...

Պետականություն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

Պետականություն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մեր ժողովրդի ենթագիտակցությունն ապապետական է, և «ապապետականությունն ամեն անկյունում է»։ Պարզ ասած՝ հասարակության այս որակով մենք անկախ պետականության արժանի չենք։

Եթե հասարակության որակի մասին դատելու լինենք ըստ համապետական վերջին ընտրությունների, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվեց, իսկ խորհրդարանում հայտնվեցին բացառապես այն երեք ուժերը, որոնք ուղղակիորեն մեղավոր էին պարտության, Արցախի կորստի և մեր ինքնիշխանության փաստացի փոշիացման համար, ապա նրա պնդման մեջ ճշմարտության հատիկ իսկապես կա։ Բայց նկատենք նաև, որ «ապապետականության», «իրական Հայաստանի», «անկախ պետականությունը բացառող» Հռչակագրի և նույնաբովանդակ այլ թեմաներով ճամարտակելով՝ Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ բացահայտում է, թե ինչպես է անձամբ ինքը պատկերացնում պետականությունն ընդհանրապես, և Հայաստանը՝ որպես անկախ պետություն։ Նրա պատկերացումները մոտավորապես այսպիսին են․

1․ Հայաստանի Հանրապետությունը տարածք է, որը կադաստրի թուղթ չունի, բայց այդ տարածքի պայմանական սահմանի բոլոր այն հատվածներում, որտեղ հարևանները թույլ են տալիս, կառուցում է բետոնե պատեր և փշալարեր։

2․ Այդ փշալարերից դուրս տեղի ունեցող որևէ իրադարձություն Հայաստանին չի հետաքրքրում։

3․ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդը պարտավոր է Հայաստանում իշխելու իրավունքը պատվիրակել Նիկոլ Փաշինյանին, իսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով այդպես չեն վարվում՝ ոչ միայն ապապետական են, այլև օտարերկրյա գործակալներ, և ենթակա են համապատասխան քրեաիրավական վերաբերմունքի։

4․ ՀՀ քաղաքացիները պարտավոր են․

 Ա․ Անտրտունջ վճարել հարկեր՝ այնքան, ինչքան կորոշեն իշխանությունները, որովհետև պետականությունը թանկ հաճույք է,

 Բ․ Մոռանալ, թե ծագումով որտեղից են իրենց ապուպապերը, և երբևէ չհիշատակել այդ մասին,

 Գ․ Անթափանց նյութերով փակել իրենց տների և բնակարանների բոլոր այն լուսամուտները, որտեղից երևում է Արարատ լեռը,

 Դ․ Ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից կամ հրապարակավ այնպիսի մտքեր հայտնելուց, որոնք կարող են զայրացնել կամ դժգոհություն առաջացնել հարևան երկրներում,

 Ե․ Պարբերաբար մասնակցել զանազան բարեգործական ընթրիքների (գործարար խավ),

 Զ․ Հեծանիվ քշել և մասնակցել տարբեր փառատոների (միջին խավ),

 Է․ Անիծել նախկիններին և պահանջել, որ իշխանություններն արագացված տեմպերով առգրավեն նրանց ապօրինի ունեցվածքը (սոցիալապես անապահով խավ), 

 Ը․ Հասարակական վայրերում ներկայումս հարևան երկրների տարածքում գտնվող աշխարհագրական տեղանուններ (օրինակ՝ Ղարաբաղ, Կիլիկիա, Արդահան, Սասուն և այլն) պարունակող երգեր լսելու փաստերի հայտնաբերման դեպքում ահազանգել Պարեկային ծառայության թեժ գիծ։

Այս ցանկը, իհարկե, կարելի է շարունակել, ընդ որում՝ ասվածի մեջ բացարձակապես հեգնանք կամ չափազանցություն չկա։ Ճիշտ է, այս «չափորոշիչները» դեռևս օրենսդրական ուժ չեն ստացել, բայց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հենց այսպես է պատկերացնում պետականությունը կամ «իրական Հայաստանը»։ Ու լրջորեն պնդում է, որ դրանից ցանկացած շեղում հանգեցնելու է մեր պետականության կորստին։ 

Բայց այդպիսի վիճակում սովորաբար լինում է գերության քշվողը, որի խզակոթին անընդհատ հասցնում են ավտոմատով ու զգուշացնում․ «մի քայլ աջ-մի քայլ ձախ՝ կրակում ենք առանց նախազգուշացման»։ Հետաքրքիր է՝ ո՞վ է մեր անկախ պետականությունը հասցրել այս օրվան։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   506 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ