...

Եթե դուք չլինեիք, բայց թարսի պես կաք

Եթե դուք չլինեիք, բայց թարսի պես կաք

Սևանից իջան, մի խումբ միավոր

Շաբաթն ավարտվեց, ձեռի հետ էլ ամառը: Թեժ ստացվեց ամառը: Այնքան թեժ, որ Ալեն Սիմոնյանը ծանր ինքնազգացողությամբ Սևանա լիճն էր թեժացնում մոտորանավակով: Բացառիկ խիզախ մարդ է: Այնտեղ՝ մի երկու կիլոմետր հեռու, թշնամին կրակում է, ռմբակոծում, ականանետում, իսկ իր հեչ վեջը չէր, ցույց էր տալիս, որ հայերը տոկուն են և վախեցողը չեն: Երբ ավարտի իր քաղաքական կարիերան, նրան հիշելու ենք ոչ թե քաղաքական ինչ-որ գործերով, այլ Օսլոյի արևածագով, հունական պարերով, Սևանի լճում սկուտեր քշելով և այլ հետաքրքիր լուսանկարներով, որոնք զարդարում են իր ինստագրամի էջը:

Ո՞ւր գնացին կոկորդիլոսները

2000-ականների սկզբին էր, ճիշտ տարեթիվը չենք հիշում, էս ՀՅԴ-ն, որն այն ժամանակ իշխանության սպասարկողներից էր, հայտարարեց, թե ընդդիմությունն իր միտինգներով, քննադատությամբ, քայլերով ապակայունացնում է երկիրը, թշնամու ջրաղացին ջուր է լցնում: Դրանից հետո Վահան Հովհաննիսյանին հարցրեցին, թե դուք էլ 1990-ականներին էիք օրումեջ միտինգ անում, էն էլ պատերազմի ժամանակ, բա դուք չէի՞ք ապակայունացնում երկիրը: Վերջինս էլ անվրդով պատասխանեց, թե 1990-ականներին Դաշնակցությունը միտինգներ էր անցկացնում, ու դրանով նպաստում Արցախում մեր հաղթանակներին, քաջալերում արցախահայերին, թույլ չէր տալիս, որ իշխանությունները ինչ-որ դավաճանական քայլեր անեն: Էս կարգի բան ասաց:

Սա ինչի՞ հիշեցինք. օրերս ՀՅԴ ղեկավարներից մեկը՝ Իշխան Սաղաթելյանը, հարցազրույցներից մեկում հայտարարեց, թե շատ բաներ կանխել են. «Եթե մենք չլինեինք, էսօր թշնամին Երևանի մերձակայքում կլիներ»: 

Լրիվ էն անեկդոտն է, որ ասում է՝ կոկորդիլոսներին եմ քշում: Ասում են՝ բայց այստեղ կոկորդիլոսներ չկան: Ասում է՝ որտեղի՞ց լինեն, սաղին քշել եմ: 

Հիմա Իշխան Սաղաթելյանն էլ կարող է ասել՝ որտեղի՞ց թշնամին Երևանի մատույցներում լիներ, սաղին քշել ենք: 

Մեկը չկա, ասի՝ որ դուք չլինեիք, այսօր կարգին մեծ Հայաստան կունենայինք, Ղարսով ու Սուրմալուի գավառով, դե ֆակտո անկախ Արցախով: Երևի Սևանում հյուրանոց պահելով է Երևանի մատույցները պահել: Ալեն Սիմոնյանի պես, իջել են Երևան՝ հայրենիք փրկելու: 

Հիմա էլ գնում են՝ միտինգ անեն. հետո ասելու են, որ միտինգ չանեինք, թշնամին մտնելու էր Սոթք, Սևան, դե, Երևանն արդեն պահած ունեն: 
 
Արցախահայությանը փոխարինող չկա

Այս շաբաթվա հետ Արցախում ավարտվեց նաև Արայիկ Հարությունյանի նախագահական կարիերան: Որքան հասկացանք, պատին էին դեմ տվել: Թեպետ նրա այս քայլը շատերը դավաճանություն են որակում, բայց պետք է գիտակցել, որ այսօր ամբողջ արցախահայությանն են պատին դեմ տվել: Արայիկ Հարությունյանը կարող է հեռանալ, նրա տեղն ուրիշ ինչ-որ մեկը գա, բայց եթե արցախահայությունը հեռացավ, նրա տեղը ուրիշ արցախահայություն չի գալու: Որովհետև չկա: 

Ոչ մի անձնական, միայն քաղաքականություն

Արցախում Sputnik ռադիոյի մոսկովյան հեռարձակումը դադարեցվել է: «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն էլ հայտարարել է, թե դա պայմանավորված է Փաշինյանի այն հայտարարությամբ, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Հայաստանի տարածքը ամրագրել 1991 թվականի սահմաններում։

Էս մեկն արդեն չափից դուրս «պերեբոր» էր: Այսինքն՝ ռուսներն իրենց քաղաքականության բացթողումները, անգործությունը, կամ ինչ անեն, չանեն, հիմա «սպիսատ» են անելու Փաշինյանի հայտարարության վրա: Կոպիտ ասած՝ ջեբն են գցելու: Չնայած, մյուս կողմից, թող նման հայտարարություն չաներ Փաշինյանը: Բանակցությունների և մանևրելու համար դեռ մեծ դաշտ կար, պետք չէր կուլ տալ Շառլ Միշելի խայծը: Արել ես, հիմա դրա արդյունքներն ենք վայելում: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ