...

Սև, ավելի սև, ուրիշ ոչինչ՝ բացի սևից

Սև, ավելի սև, ուրիշ ոչինչ՝ բացի սևից

Ինքնավար Հանրապետություն

Դե, սև լինի անցնող շաբաթը: Այնպես ենք ասում, կարծես անցած շաբաթները գույնզգույն էին: Մալևիչի քառակուսին այս շաբաթների կողքին համարյա սպիտակ կարելի է համարել: Ասում են՝ օրը կգա, բարին հետը: Մեզ մոտ հակառակն է. օրը գալիս է, չարը հետը:

Ու որ առավոտը բացվում է, սրտի դողով լրահոսը բացում ես, տեսնես. էսօր ի՞նչ փորձանք է եկել մեր գլխին: Ոչ թե. փորձանք կլինի՞, այլ փորձանքը նաղդ է, բայց որտեղ, որտեղից, ում կողմից: 

Պետությունը ինքնահոսի է վերածվել: Ով ոնց կարողանում, գլուխը պահում է: Իշխանություններն իրենց գլուխն են պահում, ընդդիմությունը՝ իր: Չէ, հրապարակավ հոյակապ խոսում են, ինչ-որ հաջողություններ ներկայացնում: Ալեն Սիմոնյանը, օրինակ, հպարտությամբ ինչ-որ տեղից նյութ էր տարածել, ըստ որի՝ Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է: Իշխանականներն էլ փքված, աչքներս էին կոխում այդ հրապարակումը: Հենց հպարտության դոզան անցավ 100 միլիգրամի սահմանը, մեր իսկական սահմանում տեղի ունեցավ իսկական ողբերգություն, որը 15 զինվորի կյանք խլեց:

Կաբինետս կացարանիդ վնաս չէ, վնաս չէ

Ժամը ժամի վրա նոր մանրամասներ են հրապարակվում այդ ողբերգության մասին, մազերդ բիզ-բիզ է կանգնում: Էս էն Նիկոլ Փաշինյանն է, որը ժամանակին բանակում ամեն մի միջադեպի վերաբերյալ հավաստիաղբյուրախառն ելույթներ էր ունենում, պահանջում առնվազն մի 10-20 հոգու ազատել աշխատանքից, բռնել-դատել: Էս էն Փաշինյանն է, որը հպարտությամբ հայտարարում էր, թե զինվորն այսքան կուշտ չի եղել, դիրքերն այսքան կահավորված, անվտանգ ու ապահով չեն եղել, ոնց որ իր օրոք: Ու հիմա պարզվում է, որ մեր զինվորները սարերի վրա, էս բուք ու բորանին, ցրտին ինչ-որ փարախներում են ապրում: Որտեղ ոչ լույս կա, ոչ գազ, ոչ ջեռուցում: 

Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին տանես այնտեղ, ասես՝ դե, շատ չէ, մի շաբաթ ապրեք: Ապրեք այնպես, ինչպես այս զինվորներն են ապրում: Մի շաբաթ: Վայ թե երկու օրում սաղ մարդ չմնա: Չեն դիմանա այդ պայմաններին: Դե, դժվար է Կատարի +35 աստիճան ջերմությունից, կոմֆորտ ու տաք կաբինետներից հետո... ոնց որ աֆրիկյան գետաձիին տանես Անտարկտիդա, մի օրից կսատկի: 

Նման դեպքից հետո նորմալ երկրներում հրաժարականների շքերթ է սկսվում: Ոչ մի հրաժարական չի եղել: Հայաստանի վարչապետի փոխարեն Նոր Զելանդիայի վարչապետն է հրաժարական տալիս: ՊՆ նախարարի փոխարեն Գերմանիայի պաշտպանության նախարարն է հրաժարական տալիս: Ընդ որում, այդ երկու հրաժարական տված անձինք կանայք են: «Նամյոկը» հասկացաք: 

Արցախում հոսանքը հողին տալու վախտն է

Մեկը երեկ գրել էր, թե ոնց որ ինադու լիներ այս դեպքը, որ մարդկանց ուշադրությունը Արցախից շեղեն: Չկա նման բան: Արցախի վրա ուշադրություն դարձնող վաղուց չկա: Ընդհակառակը, այդ Արցախն է իշխանություններին ու իր ընդդիմությանը շեղում իրենց կոմֆորտ ու հայրենանվեր ապրելակերպից: Իսկ Արցախում պրոբլեմների ծաղկեփունջ է, այնտեղ առաջին անհրաժեշտության ապրանքները կտրոնով են տալիս, ադրբեջանցիները օրումեջ նոր պահանջներ են դնում, սկսվել են էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ: 

Ու ի՞նչն է հետաքրքիր. ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ դաշնակները, ո՛չ սրանց կողմից կերակրվող քաղաքագետները, քյարթու մտավորականները, դեռ ոչ մի բառ չեն ասել այն մասին, որ Արցախի իշխանությունները հոսանքը հողին են տալիս, որ հովհարային անջատումները ինադու են անում, որ Արցախը հանձնեն, որ էլեկտրաէներգիայի դեֆիցիտն ընդամենը սխալ կառավարման արդյունք է, որ Արցախի իշխանությունները մազութ են լափում: 

Ասում են՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է, գազատարը փակել է, Արցախը բլոկադայի է ենթարկել, դրա համար էլ հովհարային անջատումներ են, հացն էլ տալոնով են տալիս: Չի կարող նման բան պատահել, ո՞վ է տեսել, որ պատերազմի ժամանակ նման ծանր իրավիճակներ ստեղծվեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6279 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ