...

Եկան, տեսան, իմացան

Եկան, տեսան, իմացան

Արցախը Հայաստան էր, երբ Հայաստանն ինքնիշխան էր

Այսօր մամուլի տարբեր միջոցներ միաժամանակ տեղեկացրել են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ անցած շաբաթ Երևան ժամանած պատվիրակությունը մի շարք հանդիպումներից հետո կիրակի օրը հիասթափված վերադարձել է Ստեփանակերտ։ Շաբաթվա վերջում Հարությունյանն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում պատասխանելու է հանրությանը հուզող հիմնական հարցերին։

Մինչ այդ այսօր «Հրապարակ» թերթը գրել է, որ իրենց որոշ մանրամասներ են հայտնի դարձել հանդիպումներից։ «Արցախի քաղաքական դաշտին փոխանցել են պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ առ այն, որ իրենք չեն ցանկանում Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, սակայն ժամանակներն ու հանգամանքներն այնպես են դասավորվել, որ այլընտրանք չունեն։ Որ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, փրկելու են Հայաստանը, սակայն դա չի նշանակում, թե հրաժարվելու են Արցախի ֆինանսավորումից և այլն։ Եվ փորձելու են ներկայացնել, որ Արցախի հարցը տարածքային հարց չէ, դրա համար են հրապարակային հայտարարում, որ Ադրբեջանի հետ տարածքային խնդիր չունեն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հարությունյանի հետ հանդիպումը բավականին ծանր մթնոլորտում է անցել, քանի որ բոլորը հասկացել են, որ ՀՀ իշխանություններն Արցախը թողնում են բախտի քմահաճույքին։ Եվ ուղիղ տեքստով ասել են՝ մեզ վրա հույս չդնեք», տեղեկացրել է «Հրապարակը»՝ հավելելով․ «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հասկացրել է, որ ձեր հույսը ձեզ վրա դրեք, այլև ակնարկել է, որ ռուսների հետ էլ հույսեր չկապեք»։ 

Իր հերթին «Փաստ» օրաթերթը գրել է. «Թերթի տեղեկություններով, արցախյան պատվիրակները Երևանից բավականին հիասթափված են վերադարձել. նրանք հստակ գիտակցում են, որ շատ բաներ Փաշինյանն ակնհայտ ստել է և հերթական մանիպուլյացիան արել, իսկ այն, ինչ փոխանցել է, շատ վատատեսական դիտարկումներ են եղել՝ մասնավորաբար հայտարարելով, որ իրենից կախված այլևս ոչ մի բան չկա։ Ի դեպ, թերթի արցախյան աղբյուրը փոխանցում է, որ առաջիկայում չի բացառվում՝ Արցախում զանգվածային հանրահավաքների նոր ալիք սկսվի»:

Ըստ էության՝ ոչ մի նորություն։ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ ակնարկել է, որ առաջնահերթությունը Հայաստանի ինքնիշխանությունն է։ Քաղաքական ռեալիստներն էլ հասկացել են, որ Ղարաբաղի հարցը, ըստ էության, փակուղում է․ դրա բանալին ռուսների ձեռքում է, իսկ ռուսները, ցավոք, կորցրել են այն։ Ինչ վերաբերում է արտահոսքի այն մասին, թե փաշինյանենք ասել են, որ հրապարակային մի բան են հայտարարում, բայց իրականում մտքներին ուրիշ բան է, ապա սա էլ հերթական տգիտության վկայությունն է։ Մի անգամ արդեն Նիկոլ Փաշինյանն իր իսկ խոստովանությամբ իրեն գժի տեղ դրել է։ Թե ինչ է եղել դրանից հետո՝ բոլորս գիտենք։ Հիմա երկրորդ անգամ ո՞ւմ է ինչ ապացուցելու։ Ներսում դժվար թե նրան հավատացողներ լինեն, իսկ դրսում՝ լուրջ ընդունողներ։ Եվս մեկ դիտարկում՝ արցախցիներին ուղղված հորդորը, թե հույսներդ ռուսների վրա էլ չդնեք, առնվազն անհասկանալի է։ Վերջին հաշվով, եթե ստացվի կամ կարողանան ինքնուրույն սկսել բանակցել ռուսների, ադրբեջանցիների և մնացածերի հետ, ապա դրանից հաստատ վնասները չեն ավելանա։ Իսկ օգուտներ՝ գուցե գրանցեն։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   667 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ