...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Պուտին, պարտիա, բա ինչո՞վ

Տարին մանրից սկսում է վերջանալ, իսկ ահա համահայկական աղետներն ավարտվելու միտք չունեն: Քելբաջարի շրջանը անցավ ադրբեջանցիներին, այնտեղ մի դարպաս դրեցին, որը բեռլինյան պատի պես անջատելու է Արցախի ու Հայաստանի հայերին: Մնացել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, որը գնալով ռուսական ռուլետկայի է նմանվում. կամ ողջ կմնաս, կամ էլ՝ քեզ կառևանգեն: 

Բավական հետաքրքիր պատկեր է հիմա: Ամեն ինչ մեզ մոտ թղթի վրա է գործում: Ունենք թղթի վրա գործող իշխանություն, ունենք ընդդիմություն և ունենք Ռուսաստան: Այսօր Պուտինն է զբաղվում մեր հարցերով, հատկապես՝ Արցախում: Գերիների և անհետ կորածների հարցերով է զբաղվում, արցախցիներին ջուր, ջերմություն ու սնունդ տալու հոգսն էլ է իր վրա վերցրել, արդարանում է, թե ինչու սենց եղավ, ոնց Շուշին մնաց ադրբեջանցիներին: Ստեփանակերտցիներն էլ արդեն ռուսական զորքերին աղուհացով են դիմավորում: Նույնիսկ ադրբեջանցիներն են անիշխանության պատճառով օգնում հայերին՝ որ տան եղած-չեղածը շուտ հանեն, հեռանան Ադրբեջանին թողած բնակավայրերից, որոնց թիվը գնալով միայն աճում է:

Ոնց որ թե վիճակը վատ չէ

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է դժգոհ ստեղծված իրավիճակից: Ավելի ճիշտ, ասել է. «Ես ինքս էլ այնքան գոհ չեմ»: Այսինքն, ոնց որ թե գոհ է, բայց լիարժեք գոհ չէ: Ուզում ենք հասկանալ, թե ինչ պետք է լիներ, որ վճռականորեն դժգոհ լիներ: 7 շրջաննե՞ր ենք տվել. հա լավ, համարյա ավիրված, կիսամարդաբնակ տարածքներ էին: Պադումաեշ: Շուշի՞ն: Սենց թե նենց դժգույն քաղաք էր: Հադրութի շրջա՞նը: Պուճուր-մուճուր շրջան էր: Հազարավոր զոհե՞ր: Պատերազմ էր, կլինի: Գերինե՞ր, անհետ կորածնե՞ր: Պուտինը զբաղվում է, լավ կլինի: Փախստականնե՞ր: Դե, մեր պատմության ընթացքում հա էլ փախստականներ ենք ունեցել: Պետականության խարխլո՞ւմ, պետության հեղինակազրկո՞ւմ: Մինչև 2050 թիվը կշտկվի:

Բա ինչո՞ւ այնքան էլ գոհ չէ: Մեզ թվում է՝ երևի պատճառն այն է, որ վարկանիշն է մի քիչ ընկել: Գիտեք, երբ պատերազմ ես տանուլ տալիս, այն էլ՝ այսպիսի խայտառակ պայմաններով, ինչքան էլ արդարանաս, մեղքը գցես նախկինների վրա, համաշխարհային հանրության, պարտությունը բացատրես հազար ու մի չնախատեսված դավաճանություններով, քցոցիներով, մեկ է՝ հեղինակության անկում է գրանցվում: Սերժ Սարգսյանի օրոք 800 հեկտար հող էինք կորցրել, քիչ էր մնում մարդուն ցից հանեին: Մի ամբողջ խորհրդարանական հանձնաժողով էին ստեղծել, որը 2 տարի քննում էր, թե ոնց այդ 800 հեկտարը թշնամու ձեռքն անցավ:

Իսկ այս պատերազմի դեպքում, չգիտենք էլ, թե ինչ պետք է ստեղծվի ուրեմն: Առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մակարդակով պիտի ալամ աշխարհի հանձնաժողով լինի, որը 25 տարվա ընթացքում պիտի պարզի այս կապիտուլյացիայի պատճառները: Հանձնաժողովի նախագահն էլ պետք է Քոչարյանը լինի: Թե որ Քոչարյանը, դա թող իրար մեջ Անդրանիկն ու Ռոբերտը որոշեն:

Հայի հետին միտքը

Դեռևս սեպտեմբերի 1-ին ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ժիրայր Լիպարիտյանը ծավալուն հոդվածով հանդես եկավ, որտեղ իշխանություններին քննադատեց Տավուշի մարզում ռազմական գործողությունների և դրանից հետո Նիկոլ Փաշինյանի ռազմաշունչ հայտարարությունների, Սևրի պայմանագրի վերաբերյալ հայտարարությունների և ընդհանրապես, «ոչմիթիզականության» սկզբունք որդեգրելու համար: Նշել էր, որ այս ամենի արդյունքը եղավ այն, որ Ադրբեջանը ամբողջությամբ Թուրքիայի գիրկն ընկավ՝ այստեղից բխող հետևանքներով:

Դուք պիտի տեսնեիք, թե այդ մարդուն ինչ օրը գցեցին: Դավաճան, սրիկա, հողատու, անհայրենասեր, ինչ ասես, որ չէին ասում: Արդեն պատերազմի ընթացքում այդ հոդվածը բեսթսելեր դարձավ: Բոլորը տարածում էին, թե նայեք՝ մարդը ժամանակին զգուշացրել էր: 

Հիմա Լիպարիտյանը մի նոր հոդված է հրապարակել, որտեղ պրոֆեսիոնալ կերպով մանրամասն վերլուծել է այս աղետի պատճառներն ու հիմքերը: Ներկայիս իրավիճակի մասով գրել է. «Այն, ինչ մենք այսօր ունենք ռազմավարական մտածողության հարթությունում՝ կառավարության և ընդդիմության, որն ուզում է փոխարինել այն, խիստ մտահոգիչ է և վտանգավոր։ Մենք տեսնում ենք իրական հարցերին և ակնհայտ պատասխաններին առերեսվելու շարունակական մերժումը, նույն կարգախոսների կրկնությունը, նույն պատրանքներին կառչած մնալը։ Մենք առաջարկում ենք սխալ բուժում՝ սխալ ախտորոշման համար:

Կառչելով նույն ձախողված և թանկ արժեցող ռազմավարության շարունակությունից՝ կառավարությունը փորձում է համոզել մեզ և, գուցե ինքն իրեն, որ այն, ինչ նա մտածում էր խնդրի մասին, այդ մասին մտածելու միակ ձևն էր, և որ այն, ինչ արվել է, անելու միակ ուղին էր: Վարչապետը խոստովանեց իր աննշան սխալները, որոնք քողարկում են նրա մտածողության և ռազմավարության իրական ձախողումները։

Նրա դեմ փողոց դուրս եկած կուսակցություններն անգամ չեն արել այն, ինչ արեց Փաշինյանը։ Նրանք դեռ պետք է ընդունեն իրենց սխալները՝ մեծ կամ փոքր։ Այս ընդդիմությունը բաղկացած է կուսակցություններից, որոնք սխալ ռազմավարության և խնդրահարույց մտածելակերպի հիմքն էին, մի խումբ, որը երբեք հարց չի բարձրացրել անխուսափելիորեն պատերազմի հանգեցնող ուղու մասին, ընդդիմություն, որը ծափահարում էր, երբ Փաշինյանը մերժեց Լավրովի առաջարկած փոխզիջումային լուծումը, ինչը կարող էր մեզ այսօրվա վիճակից ավելի լավ վիճակում թողնել, և դա անել առանց պատերազմից առաջ և դրա ընթացքում ունեցած բոլոր կորուստների: Մենք պետք է հարցնենք ՝ ի՞նչ խնդիր են լուծել այդ մարդիկ։

Ոմանք նույնիսկ առաջարկում են չեղարկել հրադադարի համաձայնագիրը, ստիպել մյուս ստորագրողներին փոխել այն կամ նույնիսկ վերադառնալ պատերազմի՝ վրեժխնդիր լինելու համար։ Պե՞տք էր արդյոք, որ նախագահ Պուտինը զգուշացնի մեզ, որ ցանկացած նման քայլ հավասարազոր է ինքնասպանության։

Պատմական կորուստների հանգեցրած այս մտածողության շարունակման հնարավոր հետևանքը կարող է լինել այն, որ պատերազմը կրկնվի, ու կորցնենք նաև այն, ինչ մնացել է մեզ։

Այժմ ժամանակն է փոխելու ոչ վաղ անցյալի պատմության մասին մեր տեսակետը, եթե ուզում ենք մշակել ապագայի համար մի ծրագիր, որը կարող է դիմակայել ժամանակի և ողջախոհության փորձությանը»:

Չնայած, այս ամենի մասին մենք էլ բազմիցս գրել ու դեռ գրելու ենք, բայց Ժիրայր Լիպարիտյանը լրիվ ծամել-դրել է այս իշխանություն-ընդդիմության բերանը: Բայց խիստ կասկածում ենք, թե որևէ հետևություն կանեն: Անող էին, շուտ կանեին:

«Չորրորդ իշխանություն», թիվ 37, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ