Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի ուղղությամբ աշխատել:
«Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում։ Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից։ Հիմա սա հասկանում է նաև Փաշինյանը։ Հիմա իրատեսական հիմունքներով նոր ճանապարհային քարտեզներ ստեղծելու ժամանակն է: Հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ նրան ներքաշել է սփյուռքը: Հնարավորությունների պատուհանը ոչ միշտ է բաց լինելու, և անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պահը», ասել է Էրդողանը:
«ՉԻ». Այստեղ էականը Էրդողանի վերջնագրային լեզվով խոսելը չի, կամ սպառնալից ոճը, այլ այն, թե ինչ քամահրանքով է արտահայտվում Հայաստանի իշխանությունների վերաբերյալ:
Նույնն էլ Ալիևն է, մի քանի անգամ տեսել ենք, թե ինչպես է Ալիևն իր ելույթներում ասում՝ Փաշինյանը հասկացավ, Փաշինյանը խելոքացել է, Հայաստանի իշխանությունները սկսել են մի քիչ մտածել:
«За державу обидно», այսպես ասենք: Ամեն օր հեգնում, ծաղրում, չար երեխային պատժած ծնողի դիրքով խրատներ են տալիս, բա ամաչելու բան է:
Ու սրանք արտաքին ոլորտում անզորությունից են այսպես ներքին քաղաքականությունում աքլորանում, սրան բռնում, նրան դատում, մեծ-մեծ բրդում: