...

Նիկոլի ու Էրդողանի գրեթե համատեղ ուղերձը

Նիկոլի ու Էրդողանի գրեթե համատեղ ուղերձը

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Նիկոլ Փաշինյանի տիկնոջ օնլայն գանահարումն ու ավելի ուշ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած ղալմաղալը կարծես երկրորդ պլան մղեցին օրվա կարևորագույն արձանագրումը․ այն է՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձը բովանդակային առումով սինխրոնիզացված էր Թուրքիայի նախագահի ուղերձի հետ։ Այո, ձևակերպումները տարբեր էին, բայց քաղաքական իմաստը նույնն էր։ Նիկոլ Փաշինյանը համարյա բառացիորեն կրկնեց այն, ինչ հարյուր տարի շարունակ պնդում էին Թուրքիայի բոլոր իշխանությունները։

Ինչպե՞ս են թուրքերը ներկայացնում հարյուր տարի առաջ տեղի ունեցածը։ Մոտավորապես այսպես․ «սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, իրենց երկիրը կենաց-մահու պատերազմի մեջ էր, իսկ հայերը երկրի ներսում թիկունքից հարվածում էին ու դավաճանաբար օգնում Օսմանյան կայսրության թշնամի Ռուսաստանին ու Անտանտայի մյուս երկրներին՝ հույս ունենալով նրանց օգնությամբ անկախություն ստանալ, հետևաբար՝ մեզ այլ բան չէր մնում, քան «տեղահանել» հայերին, ու շատ ցավալի է, որ այդ ընթացքում երկուստեք նաև զոհեր եղան»։ 

Իսկ ինչպե՞ս այդ ամենը «մեկնաբանեց» Նիկոլ Փաշինյանը։ «․․․Հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից»։ Ինչպես ասում են՝ գտեք երեք տարբերություն։ Նույնիսկ մեկը չեք գտնի, որովհետև հիմնական իմաստը նույնն է։ Թուրքական տարբերակ՝ «հայերը խելք չունեին, հավատացին օտարներին, նրանց ձեռքին խաղալիք դարձան, մենք էլ կոտորեցինք», նիկոլական տարբերակ՝ «մենք խելք չունեինք, հավատացինք օտարների սին խոստումներին, նրանց ձեռքին խաղալիք դարձանք, դրա համար էլ կոտորվեցինք»։ 

Ի դեպ՝ նույնն է նաև եզրակացությունը, թեև այս դեպքում նույնպես ձևակերպումները փոքր-ինչ տարբեր են։ Թուրքիան հայերին խորհուրդ է տալիս «հրաժարվել անհիմն հիշողություններից» և հարևանների հետ հարաբերությունները կարգավորել՝ առանց արտատարածաշրջանային ուժերի ներգրավման ու նրանց հետ հույսեր կապելու, հակառակ դեպքում կկորցնեն նաև այսօրվա Հայաստանը, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է, թե այլևս թույլ չի տալու, որ օտարները պատմական հայրենիքի սին խոստումներով մեզ գործիք դարձնեն, ՀՀ քաղաքացիներին էլ հորդորում է «դադարեցնել հայրենիքի փնտրտուքը» և մխիթարվել Հայաստանի Հանրապետությամբ, հակառակ դեպքում կկորցնենք նաև այսօրվա Հայաստանը։ Ու դարձյալ՝ եթե կարող եք, գտեք գոնե մեկ տարբերություն։ Հաստատ չեք գտնի, որովհետև այնպիսի տպավորություն է, թե Էրդողանի և Փաշինյանի ուղերձների բովանդակային սինխրոնիզացիան նույն կենտրոնում է իրականացվել։ Ընդ որում՝ դրա «իրավական բաղադրիչն» ավելի վաղ էր սինխրոնիզացվել, երբ, ի պատասխան Թուրքիայի՝ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու համառ առաջարկների, Հայաստանի իշխանական շրջանակները հանկարծ հայտարարեցին, թե պիտի «նույնականացնել» Ցեղասպանության զոհերին (ինչը, բնականաբար, հնարավոր չէ առանց «համատեղ հանձնաժողովի», այսինքն՝ փաստացի նշանակում է ընդունել Թուրքիայի առաջարկ-պահանջը)։

Այսպիսով՝ Թուրքիան համարյա հասավ Հայոց ցեղասպանության թեման մեկառմիշտ փակելու իր երազանքին։ Ընդ որում՝ ճիշտ նույն մեխանիզմով, որով Ադրբեջանը հասավ Արցախի հարցը փակելու իր երազանքին։ Բանն այն է, որ որքան էլ Ադրբեջանը պնդեր, թե Ղարաբաղի հարց գոյություն չունի, միևնույն է՝ միջազգային օրակարգում այդ հարցը կար։ Դադարեց լինել միայն այն բանից հետո, երբ Հայաստա՛նը հրաժարվեց դրանից։ Նույնն էլ Ցեղասպանության դեպքում է․ Թուրքիան հարյուր տարի է մերժում է, բայց այդ հարցը կա։ Չի լինի, եթե Հայաստա՛նը հայտարարի, որ այդ հարցը փակված է։ 

Ու այս օրերին հենց դա էլ տեղի է ունենում։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ