Հասկանալի պատճառներով՝ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը քչերն են նայել։ Բայց տեքստն ուշադիր կարդալ հաստատ արժե, որովհետև իրականում դա բավականին լուրջ քաղաքական ելույթ էր, և երկրորդ՝ վստահաբար, տեքստն անձամբ ինքն էր գրել։
Իսկ ինչի՞ մասին էր այդ ուղերձը։ Առանցքային միտքը հետևյալն էր՝ «2024 թվականին ձևավորվեց և այսօր, հիմա յուրաքանչյուրիդ առաջ է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը․․․»։ Բայց մի րոպե, իսկ ինչո՞ւ է այդ գաղափարախոսությունը ձևավորվել միայն 2024-ին՝ իր պաշտոնավարման 7-րդ տարում։ Ճիշտ է, որովհետև 2023-ին դեռ կար հայաբնակ Արցախ, այսինքն՝ դեռ կար «մեր պետականության վզին կապված այդ պարանը», հետևաբար՝ ինքը չէր կարող փայլաթիթեղից կտրված քարտեզը թափահարել տեսախցիկների առջև ու խոսել Իրական Հայաստանի գաղափարախոսության մասին։ Իսկ 2024-ին արդեն կարող էր։
Բայց որպեսզի մարդիկ հանկարծ փիս-փիս բաներ չասեն այդ գաղափարախոսության մասին՝ նույն ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «ուղիղ եմ ուզում ասել, առանց Իրական Հայաստանի գաղափարախոսության խաղաղության օրակարգի իրագործումն անհնար է»։ Այսինքն՝ այլ տարբերակ չկա, կամ իմ հորինած գաղափարախոսությունն է (այլ կերպ ասած՝ ես եմ ձեր վարչապետը), կամ՝ պատերազմ։ Լավ, իսկ ինչո՞ւ է նրան թվում, թե խաղաղության օրակարգն իրատեսական է։ Նիկոլ Փաշինյանը նաև դա «հիմնավորեց»՝ հիմա մարդկանց դա անհնար է թվում, բայց 2018-ին էլ իշխանափոխությո՛ւնն էր անհնար թվում, իսկ իրենք իրականացրեցին։ Չեք հավատա, բայց ուղերձում այլ «հիմնավորում» չկար, միայն դա էր։ Ճիշտ է, հենց ինքն էլ ասում է, որ «խաղաղության օրակարգի պարագայում իրավիճակը, իհարկե, նույնը չէ, որովհետև դրա իրագործումը կախված է ոչ միայն մեր ժողովրդից ու կառավարությունից, բայց․․․»։ Էլ ի՞նչ բայց։ Դա նույնն է, թե ինչ-որ ժուլիկ մետրոյի անցումի տակ մատնոց «ֆռցնելով» հաջողացնի չանթել «գեղի Opel-ով Երևան եկած որևէ համբալի» վերջին 5 հազար դրամը, ու համարի, որ վերջ, ճիշտ է, «իրավիճակը, իհարկե, նույնը չէ», բայց ինքը հիմա արդեն հանգիստ կարող է տուն-տեղը ծախել ու Նյու-Յորքի ֆոնդային բորսայում միլիարդատեր դառնալ։
Մի հետաքրքիր միտք է՛լ կար ուղերձում․ «մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը, ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք»։ Որևէ բան հասկացա՞ք։ Այդ ինչպե՞ս պիտի մենք միաժամանակ և՛ պահպանենք ու փայփայենք մեր արժեքները, և՛ փոխվենք ու վերափոխվենք։ Եթե Նիկոլ Փաշինյանի ուղերձն իսկապես ազնիվ լիներ՝ նա պիտի ասեր «մենք չպե՛տք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքներն ու մեր ինքնությունը, մենք պիտի փոխվենք ու վերափոխվենք»։ Կամ էլ՝ իրականում նրա ասածը հետևյալն էր․ «մենք պիտի փոխվենք ու վերափոխվենք, այսինքն՝ պիտի վերանայենք մեր արժեքներն ու ինքնությունը»։ Սա, ի դեպ, հենց այն է, ինչով զբաղված են իշխանությունները։
Մարկ Նշանյան
Հ․Գ․ Ի դեպ՝ ուղերձում, որպես 2024-ին տեղի ունեցած դրական իրադարձություն, միայն մի կոնկրետ օրինակ էր բերված՝ «սահմանազատված Կիրանցը», այսինքն՝ այն միակ իրադարձությունը, որի արդյունքում փաստացի տարածքային զիջումներ ենք ունեցել։