...

Իշխանությունը կեղծում է հանրային տրամադրությունը

Իշխանությունը կեղծում է հանրային տրամադրությունը

Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանը միջնորդավորված մի քանի պահանջ է ներկայացրել։ Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ պահանջները հետևյալն են․

  • Ռուբեն Վարդանյանի ազատում
  • Կաշենի հանքի շահագործման կասեցում
  • Լաչինի միջանցքի ռուսական անցակետում ռենտգեն-սկաներ սարքերի տեղադրում և ադրբեջանցիների ներկայություն։ Ադրբեջանցի ներկայացուցիչը պետք է վերահսկի ՀՀ-ից Արցախ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները։
  • ՊԲ ծանր տեխնիկայի դուրսբերում, ինչը 44-օրյա պատերազմից հետո մի քանի փուլով իրականացվել է։

Ըստ հրապարակման՝ «Հարությունյանը հայտնել է, որ իրենք մերժել են այդ պահանջները, քանի որ չկա երաշխիք, որ դրանց կատարումից հետո միջանցքը կբացվի կամ բացվելուց 1-2 շաբաթ անց նորից չի փակվի»։ Ի դեպ՝ նախագահն իրավիճակը պատային է որակել։

Եվ ահա այս պատային իրավիճակում ՀՀ իշխանությունները բավարար են համարում մերթընդմերթ պրոտոկոլային հայտարարություններ անելը։ Զուգահեռաբար Արցախի իշխանությունները փորձում են սեփական ջանքերով դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Առայժմ՝ ապարդյուն։ Զուգահեռաբար չեն դադարում քաղաքական վերլուծաբանների հայտարարությունները, որոնք պայմանականորեն կարելի է երկու մասի բաժանել։ Մի մասը համառորեն պնդում է՝ պետք է ազնվորեն բացատրել արցախցիներին, թե ինչ են ուզում ադրբեջանցիները, հասկանալ մարդկանց տրամադրությունները, ըստ այդմ՝ շարունակել աշխատել իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ։ Երկրորդ խմբի բոլոր վերլուծությունները վերջում գուժում են պատերազմ։ Եղած սցենարներում ռուսներն իրենց դերն ունեն, Արևմուտքը՝ իր, Արցախի քաղաքական ղեկավարությունը՝ իր, արցախահայությունը՝ իր։ Բոլորը՝ բացի ՀՀ իշխանություններից, որոնք ոչ միայն անտարբերության ծխածածկույթի տակ շարունակում են անտրամաբանական պահվածք դրսևորել, այլև ամեն ինչ անում են, որպեսզի սնուցեն կարծիք, թե իբր Հայաստանի հասարակությունն ինքն էլ այլևս անտարբերությամբ է հետևում արցախյան օրակարգերին։ Ինչու ենք ասում՝ իբր, որովհետև իշխանությունն ինքն է մոդելավորում հանրային կարծիքը՝ այս դեպքում անտարբերություն բնութագրիչով, ապա հենվում է այդ կարծիքի վրա, թե իրեն հանրությունը չի պատվիրակել նախաձեռնողական քաղաքականություն իրականացնել Արցախի հարցերով։ Սա պարզ մանիպուլյացիա է, որը վիրուսի արագությամբ տարածվում է Հայաստանում։ Եվ դրան նպաստում են բոլոր այն մարդիկ, որոնք բաց տեքստով հայտարարում են, թե Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով, զարգանում և զվարճանում է՝ մոռանալով Արցախի հայերի մասին։ Չի կարող նման բան լինել։ Սա ինֆորմացիոն զոնդաժ է, որից պետք է զգուշանալ։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1153 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ