...

Հովիկ Աղազարյանի երազը

Հովիկ Աղազարյանի երազը

Ինքը տեղեկատվական շտաբի ղեկավար է: Եվ ահա հերթական ճեպազրույցն է և ներկայացնում է իրավիճակը ռազմաճակատում: «Այսօր, ռազմաճակատի ողջ երկայնքով ընթացել են համառ ու լարված գործողություններ: Բաղրամյանում ընդդիմության բանակը փորձ է արել ճեղքել խորհրդարանի պաշտպանական բնագծերը և ներխուժել շենք, սակայն «Իմ բանակի» կազմավորումները հերոսական ջանքերի գնով կասեցրել են հակառակորդի գրոհը՝ վերջինիս պատճառելով մեծ կորուստներ: Մասնավորապես, բերման է ենթարկվել թշնամու 31 զինյալ, գերի է վերցվել 3 վարձկան, ոչնչացվել է 17 միավոր պաստառ»,- զեկուցում է ինքը, շունչ քաշում, հետո շարունակում. «Էլ ավելի համառ էին մարտերը Հրապարակում: Թշնամին ամեն կերպ փորձում է գրավել Կառավարության շենքը, ինչի համար նրա մատույցներում հսկայական ռեսուրսներ է մոբիլիզացրել, որոնց թվում է նաև հատուկջոկատայինների «Վերնատուն» ստորաբաժանումը, որը դիվերսիոն գործողություններով փորձում է խուճապ տարածել Կառավարությունում: Ներկայումս դիվերսիոն այդ խմբերը վնասազերծելու ուղղությամբ հատուկ գործողություններ են իրականացվում, ինչի համար մարտի են նետվել «Էրատո» հայկական էլիտար կորպուսի ջոկատները: Կառավարությունը մե՛րն է լինելու»,- բացականչում է ինքը: 

Գնում է իր աշխատասենյակ, միացնում հեռուստացույցը. Նիկոլ Փաշինյանն է ուղերձով հանդես գալիս. «Սիրելի´ իմ հպարտ ժողովուրդ: Իրավիճակը ճակատում շարունակում է բարդ մնալ: Ուզում եմ բացատրել, թե ինչ է տեղի ունենում: 

Ռուս խաղաղապահներն ինձ առաջարկել են ընդդիմության հետ հաշտության պայմանագիր կնքել՝ 3+1 բանաձևով: Այսինքն, առաջին փուլում մենք պետք է հանձնենք Խորհրդարանը, Կառավարությունը, Սահմանադրական դատարանը, իսկ հետագայում՝ բանակցությունների ընթացքում պետք է հստակեցվի իմ կառավարական դաչայի կարգավիճակը: Սակայն ես կտրականապես մերժել եմ այդ առաջարկը, քանի որ թշնամու ղեկավարը՝ Վազգեն Մանուկյանը, շարունակում է ագրեսիվ հայտարարություններ անել և անվտանգության ոչ մի երաշխիք էլ չի տալիս: 

Այս իրավիճակում գնալ հաշտության՝ նշանակում է միակողմանի զիջումներ անել և դավաճանել սեփական կուսակիցներին: Կոչ եմ անում մինչև վերջ պայքարել: Ամեն համայնքում պետք է ստեղծել կամավորական ջոկատներ և համայնք առ համայնք, բակ առ բակ, հայաթ առ հայաթ, բեսեդկա առ բեսեդկա կռիվ տալ նենգ թշնամու դեմ: Հաղթելու ենք: 

Հա, և վերջում ցանկանում եմ ավելացնել, որ այսօր Պուտինի հետ վեց անգամ հեռախոսազրույց եմ ունեցել»: 

Այդ պահին իրեն լրագրող է զանգահարում և հարցնում. «Պրն Աղազարյան, ի՞նչ կարծիք ունեք Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթի վերաբերյալ»: «Նիկոլ Փաշինյանը մտավոր ոչ մի բան չունի, բայց իմ վերաբերմունքն իր հանդեպ խիստ դրական է»,- պատասխանում է ինքը:

Սենյակ է ներխուժում Ալեն Սիմոնյանը, սփրթնած, գույնը գցած ու գոռում է. «Հովիկ, էս կռիվը պետք ա շտապ կանգնեցնել, էդքան ռեսուրս չունենք, 2-3 օր կարանք դիմանանք, հետո պռավալ է լինելու, մտնեն, սաղիս քացու տակ գցեն»:

Ինքը վռազ զանգում է Նիկոլին. «Շեֆ, խորհրդարանի գլխավոր շտաբի պետի տեղակալը զեկուցեց, որ պետք է փոխզիջումների գնալ, օրհասական վիճակ է: Ի՞նչ անեմ»: 

«Հանգիստ, ոչ մի խնդիր էլ չկա: Նոր եմ Մակրոնի հետ խոսել, ասաց, որ ինձ շատ է հավանում: Պետք է, որ լավ լինի»:

Ինքը դուրս է գալիս աշխատասենյակից, մեկ էլ տեսնում, որ ամբողջ Հրապարակը թշնամու վարձկաններով շրջապատված է: Նրանց շարքերից դուրս է գալիս Վազգեն Մանուկյանը, մոտենում կառավարության շենքի մուտքին, շրջվում ու հայտարարում. «Եթե 20 րոպեից չգամ, եկեք իմ հետևից»:

Ինքը վազելով վերադառնում է աշխատասենյակ, բացում սեյֆը, այնտեղից հանում դաշնակցական անդամատոմսն ու դնում գրպանը:

Արթնանում է ՀՅԴ գրասենյակում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 38, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ