...

Մի ամիս առաջ պայքարում էին, այսօր գերեզմաններ են քանդել տալիս

Մի ամիս առաջ պայքարում էին, այսօր գերեզմաններ են քանդել տալիս

Դեռևս հունիսի վերջին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, հաջորդելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օնլայն հարցուպատասխանին, հայտարարել էր․

1․ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում գրված է, որ մենք պետք է Բերձոր քաղաքից դուրս գանք: Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք: Բերձորում մեր հայրենակիցների հետագայում ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում։ 

2․ Աղավնոյի մասով՝ ԱՀ իշխանությունները շարունակում են բանակցությունները։ Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը:

3․ Սուս գյուղում մենք այսօր համարյա բնակիչ չունենք։ Որքան գիտեմ՝ սոցիալական ծրագրերի շրջանակներում, Բերձորի և Սուսի բնակիչները ստացել են իրենց համապատասխան փոխհատուցումները: 

Վերջին օրերին պատերազմական գործողություններ վերսկսեցին վերոնշյալ հատվածներում։ Ունեցանք զոհեր ու վիրավորներ։ Իսկ այստեղ բնակվող մարդիկ մի քանի օր է սպասում են պատասխանի՝ ի՞նչ պետք է անել։ Միայն երեկ Արցախի իշխանությունները պաշտոնապես տեղեկացրել են, որ պետք է կազմակերպել Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը՝ քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։ 

Փաստացի ստացվում է, որ Արայիկ Հարությունյանը կամ ստել է, կամ էլ տեղյակ չէ, որ Բերձորի և Սուսի բնակիչները համապատասխան փոխհատուցումներ չեն ստացել։ Բնակիչները տարբեր լրատվամիջոցների հետ զրույցներում փաստել են, որ չգիտեն՝ ի՞նչ պետք է անել, որտե՞ղ պետք է մնան և ինչպե՞ս պետք է շարունակեն ապրել։ Սա՝ մեկ։

Երկրորդ՝ խոստացված պայքարը Աղավնոյի մասով չգիտենք էլ՝ ինչ անվանենք։ Երեկ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը նշել է, որ ժամանակը տրված է, այդ ընթացքում պետք է բնակիչները դուրս գան իրենց տներից։ «Հրապարակ»-ի հետ զրույցում նա ասել է, որ գյուղն ունի 170 բնակիչ, պետությունը խոստացել է լուծել նրանց կեցության հարցերը, իսկ թե ինչպես և երբ, դեռևս հայտնի չէ. «Ասել են` լուծելու ենք այդ հարցը, ասել են` ով, որտեղ, ուզում է, ցանկանում է այդտեղ էլ կարող է մնալ։ Մենք պետք է ընտանիք֊ընտանիք ներկայացնենք։ Հեսա դուրս են գալու էլի բնակիչները»։ Արցախի իշխանությունները Աղավնոյի ժողովրդին փոխանցել են, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները, քանդեն իրենց գերեզմաններն ու հարազատների շիրիմները տեղափոխեն նոր բնակավայր։ Ամեն մեկն իր միջոցներով պետք է հարազատի շիրիմը փոխանցի։ Հա, ի դեպ, գյուղի խաչքարերը գյուղից դուրս են բերելու հենց գյուղացիները: «Բա ի՞նչ անենք, կներեք, թողնենք, գան, վրան միզեն, ինչի՞ համար թողնենք»,- ասել է գյուղապետը «Հրապարակ»-ի հետ զրույցում։ 

Արայիկ Հարությունյանը թող շարունակի պայքարը, մինչ այդ մարդիկ ընտանիքներով, հարազատների մասունքներով ու իրենց ունեցած-չունեցածով ճանապարհ են ընկնելու։ Եվ որևէ մեկի մտքով չի անցնելու ներողություն խնդրել այս մարդկանցից՝ նրանց մինչև վերջին վայրկյանը ստորաբար խաբելու, հետո էլ գաղթի ճանապարհին մենակ թողնելու համար։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1232 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ