբարելավվեց, դրա համար դո՛ւք եք մեղավոր, որովհետև այ էն նախնական տարբերակին չհամաձայնվեցիք»։ Արդյունքում՝ կստացվի, որ տրանսպորտը համարյա կրկնակի թանկացավ, վիճակը չբարելավվեց, մեղավորն էլ ժողովուրդն է։

Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Ճիշտ այդպես ժամանակին Քովիդի դեմ պայքարի շրջանում իշխանությունները ժողովրդից մի քանի տասնյակ միլիոն դոլար քերթեցին ՊՇՌ թեստերի համար, ևս մի քանի միլիոն՝ տուգանքներով, իսկ խայտառակ արդյունքների համար, միևնույն է, մեղավոր հռչակվեցին «դիմակ չկրող և չլվացվող քաղաքացիները»։ Ճիշտ այդպես 44-օրյա պատերազմում կրած պարտության համար մեղավոր հռչակվեցին 11 հազար «իրական» և մի քանի հարյուր հազար պոտենցիալ դասալիքները, որոնք չցանկացան «զրահաբաճկոններ ճարել, ջոկատներ կազմել, գնալ առաջնագիծ և հաղթել»։ 

Նույն հնարքն էլ, ի դեպ, կիրառվում է նաև նոր Սահմանադրության շուրջ ծավալված քննարկումների դեպքում։ Ոչ մեկին տարօրինակ չի՞ թվում, որ Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, թե եթե Սահմանադրությունը չփոխենք՝ նոր պատերազմ է լինելու, ու միաժամանակ իր իսկ ցինիկ ձևակերպումներով այնպիսի բացահայտ հակագովազդ է իրականացնում այդ նույն «նոր Սահմանադրության» համար, որ ակնհայտ է դառնում՝ դիտմամբ անում է ամեն ինչ, որպեսզի դրա դեմ հնարավորինս շատ մարդ բողոքի։ Ինչո՞ւ։ Որովհետև գիտի, որ իր արկածախնդիր քաղաքականության արդյունքում նոր պատերազմի հավանականությունն այսպես թե այնպես չափազանց մեծ է, բայց «զատո» ինքը հետագայում կկարողանա արդարանալ, թե «ժողովուրդ ջան, դո՛ւք եք մեղավոր, նոր Սահմանադրություն չուզեցիք՝ պատերազմ եղավ»։ 

Այնպես որ՝ չզարմանաք, եթե հանկարծ ինչ-որ իքս պահի հայտարարվի, թե «հանրային լայն քննարկումների» արդյունքում իշխանությունները որոշել են առժամանակ հետաձգել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացը։ Հետո, իհարկե, «խոսույթը» մի քիչ կմեղմացնեն, Սահմանադրությունն այնուամենայնիվ կփոխեն, բայց՝ օրինակ, զինանշանին ձեռք չեն տա ու դա կներկայացնեն որպես փոխզիջում, իսկ «խաղաղության օրակարգի» ձախողման համար այնուամենայնիվ մեղավոր կհռչակեն ժողովրդին, որը «հիմարաբար» չցանկացավ հրաժարվել իր անցյալից ու ինքնությունից՝ հանուն չերաշխավորված ու մշուշոտ ապագայի։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3556 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ