...

Զանգ Պուտինին, որը չի եղել

Զանգ Պուտինին, որը չի եղել

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Ինչպես նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ, քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների իրականացման ընթացքը՝ շեշտը դնելով կոնկրետ հարցերի լուծման վրա, որոնք առնչվում են տարածաշրջանում խաղաղ կյանքի ձևավորման և կայունության ամրապնդման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ: Իլհամ Ալիևը Պուտինին տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ունեցած հանդիպման մասին: 

Թվում է, թե այստեղ մեկնաբանելու ի՞նչ կա, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա. այն, որ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Փաշինյանը նման հեռախոսազրույց չի ունեցել Պուտինի հետ: 

Մենք հատուկ մտանք վարչապետի պաշտոնական կայք. որևէ նման հաղորդագրություն չտեսանք: Եղել է հանդիպում Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ, որտեղ Բրյուսելի հանդիպման մասին չի խոսվել, իսկ ռուսաստանցի իր գործընկերոջ հետ որևէ կոնտակտ չի եղել:

Սա հայ-ռուսական հարաբերությունների գնահատման կարևոր ինդիկատոր է: Ռուսաստանը Արևմուտքի հետ գրեթե պատերազմական հարաբերությունների մեջ է: Հայաստանի ղեկավարը գնում է Բրյուսել, հանդիպում է ունենում, ընդ որում՝ մի թեմայի վերաբերյալ, որն անմիջականորեն գտնվում է Ռուսաստանի ստրատեգիական շահերի տիրույթում: 

Ու այս հանդիպման վերաբերյալ Հայաստանի ղեկավարը որևէ բան չի՞ ասել իր՝ թեկուզ թղթի վրա գործող, անվանեք, ոնց ուզում եք, բայց դե յուրե գլխավոր ռազմավարական դաշնակցին: Ինչի՞ է Ալիևը զանգում, տեղեկացնում: Գուցե նրա համար, որ արժևորո՞ւմ է ռուս-ադրբեջանական հարաբերությունները, գուցե չի՞ ցանկանում, որ Պուտինի մոտ կասկածներ առաջանան, որ Ռուսաստանի թիկունքում ինչ-որ դավեր են հյուսվում՝ Ադրբեջանի մասնակցությամբ: 

Չէինք ցանկանա՝ տպավորություն ստեղծվեր, թե հիմա Տեր-Պետրոսյանի գովքն ենք անելու, բայց ուղղակի արժե հիշեցնել, որ 1990-ականներին Առաջին նախագահը Ռուսաստանի հետ ռազմավարական կամ կարևոր այլ հարցերի վերաբերյալ պայմանագրեր, համաձայնություններ ձեռք բերելուց, ստորագրելուց առաջ դրա մասին դիվանագիտորեն, տարբեր աղբյուրներով տեղեկացնում էր ամերիկացի գործընկերներին, փորձում ճշտել, թե արդյո՞ք նրանք վերապահումներ, մտահոգություններ չունեն ստորագրվելիք պայմանագրերի, համաձայնությունների վերաբերյալ: 

Նույնկերպ Առաջին նախագահը Ելցինին կամ նրա շրջապատին է տեղեկացրել ամերիկացիների հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին, ճշտել նրանց դիրքորոշումն այդ հարցում: 

Բացի նրանից, որ սրանով ցույց ես տալիս հարգանք այդ գերտերությունների հանդեպ, դա նաև դիվանագիտական ժեստ է, որը Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի վստահության մակարդակն էր բարձրացնում Հայաստանի հանդեպ: Տեսնում էին, որ գործ ունեն մի երկրի հետ, որն իրեն լուրջ է դրսևորում, հախուռն կամ անհաշվենկատ չի գործում, խուսափում է այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել հայ-ռուսական կամ հայ-ամերիկյան հարաբերություններին, թեկուզ անուղղակիորեն, բայց վնաս հասցնել ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի շահերին: 

Այս ամենը գրել ենք նրա համար, որպեսզի պարզ լինի, թե որքան կարևոր պիտի լիներ Բրյուսելի հանդիպումից հետո նման հեռախոսազրույցը, որն ունեցել է Ալիևը, բայց ոչ՝ Փաշինյանը: Ու սա այն դեպքն է, որ կցանկանայինք սխալվել: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2016 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ