...

Նիկոլ Փաշինյանի երազը

Նիկոլ Փաշինյանի երազը

Ահավոր նյարդային վիճակում է, ոչ մի կերպ տեղը չի գտնում։ Սկզբում ամեն ինչ ընթանում էր ըստ պլանի․ Ալեն Սիմոնյանը շատ պարտաճանաչ ձևով կառավարական դաչայի մուտքի մոտ բանանի կեղևը տրորեց, թրմփաց գետնին, գոռաց «չյո՛րտ պոբերի», ինքն ու Աննան թևերը մտան, ներս տարան, գիպսի մեջ դրեցին Արցախից հրաժարվելու գրավոր պարտավորությունը՝ նոտարով-բանով հաստատված, որ հետը տանի Գերմանիա, այնտեղ բարեկիրթ հարևանները գիպսը փոխեն ու մեջը ուրիշ թուղթ դնեն՝ շվեյցարական բանկի հաշվեհամարը, որտեղ 5 միլիարդ դոլար կլինի․․․ Բայց արդեն քանի օր է՝ Ալենչոյից խաբար չկա։ Ու ինքը, պարապությունից, ժողովրդավարության օնլայն կոնֆերանսների է մասնակցում, բակում Ավինյան Տիկոյի ինադու կակաչ-բան է տնկում (թեև պայմանավորվել էին, որ կանեփն ու կակաչը Տիկոյի կուրացիայի տակ է), բայց միևնույն է՝ ուշքն ու միտքը Ալենչոյի կողմն է․․․ «Լավ, էլի, Նիկոլ, մի բանով զբաղվի, որ ցրվես»,- խորհուրդ է տալիս Աննան,- «ուզում ե՞ս գնանք Դիլիջանի կողմերը, մանուշակ հավաքենք․․․»։ «Էն անգամ է՛լ տենց ասեցիր, գնացինք մանուշակի տեղ զիբիլ հավաքեցինք»,- նյարդայնացած արձագանքում է ինքը, ապա գլխին քաշում «Ջերմուկի» շշի միջի զուլալ տնական հեղուկն ու վրայից խրթացնելով կծում թթու վարունգը՝ մոռանալով, որ տեսախցիկի առջև մասնակցում է ինչ-որ օնլայն գագաթնաժողովի․․․ 

Պատկերը փոխվում է։ Բեռլին։ Ալեն Սիմոնյանը քայլում է ինչ-որ խուլ, ծուռումուռ փողոցով, հասնում GPS-ով նշված կետին, թրմփում գետնին ու գոռում «չյորտ պոբերի», բայց՝ ոչ մի արձագանք։ Շվարած նայում է շուրջը ու մի քանի անգամ կրկնում՝ «չյո՛րտ պո-բե-րի՛»։ Վերջապես նկուղից դուրս են գալիս երկու բեղավոր միգրանտներ՝ զարմանալիորեն նման Էրդողանին ու Ալիևին, թևերը մտած՝ ներս տանում, գիպսը ջարդում, միջի թուղթը հանում, ուրախությունից ձեռքերը շփում՝ գոռալով «ազգակործա՛նո պատուհա՛սո, օբլիկո ամորալե», ապա նոր գիպս դնում․․․ 

Պատկերը նորից փոխվում է։ Երևան, Անվտանգության խորհրդի նիստ։ Ալենչոն էլ է մասնակցում՝ ձեռքը գիպսի մեջ։ Կարևորագույն հարցեր են քննարկում՝ Սիսիանի ջրմուղ-կոյուղու պետի տեղակալի թեկնածությունը, սակուրաները, ակադեմիական քաղաքի շաուրմայանոցների տենդերները և այլն, բայց չի կարողանում կենտրոնանալ, ուշքն ու միտքը Ալենչոյի թևի գիպսն է։ Արագ ընդմիջում է հայտարարում ու Ալենչոյին կանչում կողքի սենյակ։ Այնտեղ պարեկներն արդեն մուրճերը ձեռքներին կազմ ու պատրաստ սպասում են, բայց նրանց տեսնելով՝ Ալենչոն պանիկայի մեջ է ընկնում․ «լավ, էլի, շեֆ, սրանց տարեք, թողեք գոնե էն Ալեքսանյան Վահագը քացով խփի․․․»։ Բայց ներում-բեկում չկա, խաղաղության դարաշրջանը զոհեր է պահանջում։ Գիպսը ջարդում են։ Ինքը հանում է չորստակ ծալած թուղթն ու դողացող մատներով բացում․․․ Բայց թղթի վրա ընդամենը երկու նկար է, երկուսն էլ՝ երեք մատի կոմբինացիա։ «Էդ պասլատ են անո՞ւմ, շե՛ֆ»,- սփրթնում է Քոչարյան Անդոն՝ փորձելով կպցնել պոկված բեղը։ «Չէ, ի՞նչ պասլատ անել, 3+3 ֆորմատի մասին ա»,- մի կերպ կմկմում է ինքը․․․ 

Արթնանում է չորացած կոկորդով ու ծանր գլխացավով։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ