...

Հատված կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի գաղտնի ելույթից

Հատված կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի գաղտնի ելույթից

Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել մի հատված կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի արտասանած, բայց չհրապարակված ելույթից, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

- Բարև ձեզ։ Նստեք, նստեք։ Պրն Սիմոնյան, Դուք է՛լ նստեք։ Ուրեմն, օրակարգում ունենք 62 հարց, որոնցից 61-ը գաղտնի, մեկը՝ չզեկուցվող․․․ Ալենչո, ասեցի՝ նստի, հերիք ա ծափ տաս։ Բայց էս հարցերն ինչո՞ւ են գաղտնի։ «Կառավարության գործունեության թափանցիկությունն ավելացնելու մասին»-ը ասենք թե հասկանալի է, բայց «Չինաստանից սպառազինությունների ձեռքբերում»-ը ինչի՞ ենք գաղտնի քննարկում։ Պրն Պապիկյան, Չինաստանից զենք ե՞նք առնում։ Լավ է, լավ, բայց նայեք՝ օրիգինալը լինի, հանկարծ չինական չլինի։ Չէ, կատակ եմ անում․․․ 

Լավ, մինչև օրակարգին անցնելը թույլ տվեք մի քանի ընդհանուր բնույթի նկատառումներ հայտնել։ Ուրեմն՝ ի՞նչ էի ասում։ Հիշում ե՞ք՝ ասում էի, որ առանց անգլերեն իմանալու նույնիսկ մոշ աճեցնել հնարավոր չէ։ Դե հիմա գյուղինստիտուտը պիտի միացնենք Բրյուսովին, թե չէ բերել ենք Պլանի գլուխ գյուղինստիտուտ ենք սարքել․․․ Պրն Միրզոյան, ինչո՞ւ աշխուժացաք, էս է՛դ պլանը չի։ Հա, իմիջիայլոց, քանի աշխուժացել եք՝ հիշեցնեմ, որ պիտի շրջանակային համաձայնագիր առաջարկենք Ադրբեջանին․․․ Ալենչո, դո՞ւ ինչի աշխուժացար, ոչ մի մրցույթ չենք հայտարարելու, Վերնիսաժից մի հատ շրջանակ ենք առնելու, էն իրենց առաջարկած 5 կետերի թուղթը դնենք շրջանակի մեջ, ուղարկենք։ Բա շրջանակային համաձայնագիրը էդ չի՞։

Հաջորդը։ Լսել եմ՝ ուզում եք վարչապետի աշխատավարձը բարձրացնել 200 հազար դրամով, թոշակները՝ 8 հազարով։ Դա անընդունելի է։ Այո, մենք պիտի թոշակները բարձրացնենք, բայց նախ պետք է թոշակառուներին ատեստավորել։ Կարող ա մարդ կա՝ փաստաթղթով 70 տարեկան ա, բայց արտաքինից 55 տարկան էլ չկա, որպես ի՞նչ ենք նրանց թոշակները բարձրացնում։ Բայց նայեք՝ պարեկային ծառայության աշխատակիցների ատեստավորման նման չանեք, էդ ի՞նչ բարդ պահանջներ էիք դրել։ Րոպեում 4 քաղաքացու ծեծում, այբուբենի իմացություն․․․ 

Մի րոպե, էս ի՞նչ որոշման նախագիծ ա․ «Կառավարության կարիքների համար ձեռք բերել 200 ավտոմեքենա»։ Ձեռ ե՞ք առնում։ Գրեք 400, որ բարկանամ, ասեմ «էս հո պադավատապետությո՞ւն չի» ու կարգադրեմ կիսով չափ կրճատել։ Գոտիները ձգելու ժամանակն է, ամեն ինչ պիտի սովորեցնե՞մ։ 

Հա, իմիջիայլոց՝ Տիգրան Ավինյանն ո՞ւր է։ Աշխատանքային այցով գնացել է Քաթար՝ ֆուտբոլ նայելո՞ւ։ Առջևում ձմեռ է, փոխանակ մայրաքաղաքը ձմռանը նախապատրաստվի՝ ինքն ա՞ նախապատրաստվում։ Այ օրինակ մեր քաղաքացիները խոհանոցներում գեյզեր են, չէ՞, տեղադրում։ Էս վերջերս Աննան գնացել էր Իսլանդիա, ասում ա՝ այնտեղ գեյզերները գետնի տակ են միացրած, նույնիսկ հոսանքի լարերը չեն երևում, բայց գետնի տակից տաք ջուր է դուրս գալիս։ Մենք է՛լ պիտի անցնենք այդպիսի տեխնոլոգիաների, որովհետև ցուրտն ու սառը ջուրը մեր ուղեղներում են։ Այ՝ պարոն Քերոբյանը տեղից ճիշտ է հուշում, մենք մրսում ենք ոչ թե այն պատճառով, որ տներում ցուրտ է, այլ որովհետև ճիշտ չենք տաքանում։ Եվ ընդհանրապես, պետություն ունենալու հարաճուն կամքը կախված է մեր քաղաքացիների՝ մրսելու վճռականությունից․․․ 

Ցավոք՝ ձայնագրությունն այստեղ ընդհատվում է։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ