День скюрика
Տեսե՞լ եք, թե ինչպես է սկյուռիկը թմբուկի մեջ վազում: Վազում, վազում, վազում է, բայց միշտ նույն տեղում է մնում: Մոտավորապես այս սկյուռիկի վիճակում է Հայաստանի ներքաղաքական միտքը: Այսինքն, այս վիճակը արդեն շուտով 23 տարի կլինի, ինչ առկա է:
23 տարի է, դոփում ենք տեղում: 23 տարի բոլորը ցույց են տալիս, որ վազում են առաջ՝ դեպի ապագա, իրենց առջև նպատակներ ու երազանքներ են դնում, որին ձգտում են հասնել, իսկ տեղ չեն հասնում, որովհետև մի միլիմետր անգամ առաջ չեն շարժվել: Մինչդեռ թմբուկը, այս դեպքում՝ աշխարհը, այս ընթացքում միշտ շարժվել է, զարգացել է:
Տեղում վազելու նոմինացիայում մենք հավասարը չունենք: 88-ի շարժման միտքը, ոգեղենությունը, էներգետիկան աստիճանաբար մարեց: Հիմա 88-ի շարժումը ինչ-որ անհավանական, այլմոլորակային երևույթ է թվում, երբ տեսնում ես, թե ինչ է կատարվում Հայաստանում:
Այս 20 տարում մսխվեցին մեր փառահեղ հաղթանակները: Մենք նկատի չունենք միայն Արցախյան պատերազմը: Հաղթանակ էր, որ Հայաստանը կայանում էր որպես պետականություն, հաղթանակ էր, որ մենք ինքներս էինք տնօրինում մեր ճակատագիրը, հաղթանակ էր, որ Հայաստանը միջազգային հանրության կողմից հարգված էր՝ որպես ծանր տառապանքներ և փորձություններ աներևակայելի կերպով հաղթահարած պետություն, որ մենք ձայնի լիիրավ իրավունք էինք ձեռք բերել աշխարհի բոլոր մեծամեծերի հետ հարաբերություններում:
Ու հիմա մարդու սիրտ է ճմլվում, երբ տեսնում է, թե ինչի են վերածել երկիրը: Դարձրել են մի մեծ աղբանոց: Աղբանոցը ի՞նչ է. դա մի վայր է, որտեղ հավաքում են անպետք, օգտագործված, նեխած, ժամկետանց, փչացած բաները: Նայում ես քաղաքական դաշտը՝ աղբանոց, ինչքան օգտագործված, ժամկետանց, փչացած դեմք կա, հավաքվել են այնտեղ: Նեխահոտ է գալիս: Ու ցավն այն է, որ ոչ միայն սրանցից է նեխահոտ գալիս, այլև սրանց արտահայտած մտքերից, եթե դրանք կարելի է միտք համարել:
Գժերի ցավը տանենք
Որ իրար կողք դնենք մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչների արտահայտած մտքերը՝ թեկուզ մեկ շաբաթվա կտրվածքով, կթվա, թե ինչ-որ գժանոցում ենք:
Ալեն Սիմոնյանն ասում է՝ մենք չենք հանձնել հողերը, կռվով ենք պարտվել: Այսինքն՝ կռվով պարտվելիս հանձնել չկա:
Վազգեն Մանուկյանն ասում է՝ ֆսյո, բոլ ա, ջոկատներ ստեղծենք, տանք, փշրենք, ջարդենք, ակն ընդ ական, իշխանությունների ցանկն ընդ ցանկապատ, պատուհասն ընդ ռոմանտիկ, ազգակործանն ընդ ազգափրկիչ: Հայաթ առ հայաթ, թաղ առ թաղ, քուչա առ քուչա:
Սասուն Միքայելյանն ասում է՝ էսի պարտություն չէր: Դե հա, հայերը ե՞րբ են պարտվել, որ հիմա պարտվեին: Հայերը միշտ հաղթանակ են տարել: Ճիշտ է՝ բարոյական, բայց դե՝ հաղթանակը մնում է հաղթանակ:
Հայկ Գևորգյանն ասում է՝ Կապանի կողմերի էն հողերը իրենցն է, մի՛ անհանգստացեք, խնդիր չկա: Սաղ ճշտած է, GPS-ով, կադաստրով, ՄԱԿ-ի կոնվենցիաներով: Ակամա այն անեկդոտն է հիշեցնում, որ «Զապի» վարորդը «Յաշիկին» հետևից մի քանի անգամ խփում է, վերջում ասում՝ քշի ապեր, ես եմ, ես:
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սահմանամերձ գյուղ լինելը պետք է դառնա ոչ թե թերություն, այլ՝ առավելություն: Հայաստանը տեղով մի մեծ սահմանամերձ համայնք եք դարձրել, թե դրա առավելությունը որն է, Աստված գիտի:
Ալեն Սիմոնյանն ասում է՝ պետք է զրպարտության համար տուգանքը մի 2 մլն դրամ դարձնել: Այնպիսի տպավորություն է, որ սրանք ինչ-որ տեղից ճարել են Ռոբերտ Քոչարյանի կառավարման մեթոդների կոնսպեկտները և հիմա մանրից օգտվում են:
Հայկ Բաբուխանյանն ասում է՝ գնանք, Պուտինի ոտքերն ընկնենք, աղաչանք-պաղատանք, թող գա, մեր հարցերը, ավելի ճիշտ՝ ադրբեջանցիների հարցերը լուծի:
Ցանկը կարելի է անվերջ շարունակել, քանի որ սրանք բոլորը անվերջ խոսում են:
Մահակ կամ ազատություն
Հիմա կարող է հարց առաջանալ. ի՞նչ անենք: Կամ մեզ հարցնեն՝ ի՞նչ եք առաջարկում: Անկեղծ ասած՝ չգիտենք: Հիմա այնպիսի ժամանակներ են, որ շիտակ խոսքին ծուռ են նայում, իսկ անկապ դուրս տալը՝ հայրենասիրություն, պետականամետություն, ազգափրկություն և այլն: Ո՞ր մեկին խելքի բերես: Միայն մահակն է մնում, որ դրանով սրանց գլխին տաս: Հանգիստ եղեք, մենք դա չենք անի: Հիմա այդ մահակից ռուսներն ունեն, ադրբեջանցիները, թուրքերը... Այնպես են անելու, որ իրենցից մեկը այդ մահակը օգտագործի: Գուցե այդ ժամանակ հիշեն, որ մարդուն ուղեղը տրված է մտածելու համար: