...

Ցեխից ցեխ Հայաստան

Ցեխից ցեխ Հայաստան

Եվ այդ անմեղը դո՞ւ ես, և այդ անմեղը դո՞ւ ես

Չէ, բայց դուք տեսաք, չէ՞, թե ինչ եղավ այս շաբաթ: Ոնց Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում աջուձախ տոպկեց: Ալիևի հասցեին էլ պոետիկ համազարկ տվեց: Դրեց ու չորով հայտարարեց, որ պատերազմի ժամանակ բոլորը կռվել են, ռազմական գործողություններ են մշակել, հարձակվել, նահանջել, տարածքներ ու զինտեխնիկա կորցրել, անհաջողության մատնվել, բացի՝ իրենից: Այո, բոլորը մեղավոր են՝ բացի իրենից: Գեներալները, հրամանատարները, նախկինները, նույնիսկ՝ Ռուսաստանը, բայց՝ ոչ ինքը: Ափսոս, թրաշ ունի, թե չէ կասեր՝ պատերազմի ժամանակ թրաշված չէի:

Մենք և քոչարյանականները

Այս շաբաթ մեր հրապարակումներից մեկի տակ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր, որ մենք գնալով նմանվում ենք քոչարյանական մի լրատվամիջոցի: Կոնկրետ անուն էր տվել, որն էթիկայի կանոններից ելնելով, չենք նշում:

Այս գնահատականը տրվում է ցանկացած լրատվամիջոցի, որը քննադատում է իշխանություններին, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանին: Չենք կարծում, որ սա պատահական է արվում: Քանի ընտրությունների օրը մոտենա, այնքան իշխանությունները հաճախ են օգտագործելու «Ով մեր հետ չէ, քոչարյանական է» կարգախոսը: Նույնն էլ օրվա ընդդիմադիրներն են ասում. «Ով իշխանությունների հետ է, հողատու է, թուրք է, գործակալ է, դավաճան, սորոսական և այլն»:

Եկեք շիտակ խոսենք. մենք երկու տարի այս իշխանություններին խորհուրդներ ենք տվել, հուշել, առաջարկել, եղել է, որ քննադատել ենք, եղել է, որ քննադատել ենք նրա դեմ հարձակումներ գործող նախկիններին, եղել է, որ գովել ենք: Մենք երբեք իշխանություններին քննադատելու համար չենք օգտվել տարատեսակ տելեգրամյան ալիքներից, անկախ նրանից, այդ ալիքները ճիշտ լուրեր են տարածել, թե զառանցանք: Երբեք օդում կախված ինչ-որ լուրեր չենք հրապարակել, պաշտոնյաների  ընտանիքների անդամների մասին ապուշություններ չենք գրել: Քննադատելիս բացատրում ենք, թե ինչու ենք քննադատում: Դե թող մեկն ասի, որ այդպես չէ:

Դրա դիմաց ընդամենը մի բան ենք ակնկալել. որ իշխանությունները որոշակի քայլեր կիրականացնեն, որոնց շնորհիվ քաղաքական առողջ, նորմալ համակարգ կձևավորվեր, դատական նոր և անկախ համակարգ կստեղծվեր, նախկին իշխանությունների կատարած հանցագործությունները կբացահայտվեին, կրթության, մշակույթի և մնացած ոլորտներում բարեփոխումներ կիրականացվեին, և՝ իհարկե, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ քայլեր կարվեին: 

Ոչ մի բան չեն արել, դեռ մի բան էլ վիճակն ավելի են վատացրել, երկիրը տարել են դեպի պատերազմ, որը մեր համար աղետալի հետևանքներ ունեցավ, քաղաքական համակարգը, տեսնում եք, թե ինչ խենթանոցի է վերածվել, դատական համակարգը՝ տեսնում ենք, թե ինչ վիճակում է, ունենք տասնյակ հազարավոր փախստականներ, քարուքանդ եղած բանակ, պետության իսպառ հեղինակազրկում միջազգային հարաբերություններում, երբ ով հասնում, այսօր մեզ չռփում է, մի խոսքով՝ իսկապես քաոսային վիճակ են ստեղծել և ամենավատն այն է, որ անորոշ է այս վիճակը: Մենք չգիտենք, թե վաղը մեզ ինչ է սպասվում: Ղարաբաղի հարցը դեռ չի լուծվել, հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ցանկացած պահի կարող է նորից բռնկվել՝ մեր համար նոր ցնցումներով... բա որպես ի՞նչ այս իշխանություններին աջակցենք կամ գովենք: Միայն նրա համար, որ Քոչարյանը չգա՞: Այսինքն՝ Հայաստանի ու Արցախի հերն էլ անիծած, մենակ Քոչարյանը չլինի՞: Հետո՞: Նիկոլը հենց այդ սկզբունքով էլ հիմա գործում է: 

Մեզ էլ հետն է տանում

Հիմա Նիկոլը միայն մի բան է անում. փորձում է իշխանությունը պահպանել: Ինչ գնով, արդեն կարևոր չէ: Դրա համար էլ որքան ժամանակ է, իրար հակասող մտքեր է հայտնում, մի օր մի բան է ասում, մի շաբաթ հետո՝ լրիվ այլ բան, պատերազմի, նրա ընթացքի և հետևանքների վերաբերյալ պարբերաբար մանիպուլյացիաների է դիմում, խեղաթյուրում փաստերը, պատասխանատվությունը գցում բոլորի վրա: Ու իր այդ վարքագծով իրեն ցեխի մեջ է գցել: Որքան փորձում է ցեխից դուրս գալ, նոր ստեր հորինել, նոր մեղավորներ գտնել իր անհաջողությունների համար, այնքան ավելի շատ է ցեխի մեջ խրվում: Մեքենայի պես, որը ցեխի մեջ լռվում է, ինչքան գազ է տալիս, որ ցեխից դուրս գա, այնքան ավելի է խրվում ցեխի մեջ: Ու այդ ցեխի մեջ նաև իր կուսակիցներին, իմքայլականներին է քաշում: Մենք կասեինք՝ դե, ջհանդամը, ցեխի մեջ է, իր խնդիրն է, բայց ոչ, դա մեր խնդիրն է, որովհետև հիմա էլ մեզ, հանրությանը, երկիրն է ցեխի մեջ քաշում: Ասում է՝ կամ ես ցեխից դուրս կգամ, այսինքն՝ կպահպանեմ իշխանությունը, կամ էլ՝ միասին պետք է վարի գնանք:

Այ այսպիսի կրակի, ավելի ճիշտ՝ ցեխի մեջ ենք ընկել:

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1486 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ