...

Ներքյալական զարգացումները Հայաստանում

Ներքյալական զարգացումները Հայաստանում

Ով ավելի շատ կփրկի
    
Անցած շաբաթ Հայաստանի ներքաղաքական կյանքը... թեպետ, ներքաղաքական ասելը մի քիչ ճոռոմ է հնչում, ավելի ճիշտ կլիներ բնորոշել ներքյալական կամ ներքայլական: Ո՞ւր է այստեղ ներքաղաքական: Մի խելոք բան ես լսում, զարմանում ես:

Բայց բոլոր դեպքերում, մի հուսադրող բան եղավ. վերջապես տարածքային ձեռքբերում ունեցանք: Առայժմ խոսքը Բաղրամյան պողոտայի տարածքի մասին է, որն ընդդիմությունը կամովին հանձնեց հայ ժողովրդին և նոր բնագծեր փորեց Դեմիրճյան փողոցում: Էլի բան է: Երևի սրանից ոգևորված, իշխանության ներկայացուցիչներն էլ հայտարարեցին, որ Շուշին ու Հադրութը վերադարձնելու հարցն իրենց օրակարգում է: Հիմա ընդդիմությունը սրան պետք է պատասխան քայլով արձագանքի: Պետք է իշխանությունը վերադարձնելու հարցը օրակարգից հանի, տեղը մտցնի, օրինակ՝ Քարվաճառի կամ Գորիս-Շուռնուխ ավտոճանապարհի  վերահսկողությունը վերադարձնելու հարցերը: Ով որ այս վիրտուալ պայքարում ավելի շատ բան վերադարձրեց, ուրեմն նա էլ կհռչակվի Հանրապետության 2021 թվականի բացարձակ փրկիչ:

Տոկոսը՝ մեզնից, թուքումուր ուտելը՝ ձեզնից

Իշխանությունները Հայաստանը փրկելու համար ընտրությունների են գնում: Առայժմ ռեյտինգայինով: Այնքան հետաքրքիր է այս ռեյտինգայինի շուրջ ընթացող բազարը: Քանի կար Նիկոլն ասում էր՝ սենց լավ ա, նորմալ ընտրական օրենսգիրք է, հետո ասաց՝ կքննարկենք այն փոխելու հարցը, ու մեկ էլ ռեյտինգայինի նոր պաշտպան հայտնվեց՝ «Լուսավոր Հայաստանը»: Ասում են՝ չէ, ի՞նչ փոփոխություն, այսքան թուքումուր կերանք, Նիկոլի հետ գործարքի գնացինք, համաձայնեցինք արտահերթ ընտրություններին, որ ռեյտինգայինը մնա: Կոպիտ ասած, ռեյտինգային համակարգը փայփայելու գործը իշխանությունները թողեց Էդմոն Մարուքյանի և նրա թիմի վրա: 

Թավշոտ ճանապարհ՝ Քոչարյանին

Բայց վերադառնանք փրկիչների և փրկության թեմային: Շատ լավ թեմա է: Մինչ Նիկոլը ազդարարում էր թավիշի վերջը, մինչ Սու ինքնաթիռների հրթիռներն էին ման գալիս պահեստներում, մինչ վայելում էր Հայաստանի աշխատավոր երեխաների, մանուկների և մանկապարտեզների դայակների սերն ու հարգանքը, այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը փրկվեց «Մարտի 1»-ի գործով պատասխանատվությունից: Սահմանադրական դատարանը որոշեց, որ իրեն առաջադրված այդ 300.1 հոդվածը հակասահմանադրական է: Այն Սահմանադրական դատարանը, որն այս իշխանությունները իբր թե բարեփոխեցին: Մի քանի կասկածելի դեմքի հանեցին, տեղը մի քանի այլ կասկածելի դեմքերի դրեցին, արդյունքը զրո է: 

Հետաքրքիր է, թե ինչպես են իշխանությունները մեկնաբանելու ՍԴ-ի այս որոշումը: Նիկոլը, պարզ է, պիտի ասի՝ սաղ Լևոնն է մեղավոր: Որովհետև Սահմանադրական դատարանն իր օրոք է ստեղծվել և դատարանում 80-ականների դատավորներ է նշանակել: Կամ էլ Սերժ Սարգսյանն իրենից թաքցրել է ՍԴ-ի նշանակությունը: 

Կարևորը բարձր վարկանիշն է

Համացանցում այս առթիվ անասելի աղմուկ է բարձրացել: Հանրության մի մասին ՍԴ-ի որոշումը ավելի շատ է զայրացրել, քան Արցախյան պատերազմում մեր կրած պարտությունը: Ու շատերն էլ հարցնում են. բա հիմա ի՞նչ է լինելու: Այսինքն, Քոչարյանի նստել-դատվելու հարցն ավելի կարևոր է, քան տարածաշրջանում ընթացող ոչ այնքան հաճելի զարգացումները, Զանգեզուրի շուրջ ստեղծված իրավիճակը, թուրք-ադրբեջանական էքսպանսիայի հեռանկարները: Պատերազմը դեռ չի ավարտվել: Մենք սա գիտակից մարդկանց համար ենք ասում, այլ ոչ թե իշխանությունների, որոնք ամեն քայլափոխի հպարտությամբ նշում են, թե ամենաբարձր վարկանիշն ունեն: 

Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովն էր օրերս հետաքրքիր մեկնաբանություն տվել: Ասում է. «Նիկոլ Փաշինյանը նույնիսկ եթե չընտրվի, ապա նա կասի, որ «ժողովուրդը» չի ցանկանում, որ ինքը հեռանա: Նա Հայաստանը պատկերացնում է որպես աֆրիկյան երկիր։ Նայեք նրա խոսքերին և արած գործերին։ Միայն աշխարհի 3-րդ կարգի երկրներում է, որ ամեն ինչ ասվում և արվում է «ժողովրդի» անունից։ 

Հարցնում են` ինչո՞ւ չես հեռանում, ասում է` «ժողովուրդը» չի ցանկանում։ Հարցնում են ինչո՞ւ շուտ պատերազմը չկանգնեցրիր, երբ կար շտաբի եզրակացությունը, որ պարտվում եք, ասում է` «ժողովուրդը» չէր ցանկանում։ Ինչ հարցնում են` խոսում է «ժողովրդի» անունից։  Ըստ նրա` պետք չեն բանակ, դատարան, այլ ինստիտուտներ` այդ ժողովուրդը և՛ բանակ է, և՛ դատարան, և՛ օրենսդիր»: 

Ավելացնելու բան էլ չմնաց:

«Չորրորդ իշխանություն», թիվ 12, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ