...

Իսկ դրոշները կարմիր են

Իսկ դրոշները կարմիր են

ԵՐԻՏԴԱՇՆԱԿ

Սկիզբը` նախորդ թողարկմամբ

ՆԵՐԿԱ 

1988թ. դաշնակները սարսափում էին Հայաստանի անկախացման գաղափարից: Վկա` կարկառուն դաշնակ, ահաբեկչության տեսաբան Էդուարդ Հովհաննիսյանի քարոզները «Ազատություն» ռադիոկայանով: Հիշո՞ւմ եք` գործադուլ պետք չէ, առանց ՍՍՀՄ մենք չենք կարող Արցախի հարց լուծել... Հիշո՞ւմ եք: Եվ, իհարկե, ի սկզբանե մերժում էին Հայաստանի քաղաքական նոր առաջնորդներին, մերժում էին անթաքույց նախանձով ու ատելությամբ: Եվ սկսվեց: Կեղտոտ քարոզչություն, պսևդոազգային ճառեր, ցեղասպանության խնդրի անամոթ շահարկում: Իսկ 1994թ. բացահայտվեց «Դրո» կառույցը: Եվ դաշնակ լիդերները հայտնվեցին դատարանի դահլիճում: Ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա չեն թաքցնում, որ նախապատրաստել էին մահափորձեր հանրապետության ղեկավարների դեմ: Հայ ղեկավարների, իմ և ձեր ընտրած ղեկավարների դեմ: Ու այս ցուցակում` «Դրոյի» ցուցակում, գլխավոր տեղում էր նախկին դաշնակցականի կողմից սպանված Սպարապետը` Վ. Սարգսյանը: 1998-ին ազատվեցին բանտերից, բայց միայն իրավիճակի փոփոխության պատճառով, քանզի որևէ իրավական հիմք չկա սրանց արդարացնելու համար: 

Հիմա 2003-ն է: Ճառեր են ասում, դրոշ այրում, լիակատար իշխանության են ձգտում ու մեզ փորձում խաբել` 1915թ. մեծ ողբերգության թեման շահարկելով: Մի՛ թունավորեք երիտասարդներին: Հայկական պետությանը պետք չեն ահաբեկիչներ: Մենք ունենք մեր ազգային բանակը և հպարտ ենք դրանով, մենք ունենք մեր օրինական պաշտպանությունը, և սա՛ է մեր ազգային անվտանգության ու իղձերի պատվարը: 

Համոզվա՛ծ եղեք, ոչ ոք, ոչ մի հայ ու երբեք չի մոռանա 1915-ի արհավիրքը, չի մոռանա կորուսյալ հայրենիքը: Մենք կանենք նաև ամեն ինչ, որ երիտասարդներն իմանան հայազգի դավադիրների ու խառնակիչների դերի մասին մինչև Ցեղասպանությունն ու դրանից հետո: Դուք վաղուց արդեն անելիք չունեք Հայաստանում: Մանավանդ, դուք չէ, որ մեզ` վերապրողների ժառանգներիս, պիտի պատմեք Արևմտյան Հայաստանում տեղի ունեցածի մասին, դուք չէ, որ պիտի խոսեք հավերժ վրեժի մասին, քանզի մենք լավ գիտենք, թե ումից եք վրեժ լուծում և ինչ աղետներ եք պատրաստում այսօրվա Հայաստանի համար: Իշխանությունը ձեզ հակացուցված է, որովհետև ահաբեկիչները միայն կործանում են բերում երկրին, պետությանը, ժողովրդին: Ինչպես միշտ, ոտնահարում եք ազգային-պետական շահը, ինչպես միշտ, ազգային պետությունը ձեզ համար միայն միջոց է` կուսակցական-թայֆայական կարիքներին հագուրդ տալու համար: Միշտ հիշեք նաև ձեր կարմիր դրոշի մասին: Այրածը` նույնն էր: 

Հ.Գ.1. Բոլոր պատմական վավերագրերը կան: Կան նաև մարդիկ, ովքեր ձեր գործերին տեղյակ են մինչև 1915 թվականը Արևմտյան Հայաստանում ապրածների միջոցով: Ավելին, նրանց ժառանգներն են ու շատ լավ գիտեն և՛ կորցրած, և՛ գտած հայրենիքի գինը: Ես նրանցից մեկն եմ: 

Հ.Գ.2. Պատահական չէ, որ և՛ դաշնակցականները, և՛ այսօրվա իշխանավորները «պայքարում են» հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի դեմ: Պատահական չէ, որ լռում են այդ հանձնաժողովի ջանքերով ձեռք բերված կարևորագույն իրավական փաստաթղթերի մասին: Այսպես, Նյու Յորքում գործող Անցումային արդարադատության կոմիտեն ուսումնասիրել է 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցածի մասին իրեն ուղարկված փաստաթղթերը և որակել եղածը որպես Ցեղասպանություն: Կրկնեմ` սա կարևորագույն իրավական փաստաթուղթ է, ոչ քաղաքական հոխորտանք: Բայց ինչ կապ ունի իրավական որոշումը ՀՅԴ-ի և Քոչարյանի հետ, ոչ մի: Ճիշտ այնպես, ինչպես սրանք կապ չունեն որևէ իրավունքի, որևէ օրենքի հետ: 

Գրիգոր Խաչիկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 291, Մայիսի 2, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   566 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ