...

Մեր խնդիրը ոչ թե բելառուսական, այլ հայկական «կոլխոզնիկն» է

Մեր խնդիրը ոչ թե բելառուսական, այլ հայկական «կոլխոզնիկն» է

Լուկաշենկոյի հայտարարություններն ալեկոծել են հայկական հանրային-քաղաքական դաշտը։ Արձագանքները ծայրահեղ հակադիր են․ Նիկոլ Փաշինյանից զզվածներն ասում են «հա, բայց մարդը 100 տոկոս ճիշտ ա ասում», նիկոլապաշտներն էլ աղմուկ են բարձրացնում, թե «մենակ էդ կալխոզնիկն էր պակաս, որ մեր շեֆին բան ասի», «Եվրոպայի վերջին բռնապետն իր ու Պուտինի դավաճանությունն է կոծկում», և այլն։ Պարզ ասած՝ Հայաստանում Լուկաշենկոյի հայտարարությունների գնահատականները պայմանավորվում են բացառապես տվյալ անձի կամ քաղաքական ուժի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։

Լսեք նյութի աուդիո տարբերակը։ Բաժանորդագրվեք Spotify "1991tv" ալիքին և հետևեք մեր այլ հրապարակումների ձայնային տարբերակներին։

Իրականում Լուկաշենկոյի հայտարարություններում և՛ ճշմարտության, և՛ բացահայտ կեղծիքի ու մանիպուլյացիաների մեծ բաժին կար։ Օրինակ՝ մեծ հավանականությամբ նա իրավացի է, երբ ասում է, որ Նիկոլ Փաշինյանի «արևմտամետ արկածախնդրության» արդյունքում Հայաստանն ավելի է փչացնում հարաբերությունները տարածաշրջանային երկրների հետ, ու պետք է կանգնեցնել նրան, քանի դեռ չի կործանել Հայաստանը (այլ հարց է, թե որքանո՞վ է ընդունելի այլ երկրի ներքին գործերին միջամտելը)։ Փոխարենը՝ «Բատկան» բացահայտորեն կեղծում է, երբ հայտարարում է, թե «իր ընկեր Իլհամը» անգամ 44-օրյա պատերազմից հետո պատրաստ էր համաձայնվել, որ Ղարաբաղում հայեր ապրեն, Հայաստանն էլ այնտեղ մեծ ազդեցություն ու մասնակցություն ունենա։ Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ Ադրբեջանը ոչ մի էթնիկ զտում էլ չի արել, մարդկության դեմ հանցագործություն չի իրականացրել, հակառակը՝ «մեծահոգաբար» պատրաստ էր ահռելի ներդրումներ կատարել և օգնել Ղարաբաղին ու Հայաստանին՝ տնտեսապես ոտքի կանգնելու հարցում, բայց հայերը չեն համաձայնվել, Ալիևի համբերության բաժակն էլ ի վերջո լցվել է, և նա ստիպված է եղել «ուժով վերականգնել արդարությունը»։

Բայց մի րոպե․․․ Իսկ ուրիշ է՞լ ով է ճիշտ և ճիշտ նույն տրամաբանությամբ ու ձևակերպումներով արդարացնում Ադրբեջանի գործողությունները։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը։ Նա է, չէ՞ ասում «դե Ադրբեջանը վրեժխնդրությամբ է առաջնորդվում», «30 տարի մենք ենք օկուպացրել՝ հիմա էլ իրենք են օկուպացնում», «Հայաստանը վաղուց էր Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում ու բանակցում էր բացառապես այն վերադարձնելու շուրջ» (բայց ժամանակ էր ձգում, չէր վերադարձնում, դե Ադրբեջանի համբերության բաժակն էլ լցվեց․․․)։ Այսինքն՝ այս «մասով» Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզիչները բառացիորեն կրկնում են Լուկաշենկոյի ստերը։ Բա էլ ինչո՞ւ են բողոքում, եթե «Բատկան» ըստ էության ընդամենը ամփոփում է Նիկոլ Վովաևիչի մտավարժանքները։

Մի խոսքով՝ մեր խնդիրը ոչ թե «Իլհամի ընկեր Լուկաշենկոն» է, այլ Երևանի Հանրապետության հրապարակում նստող «մեր Բատկան», որը պարզապես դեռ բեղեր չի պահում ու 7-րդ անգամ չի վերընտրվել, բայց երկրում մենիշխանություն հաստատելու և Ալիևին արդարացնելու ջանքերի առումով բելառուսական «Բատկային» ոչնչով չի զիջում։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   346 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ