Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2019 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին քննարկումների ժամանակ մի պատմություն է ներկայացրել: Ասել է հետևյալը. «1999թ. հոկտեմբերի 27-ին, ոչ անհայտ կուսակցությանը պատկանող թերթի վերջին էջում տպագրվել էր Հանրապետության հրապարակի կենտրոնը, իսկ այդ կենտրոնում՝ մարդկային դիակ: Եվ մինչև հիմա էլ առեղծված է, թե ինչպես հենց այդ օրը, հենց այդ նկարը լույս տեսավ այդ թերթում»:
«ՉԻ». Վարչապետը չի ասում, բայց մենք մի փոքր այդ պատմության փակագծերը բացենք և մի փոքր էլ ուղղենք: Նման բան իսկապես եղել է: Այդ լուսանկարը հրապարակվել էր Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթում: Հրապարակի ֆոնին ոչ թե դիակ էր, այլ կամուֆլյաժի պես մի բան, տակը մակագրված էր՝ «Դեռ երեկ մի ուրվական էր շրջում Երևանում, ազնիվ հարկատուի ուրվականը…»:
Բայց ավելին ասենք: Այն ժամանակ թերթի գլխավոր խմբագիրը Շաղիկ Մարուխյանն էր՝ ՀՅԴ ղեկավարներից Հրայր Մարուխյանի դուստրը: Եվ ահա հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ոչ անհայտ Դավիթ Շահնազարյանը (այն ժամանակ ընդդիմադիր «21-րդ դար» կուսակցության ղեկավարն էր) հանդես եկավ հայտարարությամբ, բաց տեքստով ՀՅԴ-ին մեղադրեց ոճրագործության մեջ և հերթական անգամ ընդգծեց, որ Դաշնակցությունը ահաբեկչական կառույց է:
Շաղիկ Մարուխյանը պատասխանեց Դավիթ Շահնազարյանին և մի շարք սպառնալիքներ տեղաց նրա հասցեին՝ նաև ակնարկելով ֆիզիկական հաշվեհարդարի մասին:
Հավելենք միայն, որ այդ նույն Դավիթ Շահնազարյանը հիմա նստած է այն մարդկանց կողքին, ում նա տարիներ շարունակ ահաբեկիչներ է անվանել:
«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2020