Պատահական ոչինչ չի լինում
Այս շաբաթ երկու իրադարձություններ տեղի ունեցան, որոնք ինչ-որ չափով իրար հետ փոխկապակցված են, և նաև մեր պետականության հնարավոր փլուզման ինդիկատոր են:
Կյանքից հեռացավ Վանո Սիրադեղյանը: Մեր նորանկախ Հայաստանի հիմնադիրներից մեկը, ամենավառ անհատականություններից մեկը, որն իր մտածելակերպով, իր խոսքով, գործով առանձնանում էր նույնիսկ ղարաբաղյան շարժման ղեկավարների շարքում: Նա թողեց Հայաստանը, երբ սկսվեց գյադաների ժամանակը, և այդպես էլ ժամանակը չավարտվեց, որպեսզի նա հայրենիք վերադառնա: Եվ այն, թե ինչպես իրենց պահեցին իշխանություններն ու ընդդիմությունը, երբ հայտնի դարձավ Վանոյի մահվան մասին. դա վերաբերմունք չէր Սիրադեղյանի հանդեպ, դա վերաբերմունք էր պետության, պետականության, հայրենիքի հանդեպ: Այն հայրենիքի, որի մասնիկն էր Վանոն:
Եթե Վանո Սիրադեղյանը 1998-1999 թվականների ահաբեկչության զոհ դառնար, հիմա թիվ մեկ կուռքը կլիներ. նրա արձաններն ամենուրեք կդնեին, փողոցներ կանվանակոչեին, դպրոցներ, Վանո անունը երեխաների շրջանում տարածված կլիներ, նրա մտքերը մեծ-մեծ տառերով աչքներս կկոխեին ամեն քայլափոխին տնկած վահանակներից: Դասագրքերում նրան մի ամբողջ բաժին կհատկացնեին, աշակերտներին կպատմեին, թե ինչեր է արել Հայաստանի համար:
Բայց նա ողջ էր, ու դա ձկան փշի պես մնացել էր գյադաների կոկորդին: Ու ինչպես Ռոբերտն էր Վանոյի կողքին տառապում թերարժեքության ախտանիշով, պարզվեց, նույնկերպ Նիկոլն է: Ընդ որում, Նիկոլն իրեն պահեց այնպես, ինչպես՝ պատերազմի ժամանակ: Երբ պատերազմը դադարեցնելու շանս կար, և շանս կար խուսափել տարածքային կորուստներից ու հազարավոր մարդկային կորուստներից, նա հրաժարվեց խաղաղության այդ առաջարկից, որովհետև ժողովուրդը իրեն չէր հասկանա, կասեր՝ դավաճան է, ռեյտինգը կընկներ, հետն էլ գուցե իշխանությունը կկորցներ:
Նույնն էլ Վանոյի դեպքում. այդպես էլ ձայն չհանեց: Գնաց, փակվեց բունկերում: Թե որ Վանոյի անունը տար, ժողովուրդը չէր հասկանա, ամոթանք կտար: Ինքն ու իր թիմը սսկված էին: Սա, իմիջիայլոց, պետք է նշել. Ռոբերտն ու Նիկոլը բազմաթիվ ընդհանուր գծեր ունեն, դրանցից մեկն էլ ուրացողությունն է: Չասենք, չթվարկենք, թե Վանո Սիրադեղյանն ինչ է արել Քոչարյանի համար, անձամբ Քոչարյանի համար, չասենք, ինչ է արել Նիկոլի համար: Մինչև վերջին խազն ուրացան: Իսկ ընկերոջ ուրացողությունն ավարտվում է հայրենիքի դավաճանությամբ: Սա մենք չենք ասել, այլ՝ Սիրադեղյանը, 1999 թվականին՝ Ռոբերտի մասին, բայց հիմա էլ կարելի է դա կրկնել:
Մնացել ենք փլատակների տակ
Ու եթե այդպես են վերաբերվում մեր պետության հիմնասյուներին, ապա պարզ է, որ պետությունը՝ մնալով առանց հիմնասյուների, պիտի փլուզվի: Արցախը փլուզվեց, հերթը՝ Հայաստանինն է: Ու հաջորդ իրադարձությունը «Ալիք Մեդիայի» հայտնած լուրն էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու:
Երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, կստորագրեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ:
Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները, որոնց մասին, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:
Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին:
Հիմա մեծ աղմուկ է բարձրացել այս առթիվ: Մի հավաստի աղբյուր ասում է՝ սա հավաստի է, մի այլ հավաստի աղբյուր էլ ասում է՝ սա հավաստի չէ: Իսկ մենք՝ չունենալով հավաստի աղբյուրներ, վստահ կարող ենք ասել. մենք ոչինչ չունենք: Մեր աղբյուրները ցամաքել են: 20 տարի այդ աղբյուրների ջրերը մսխել են, կամաց-կամաց բարակել է, իսկ հիմա՝ ցամաքել: Մեր աղբյուրը հիմա Պուտինն է, Էրդողանը, Իրանի նախագահը, որոնք մեզ ջուր բաժանող չեն:
Մենք մնացել ենք մեր փլուզված հիմնասյուների փլատակների տակ: Պիտի փորձենք այդ փլատակների տակից դուրս գալ, հետո մտածել աղբյուրի մասին: