...

Օրենսդրությունը նույնպես դարձավ դժգույն-դժբախտ

Օրենսդրությունը նույնպես դարձավ դժգույն-դժբախտ

Փետրվարի 7-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում մի սենսացիոն հայտարարություն արեց․ տեղեկացրեց, որ Ադրբեջանի հետ ստորագրվելիք «պայմանագրի տեքստում կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, թե կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար»։ Իսկ ինչո՞ւ է այս հայտարարությունը սենսացիոն։ Որովհետև դա նշանակում է, օրինակ, որ եթե Ադրբեջանը Հայաստանից ինչ-որ տարածք պահանջի, Նիկոլ Փաշինյանը չի կարող ասել «Իլհամ Հեյդարովիչ, ես մեծ սիրով կհամաձայնվեի, բայց մեր Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ տարածքային փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»։ Ալիևը «գլխանց» այդ պատճառաբանության հնարավորությունը զրոյացրել է, Նիկոլն էլ հեշտությամբ «համաձայնեցվել է»։ 

Փաստորեն Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է, որ այսուհետ Ալիևը որոշի, թե Հայաստանի օրենսդրության ո՛ր հոդվածներն են կատարման համար պարտադիր, և ո՛ր հոդվածները պետք է անտեսել, իսկ սա արդեն ոչ թե «խաղաղության համաձայնագիր» է, այլ լիարժեք կապիտուլյացիա։ Եվ այնուամենայնիվ փորձենք հասկանալ, թե գործնականում Ադրբեջանի ինչի՞ն էր պետք այդպիսի «համաձայնեցում» պարտադրելը։

Բանն այն է, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, երբ հաղթած կողմը մենք էինք, բանակցային սեղանի շուրջ հենց մե՛նք էինք պահանջում այդպիսի կետ, որովհետև բանակցությունների հիմնական թեման Արցախի կարգավիճակն էր, իսկ Ադրբեջանն իր «ներքին օրենսդրությամբ» ոչ միայն լուծարել էր Ղարաբաղի ինքնավարությունը, այլև հետագայի համար էլ բացառել էր որևէ քաղաքական կարգավիճակ։ Իսկ հիմա, երբ հայկական Արցախ փաստացի գոյություն չունի (և, Ադրբեջանի համոզմամբ, այլևս երբեք գոյություն չի ունենալու), իրենց այդ հարցն առանձնապես չի մտահոգում։ 

Փոխարենը այլ հարց է մտահոգում։ Հիշում եք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե վարչատարածքային բաժանման օրենքի համաձայն՝ «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է»։ Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը նույնպես ունի իր վարչատարածքային բաժանման մասին օրենքը (ստորագրվել և ուժի մեջ է մտել 2000 թ․ հունիսի 13-ին), որի համաձայն, օրինակ, «Զանգելանից այն կողմ Հայաստան է»։ Ու Բաքվում, բնականաբար, մտածում են՝ բա որ հանկարծ Հայաստանը բանակցությունների սեղանին դնի Ադրբեջանի այդ օրենքը՝ կից քարտեզով, ու ասի «ի՞նչ տարածքային պահանջներ կամ միջանցք, դա ձեր իսկ օրենսդրությանն է հակասում», իրենք ի՞նչ պիտի պատասխանեն։ Եվ ահա ձևը գտել են․ պայմանագրի տեքստում ներառել են մի հոդված, որի համաձայն՝ եթե անգամ իրենց իսկ օրենսդրությամբ իրենց տարածքը 86,6 հազար քկմ է, Հայաստանը դա չի կարող որպես փաստարկ օգտագործել ու Ադրբեջանի տարածքային պահանջները ներկայացնել որպես ագրեսիա։

Նիկոլական քարոզչամեքենան, իհարկե, կփորձի այդ «համաձայնեցված հոդվածը» ներկայացնել որպես հաջողություն՝ իբր «բա եթե ուզում ենք, որ ղարաբաղցիները վերադառնան, այն էլ՝ անվտանգության միջազգային երաշխիքներով, առաջին քայլը հենց սա պիտի լինի՝ թույլ չտալ, որ Ադրբեջանն իր օրենսդրության վրա հղում անելով մերժի այդ հնարավորությունը»։ Բայց դա կլինի սովորական քարոզչական մանիպուլյացիա։ Իսկ իրական նպատակը մեկն է՝ այդ ծխածածկույթի տակ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տալ միանձնյա որոշմամբ լուծել «ՀՀ տարածքային փոփոխությանը վերաբերող հարցերը»։ 

Որովհետև հանրաքվեով հաստատ չի ստացվի։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   596 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ