...

Սափրվելն է՛լ չօգնեց․ опять двойка


Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արտասանած հերթական «կոնցեպտուալ» ելույթը, իհարկե, դեռ կհասցնի հայհոյանքների հերթական ալիքը բարձրացնել, ու բազմաթիվ նոր անեկդոտների (հիմնականում՝ 18+) թեմա կդառնա, բայց փորձենք ավելի լրջորեն մոտենալ մանիպուլյացիաների հերթական չափաբաժնին և ընդամենը երեք դիտարկում ներկայացնել։ 

Առաջին։ Նիկոլ Փաշինյանը, իբր փորձելով բացատրել իր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքերը, հայտարարեց, թե 2018-ին «Ղարաբաղը անկախ պետություն չէր, Ղարաբաղը Ադրբեջան չէր, Ղարաբաղը Հայաստան չէր, լա՛վ, բա ի՞նչ էր»։ Ու քանի որ դա արեց գավառական դերասանի չափազանցված ժեստիկուլյացիայով ու համարյա անկեղծ տարակուսանքով՝ երևի արժե այդ հարցին պատասխանել (մարդ ես, գուցե իսկապես էլ չգիտի)։

Արցախը (ԼՂՀ-ն) միջազգայնորեն չճանաչված պետական կազմավորում էր, որը միջազգային հանրությանը որպես անկախ պետություն ճանաչվելու հայտ էր ներկայացրել, և միջազգային հանրությունը, համապատասխան կառույցներով (օրինակ՝ ԵԱՀԿ), ոչ միայն ընդունել էր այդ հայտը, այլև սահմանել դրա քննարկման հարթակը և որոշում ընդունելու մեխանիզմները։ Պարզ ասած՝ ԼՂՀ-ն «անկախ պետության թեկնածու» էր։ Կան, չէ՞, այդպիսի կարգավիճակներ․ օրինակ՝ ԵՄ անդամության թեկնածու, ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու, և այլն, ընդ որում՝ թեկնածուները կարող են նաև երբևէ լիարժեք անդամներ չդառնալ, բայց թեկնածու լինելն ինքնին արդեն կարգավիճակ է։ ԼՂՀ-ն հենց այդ կարգավիճակն ուներ մինչև Հայաստանի իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանի հայտնվելը, և միայն նրա իշխանավարման օրոք նախ կորցրեց այդ կարգավիճակը, ապա և ընդհանրապես վերացավ։

Երկրորդ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը՝ առաջնորդվել «միայն և միայն» (մի 7-8 անգամ կրկնեց) միջազգային օրենքներով և մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս բացարձակապես որևէ շահ չհետապնդել։ Հետաքրքիր է՝ պրն Փաշինյանը տեղյա՞կ է, որ միջազգային օրենքներով շատ հստակ սահմանված է նաև ինքնորոշման իրավունքը։ Եվ եթե տեղյակ է, ինչո՞ւ այդ մասին ընդհանրապես ձայն-ծպտուն չի հանում։

Երրորդ։ Խոսելով արտագաղթի մասին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դրա 90 տոկոսի պատճառն անվտանգության խնդիրներն են, իսկ բոլոր մյուս հարցերը՝ սոցիալ-տնտեսական խնդիրներ, գործազրկություն, բիզնեսի վարման դժվարություններ, ծանր հարկեր, արդարության պակաս և այլն, ընդամենը 10 տոկոսն են կազմում։ Իյա՛, իրո՞ք։ Միայն մի հարց տանք՝ ի՞նչ հետազոտությունների հիման վրա է «մեծարգոն» այդպիսի եզրակացության հանգել։ 

Հա, ի դեպ՝ որպես իր վարած անվտանգային քաղաքականության հաջողության ապացույց Նիկոլ Փաշինյանը մի զորավոր փաստարկ ներկայացրեց։ Այն է՝ Հայաստանը դեռ որպես անկախ պետություն գոյություն ունի, ինքն էլ դեռ վարչապետ է։ Սա՝ որպես ուղերձ բոլոր նրանց, ովքեր կցանկանան, որ ինքն այլևս վարչապետ չլինի։ Այդպես էլ իմացեք, քանի Հայաստանը կա՝ ինքը վարչապետ է լինելու, իսկ հենց որ ինքը վարչապետ չլինի՝ Հայաստանն անկախությունը կորցնելու է։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   227 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ