...

Երեխաների սիրելի խորհրդարանը

Երեխաների սիրելի խորհրդարանը

8-րդ գումարման կլոունադան սկսվեց

Հը՞, տեսա՞ք, ինչ նոր խորհրդարան ունենք: Խորհրդարան չի, մուրազ է, մուրազ: Երեխաներին կարելի է այլևս կինո, թատրոն, առավել ևս՝ կրկես չտանել: Պարզապես կարելի է միացնել խորհրդարանի նիստերի ուղիղ հեռարձակումը, երեխային նստեցնել էկրանի առջև, և վերջ, կարող եք գնալ խոհանոց, ճաշ եփել, լվացք անել... հանգիստ եղեք, երեխան այդ ընթացքում էկրանից մի սանտիմետր անգամ չի հեռանա:

Ցանկանո՞ւմ է երեխան կրկես տեսնել. ահավասիկ, ի՞նչ վատ կրկես էր Իշխան Սաղաթելյանի ընտրությունը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում: Սկսվեց նրանից, որ այս երիտասարդ (ՀՅԴ չափանիշներով, իհարկե) դաշնակը հայտարարեց, որ եթե ԱԺ փոխնախագահ չլինի, ապա ճգնաժամ կլինի, իսկ դա հենց այն է, ինչին իրենք ձգտում են, որից հետո, իրեն չընտրեցին, ասին՝ լավ, թող ճգնաժամ լինի: Իշխանը ահավոր մանթրաժ ընկավ, իսկականից «աբիդնի» էր, ընդամենը մի ձայն չհերիքեց, որ նստի Ալեն Սիմոնյանի կողքին, ընդմիջմանը հերթով գնաց ՔՊ-ականների դռները բախեց, թե՝ էս ի՞նչ եք անում, բա մենք սե՞նց էինք պայմանավորվել, շատ եմ խնդրում, երազանքիս վրա քար մի գցեք: Քպ-ականներն էլ պատասխանեցին՝ ախպեր, կողմնորոշվիր, քո երազանքը ո՞րն է. ԱԺ փոխնախագահ լինե՞լ, թե՞ հյուրանոցային համալիրի տեր լինել:

Իշխանը երդվեց, որ հենց դպրոցն ավարտել է, այլևս չի զբաղվել հյուրանոցային բիզնեսով: Անխիղճ իշխանական պատգամավորները նորից չընտրեցին Իշխանին, բայց որ տեսան, որ հեսա լացելու է, գնալու է տուն՝ ծնող կանչի իրենց վրա, տեղի տվեցին, ու... ահա այդպես ՀՅԴ-ն հերթական իշխանության օրոք հերթական աթոռն է կպցնում: Արդեն 120 տարի: Մի հատ փուստ չեն տվել:

Իմ զենքն իմ աթոռն է

Բայց իշխանությունները դրանից զգոնությունը չթուլացրին. Իշխանին ասին՝ նայի հա, քեզ ընտրում ենք, բայց պայմանով, որ դու և քո զինակից ընկերները զենքերը տանը թողեք: Մտքներիցդ հանեք ռոմանտիկ բաները: Իշխան Սաղաթելյանը ստիպված ռոմանտիզմին հրաժեշտ տվեց և նետվեց մատերիալիզմի գիրկը: 

Բայց միայն «Մաուզերը» չէ, որ իշխանությունները զենք համարեցին: Պարզվեց, որ նույնքան վտանգավոր զինատեսակներ են ֆոտոխցիկները, տեսախցիկները, նույն բջջային հեռախոսները, եթե դրանք լրագրողների ձեռքում են: Լրագրողներից ինչ ասես, սպասելի է. ի՞նչ իմանաս, իրենց այդ զենքերով խորհրդարանի տարածքում ինչ կանեն: Դրա համար, շառից-փորձանքից հեռու, նրանց էլ զինաթափեցին: Ասացին՝ վերջ, մոռացեք վիդեո, ֆոտո... խորհրդարանն այլևս հույժ գաղտնի օբյեկտ է, որտեղ հույժ գաղտնի որոշումներ են կայացվում: Կբռնեք, մեր հույժ գաղտնի որոշումները «սլիվ» կանեք, մեր դարավոր թշնամիների ջրաղացին ջուր կլցնեք:

Եղիր պատրաստ, միշտ պատրաստ

Իսկ դարավոր ոսոխների հեչ պետքն էլ չէ, թե ջուր կլցնենք իրենց ջրաղացին, չենք լցնի: Արդեն Մեղրիով ճանապարհ կառուցելու ծրագրերի մասին են հայտարարում, մեր սահմաններին շինտեխնիկա են մոտեցնում:

Զինտեխնիկան վաղուց են մոտեցրել: Զգում ենք, որ առաջիկայում ինչ-որ բաներ են լինելու, որոնք իշխանությունները չեն ասում: Այսինքն` թեթևի մեջ են ասում ու նախապատրաստում հանրությանը. թե բա՝ կարող է Տավուշի մարզի մի քանի գյուղ փոխանակենք: Ոսկեպարի մոտ էլ ռուսական սահմանապահ ուժեր են տեղակայվում: Թե ինչ փորձանք են որոշել մեր գլխին բերել, ինչ ենք հանձնելու, Նիկոլը մինչև վերջին վայրկյանը կձգի: 

«Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմում Դետոչկինը երկու անգամ անհաջող փորձ է անում առևանգել Սեմիցվետովի «Վոլգան»: Քննիչ Պոդբերյոզովիկը դեպքերի հանգամանքները ուսումնասիրելուց հետո Սեմիցվետովին ասում է՝ դե, կզանգեք: Ասում է՝ ե՞րբ: Քննիչը պատասխանում է՝ երբ ձեր ավտոն գողանան:
Հիմա մեզ մնում է ասել. դե, պատրաստ եղեք: Ե՞րբ: Երբ նոր տարածքներ գողանան: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1171 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ