Փարոսը ձեզ՝ խավարասերներ
Այս շաբաթ ճանապարհ դրեցինք Վանո Սիրադեղյանին: Թեպետ, ավելի ճիշտ կլիներ ասել, որ ճանապարհ դրեցինք մեր պետականությունը, 88-ի շարժումը, Անկախությունը, մեր պատմության ամենալուսավոր էջերը, որոնք խտացված էին Վանոյի կերպարի մեջ:
Իհարկե, մնում են Վանո Սիրադեղյանի մտքերը, վերլուծությունները, կանխատեսումները, որոնք կարող են փարոսի դեր խաղալ խավարի այն թունելում, որի մեջ հայտնվել ենք ազգովի: Չնայած, 20 տարի մարդկանց գիտակցության մեջ սերմանել են այն միտքը, թե թունելի մեջ էլ կարելի է ապրել. այնպես, ինչպես ապրում են խավարասերները: Դրա համար էլ խավարասերները ամենուրեք վխտում են ու սարսափում լույսից. իրենց ատելությունը, վախը, անասնական բնազդները Վանոյի հանդեպ դրանով են պայմանավորված. կսատկեն, եթե գտնենք ելքը թունելից ու լույսի մեջ հայտնվենք: Վանոն ասում էր՝ գյադաների ժամանակը, մենք կհավելեինք՝ խավարասերների ժամանակը:
Դժվարը առաջին հարյուր տարին է
Հեռուստալրագրող, հրապարակախոս Արայիկ Մանուկյանը դեռ հոկտեմբերի 20-ին նամակով դիմել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ պարոն Արա Շիրինյանին և առաջարկել Վանո Սիրադեղյանի ծննդյան 75-րդ տարելիցի օրը՝ նոյեմբերի 13-ին, ցուցադրել իր հեղինակած «Վանո Սիրադեղյան. Ձեռքդ ետ տար ցավի վրայից» տեսաֆիլմը՝ Վանո Սիրադեղյանի արձակի և հրապարակախոսության մասին:
21 օր հետո պատասխանել են, որ Հանրային հեռուստաընկերությունը կդիտարկի տեսաֆիլմի ցուցադրությունը: 21 օր հետո: Եվ այն էլ կդիտարկի: Արայիկ Մանուկյանը դիպուկ է նկատել. «2046 թվականին լրանում է Վանո Սիրադեղյանի ծննդյան 100-ամյակը: Հուսամ, Հանրայինը մինչ այդ կավարտի դիտարկումը և 2046-ին հնարավոր կլինի Հանրային հեռուստաընկերությամբ խոսել Հայաստանի Երրորդ հանրապետության հիմնադրի մասին»:
Սա ուղղակի այն մասին, որ Հանրայինի ղեկավարների շարքերում քիչ չեն նրանք, ովքեր ժամանակին տաքանում էին Վանո Սիրադեղյանի քովի տակ, նրա անունով երդվում, սեփական կարիերայի հարցերն էին լուծում, ընդամենը մի անգամ պիտի իրենց երախտագիտության խոսքն ասեին, բայց... «համայնքը զորավոր է, համայնքը չի ընդունե Վանոյին»:
Այս առթիվ Վանոն ասել է. «Սա միայն ընկերության ու տղամարդկության հարց չէ, այլև պետական և ազգային անվտանգության, որովհետև պատմության մեջ, համենայնդեպս, ինձ հայտնի չէ զինակցի դավաճանություն, որ չավարտվի հայրենիքի դավաճանությամբ»:
Մենք ասում ենք Ալեն, հասկանում ենք՝ Նիկոլ
Հոգեբանորեն և մարդկայնորեն դժվար է Վանո Սիրադեղյանի մասին արտահայտվելուց հետո անդրադառնալ մեր օրերի մեծագույն ապագայակերտներին: Կաշխատենք շատ կարճ մի բան ասել: Արդեն գիտեք, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը Ավետարան էր կարդացել Ալեն Սիմոնյանի գլխին, որը հայտարարել էր, թե Լավրովի պլանով առաջարկել էին Ղարաբաղը հանձնել:
Մի քիչ լավ չենք հասկանում, թե ինչու է ՌԴ ԱԳՆ-ի պես լուրջ կառույցը պատասխանել Ալեն Սիմոնյանի խոսքերին՝ շատ լավ հասկանալով, որ գործ ունի մանկամիտ և դիլետանտ մեկի հետ, որն այսօր մի բան է ասում, վաղը տրամագծորեն հակառակ բան կասի, վերջում էլ կասի՝ մեղավորը նախկիններն են: Հետը գլուխ դնելու իմաստ չկա:
Բայց, ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը թեպետ կապված էր Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ, իրականում այն Նիկոլ Փաշինյանին է վերաբերում:
Երբ ռուսներն ասում են. «Խորապես ցավալի է, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանին չպատկանող Լեռնային Ղարաբաղի «հանձնման» մասին անհեթեթ «մտքերը», այլև, ըստ էության, համաձայնում են նման անհիմն դատողությունների հետ», դրանով նաև հիշեցնում են Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը Խորենացի փողոցում, որտեղ նա Լավրովի պլանի մասին խոսեց և այն բնութագրեց խայտառակություն, դավաճանություն, հողեր հանձնել և այլն: Ռուսների հայտարարության մեջ Նիկոլի անունը չի շոշափվում, բայց ամեն տողատակն առաջին հերթին Փաշինյանին է հասցեագրված: Որովհետև Ալենը կրկնում է այն, ինչ շրջանառության մեջ է դրել Փաշինյանը: