Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը փորձել է հիմնավորել «պետական բյուջեն ընտանեկան բյուջե է» միտքը (նկատի ունենալով ոչ միայն իր, այլև բոլորի ընտանիքները) ու հայտարարել է, թե «ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետական բյուջեն»։
Ցավոք, իրականությունը ճիշտ հակառակն է և կարելի է ձևակերպել այսպես․ «ՀՀ ոչ մի ընտանիքում ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի վրա այնքան գումար չի ծախսվում, որքան հարկերի տեսքով վճարվում է պետական բյուջեին»։ Ընդ որում՝ սա հիմնավորելը շատ հեշտ է։ Ենթադրենք՝ 4 հոգանոց ընտանիք է, որտեղ ընտանիքի հայրն աշխատում է և ստանում 400 հազար դրամ աշխատավարձ։ Դրա առնվազն 30 տոկոսը, եթե ոչ ավելին, տարբեր հարկատեսակներով լցվում է բյուջե, այսինքն՝ 120 հազարը վճարվում է որպես հարկ, տակը մնում է 280 հազար, որն էլ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով կազմում է 70 հազար։ Այլ կերպ ասած՝ միջին վիճակագրական ընտանիքը բյուջեին վճարում է 120 հազար, իսկ իր անդամներից յուրաքանչյուրի վրա ծախսում է ընդամենը 70 հազար՝ համարյա կրկնակի պակաս։
Բայց Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, այդքանով չի սահմանափակվել և կառավարության նիստում ( ! ) սկսել է խոսել նաև այն մասին, որ ահա իրենք ճանապարհներ են սարքում՝ դրանց արդյունքում մարդկանց կոշիկներն ուշ-ուշ են մաշվում, ու դա է՛լ է շահույթ, իրենց տների գները բարձրանում են, ու իրենք իրենց տներում նստած՝ լրացուցիչ շահույթ են ստանում, որովհետև առաջ 500 հազարանոց տանն էին ապրում՝ հիմա 550 հազարանոց տանն են ապրում, և այլն։ Սա, համաձայնվեք, ֆենոմենալ տնտեսագիտական հայտնագործություն է․ փաստորեն գնաճը բարձրացնում է մարդկանց կենսամակարդակը, ու ինչքան շեշտակի լինի այդ գնաճը՝ այնքան շեշտակի կլինի նաև կենսամակարդակի աճը։ Օրինակ՝ եթե սննդամթերքը կրկնակի թանկանա, մարդիկ «իրենց համար տանը նստած» երկու անգամ ավելի լավ կապրեն, որովհետև օրական ոչ թե 100, այլ 200 դրամի կարտոֆիլ կուտեն, եթե հագուստն ու կոշիկը նույնպես թանկանան՝ մարդիկ «կհարստանան», որովհետև կպարզվի, որ իրենց հագինը ոչ թե 10, այլ 20 հազար դրամանոց կոշիկ է, և այլն։ Ճիշտ է, նրանց կերածն էլի օրական նույն մեկ հատ կարտոֆիլը կլինի, իսկ հագածը՝ նույն չինական անորակ կոշիկը, բայց զուտ «վիճակագրորեն» նրանք երկու անգամ ավելի հարուստ կլինեն։
Ինչևէ։ Անհամբեր սպասում ենք կառավարության հաջորդ նիստին՝ հույս ունենալով, որ վերջապես շահագրգիռ քննարկում կծավալվի լվացքի պարաններից գուլպաները կախելու հերթականության չափորոշիչները հստակեցնելու, ինչպես նաև դրանց խախտման դեպքում կիրառվելիք տուգանքների սահմանաչափերը ճշտելու վերաբերյալ։
Մարկ Նշանյան