Թուրքիան Սիրիայի կլանումից հետո պաշտոնապես հաջորդ թիրախ է հռչակում «Զանգեզուրի միջանցքը», Ադրբեջանը փաստացի կասեցնում է բանակցային գործընթացն ու հայտարարում «Արևմտյան Ադրբեջանը» վերադարձնելու անխուսափելիության մասին, Ռուսաստանից բաց տեքստով ասում են, որ եթե Հայաստանը «խելքը գլուխը չհավաքի»՝ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի, իսկ Հայաստանի առաջին դեմքն այդ ընթացքում հասարակությանը տեղեկացնում է, որ սափրվելիս կամ ատամները լվալիս պետք է ծորակը բացել-փակել (ո՞ւմ մտքով կանցներ), Աննա Հակոբյանն էլ, պարզվում է, «կադաստրի վկայական» չունի։
Կարելի է, իհարկե, Նիկոլ Փաշինյանի այս մեղմ ասած՝ տարօրինակ վարքագիծը մեկնաբանել որպես գռեհիկ պոպուլիզմ կամ հանրության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից շեղելու պարզունակ փորձ, բայց իրականում սա լավ մտածված ներքաղաքական ռազմավարություն է։ Ի վերջո նրա նպատակն այն չէ, որ մարդկանց ցույց տա, թե տեսեք՝ ես ձեզ նման սովորական մարդ եմ, «պեռաշկի» եմ ուտում, ամեն օր սափրվում եմ, Աննան կանաչ լոբի է մաքրում, և այլն։ Նրա նպատակն է՝ ցույց տալ, թե իբր մեր հասարակությանը ամենաշատը հենց դա՛ է հետաքրքրում, դրա համար էլ վկայակոչում է իր ֆեյսբուքյան «գնդակահարության պատի տակ» բարձրացված հարցադրումները։ Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ոչ այնքան իր կենցաղն է կեղծում, որքան հանրային մտածողության առաջնահերթությունները։ Իբր՝ տեսեք, մարդկանց ոչ Ղարաբաղն է հետաքրքրում, ոչ Հայաստանի ամայի-անբնակ սարերը, ոչ անվտանգային սպառնալիքները, մարդիկ համարում են, որ Ղարաբաղի հարցը փակված է, Հայաստանի սահմաններն ապահով են, Ալմա-Աթայի հռչակագիրն ու Կիրանցի դպրոցի դիմաց տնկված ծառերն այդ հարցը լուծել են, հետևաբար՝ ինքն էլ, որպես ժողովրդավարության բաստիոնի առաջնորդ, կարիք չունի այդ հարցերով պարզաբանումներ տալ «սիրելի ժողովրդին», ու խոսում է միայն այն հարցերի մասին, որոնք հետաքրքրում են մարդկանց։
Ուշադրություն դարձրեք՝ քարոզչական այս ռազմավարությունը ոչ միայն նորություն չէ, այլև բավականին լավ է աշխատում հատկապես տիտղոսակիր ընդդիմության դեմ, որովհետև վերջիններս հայտնվել են 20 տարի շարունակ իրենց իսկ սարքած ծուղակում։ 20 տարի շարունակ հենց նրանք էին ասում, որ Ղարաբաղի հարց չկա, այն վաղուց լուծված է, ու հենց դա էլ 2018-ին Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տվեց հարյուր հազարավոր մարդկանց տանել իր ետևից՝ առանց մեկ բառ իսկ ասելու այն մասին, թե ինչպե՞ս է պատրաստվում լուծել Ղարաբաղի հարցը։ Դե իհարկե, եթե 20 տարի շարունակ մարդկանց ներշնչել էին, որ այդպիսի հարց չկա, էլ ի՞նչ կարիք կար անդրադառնալ դրան, կարելի էր ինչի մասին ասես «ամբախ-զամբախ խոսել» ու հասնել հաջողության։
Հիմա նույն հնարքը կիրառում է Նիկոլ Փաշինյանը, բայց՝ արդեն ոչ թե Արցախի, այլ Հայաստանի գլխին կախված անվտանգային սպառնալիքների մասով։ Պարզապես մարդկանց ներշնչում է, որ պետք է ընդամենը հրաժարվել ամեն ինչից ու կատարել «բարեկիրթ հարևանների» բոլոր պահանջները, և վերջ․ արտաքին սպառնալիքների հարց չկա, դրանք չեզոքացված են։ Դե եթե չեզոքացված են՝ էլ ի՞նչ կարիք կա խոսել դրանց մասին, բերեք հեծանիվից խոսենք, կանաչ լոբի մաքրելուց, սափրվելուց, «լվա ինքդ» կետերից, ՔՊ-ականների բարեվարքությունից (ներողություն անհամատեղելի հասկացությունները նույն բառակապակցության մեջ օգտագործելու համար), և այլն։
Մարկ Նշանյան
Հ․ Գ․ Էյնշտեյնի ձևակերպմամբ՝ դասական հիմարությունն այն է, երբ մարդիկ կատարում են նույն գործողությունը և ակնկալում այլ արդյունք։ Մեր դեպքում՝ պրոբլեմն այն է, որ Նիկոլ Փաշինյանի «արտաքին անվտանգային սպառնալիքները չեզոքացրել ենք» պնդումը կարող է նույն հետևանքն ունենալ, որն արձանագրվեց նախկինների՝ «Ղարաբաղի հարցը լուծել ենք» պնդման արդյունքում։