...

Պաշտոնանկությունների պատճառը՝ հանցավոր անգործություն

Պաշտոնանկությունների պատճառը՝ հանցավոր անգործություն

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պարզաբանել է, թե կոնկրետ ինչ քաղաքական խնդիր է դրվելու «Վոթսափյան ողբերգության» զոհերի փոխարեն նշանակվելիք նոր պաշտոնյաների առջև։ «Խնդիր է դրվելու լուծել առաջին հերթին արդարության հարցը, որպեսզի ՀՀ քաղաքացին համարի, որ կա ՀՀ-ում արդարություն», ասել է նա։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ փաստորեն ՔՊ-ական պատգամավորն ինքն է խոստովանում՝ նիկոլական իշխանության վեցուկես տարիների ընթացքում արդարության հարցն այդպես էլ չի լուծվել, ու նոր միայն պիտի փորձեն լուծել։ Ուշադրություն դարձրեք ձևակերպմանը․ խնդիրը ոչ թե Հայաստանում արդարություն հաստատելն է, այլ այն, որ քաղաքացին համարի, որ ՀՀ-ում արդարություն կա։ Այսինքն՝ խնդիրը ոչ թե իրավական է (հաստատել արդարություն), այլ քարոզչական (մարդկանց հավատացնել, որ այդ արդարությունը կա)։

ՔՊ վարչության փոխնախագահը, այսինքն՝ կուսակցությունում Նիկոլ Փաշինյանի տեղակալը, որը, ի դեպ, նաև պատգամավոր է և խորհրդարանում աչքի է ընկել մեկ այլ պատգամավորի քացի տալով, պարզաբանել է նաև, թե որն է արդարադատությունը։ Այն է՝ «բոլոր նրանք, ովքեր մեղավոր են, կրեն սահմանված իրենց պատիժը, և բոլոր նրանք, ովքեր անմեղ են, չկրեն ոչ մի պատիժ»։ Այս դարակազմիկ ձևակերպումը ենթադրում է, որ նոր նշանակվելիք պաշտոնյաները պիտի պատասխանատվության ենթարկեն «բոլոր նրանց, ովքեր մեղավոր են»՝ անկախ վերջիններիս զբաղեցրած դիրքից։ Ուշադրություն դարձրեք՝ վերջին 4 տարիների ընթացքում իր ունեցած հրապարակային ելույթներում Նիկոլ Փաշինյանն առնվազն 80-90 անգամ արտասանել է «այո, ես մեղավոր եմ» բառակապակցությունը, ընդ որում՝ այնպիսի առանցքային հարցերում, որոնցում այդ մեղավորությունն աղետալի հետևանքներ է ունեցել։ Օրինակ՝ որ կեսից չի կանգնեցրել 44-օրյա պատերազմը, մինչդեռ այդ դեպքում հետևանքները նույնը կլինեին, բայց՝ առանց զոհերի, որ ժամանակին (մինչև 44-օրյա պատերազմը) համարձակություն չի ունեցել ժողովրդին ասել ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի և բանակցային գործընթացի մասին, որ տարիներ շարունակ չի հասկացել, թե «ժողովուրդն ինչ ուղերձ է հղում իշխանություններին», և այլն։ 

Մի խոսքով՝ մեղքերը կան, ապացույցները կան, տուժածները կան, ինքնախոստովանական ցուցմունքները կան, բայց չորս տարի է՝ Վահագն Ալեքսանյանի ասած «սահմանված պատժի կրումը» չկա։ Հետո էլ ասում եք՝ ինչո՞ւ պաշտոնանկ արվեցին իրավական ոլորտի պատասխանատուները։ Պատասխանն ակնհայտ է՝ հանցավոր անգործության համար։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   410 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ