Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ՔՊ-ն առաջիկայում կփորձի հասնել Գյումրիի քաղաքապետի պաշտոնանկությանը և նրա փոխարեն նշանակել վարչապետի տիկնոջ մորաքրոջ թոռանը՝ փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանին։
Զարմանալի «մուտիլովչիկներ» են այս լրատվամիջոցները։ Իրականում ոչ թե 28-ամյա փոխքաղաքապետ, մասնագիտությամբ ատամնաբույժ Վահագն Մկրտչյանն է Աննա Հակոբյանի ազգականը, այլ Նիկոլ Փաշինյա՛նն է նրա փեսան։ Եվ ընդհանրապես՝ ցանկալի կլինի, որ լրատվամիջոցներն առհասարակ չանդրադառնան այս զգայուն թեմային, որովհետև «բաջանաղապետության» կապանքներից վերջնականապես ձերբազատված մեր երկրի երկրորդ քաղաքի մյուս փոխքաղաքապետն էլ (հասկանալի է՝ դարձյալ պատահաբար) պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է, ու հնարավոր է՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարի հետևանքով սրվեն գերագույն-գլխավոր հրամանատարի ու պաշտպանության նախարարի հարաբերությունները։ Էլ չենք խոսում հնարավոր զինված առճակատման մասին, որովհետև ամեն դեպքում՝ թեկնածուներից մեկի ազգականը պաշտպանության նախարարն է, մյուսինը՝ «Էրատո» ջոկատի հրամանատարը։
Այնպես որ, խորհուրդ կտանք անվտանգության նկատառումներից ելնելով՝ Գյումրիի քաղաքապետ նշանակել «գիր-ղուշով» կամ «Չինգաչգուկ» խաղալով։