...

Հայկական ավանդական կուսակցությունները փոխակերպման շրջանում

Հայկական ավանդական կուսակցությունները փոխակերպման շրջանում

ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ

Հայ ժողովրդի պատմության վերջին հարյուրամյակին ծանոթ որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչպես են գործել հայկական ավանդական կուսակցությունները: Սկզբում, երբ Հայաստանը բաժանված էր տաճկական և ռուսական հատվածների, դրանք ստեղծվել և աշխատում էին տարբեր նպատակներով: Այսպես՝ հնչակյանների և ռամկավարների նպատակը Օսմանյան Թուրքիայից Հայաստանի վերջնական ազատագրումն էր և անկախ պետության ստեղծումը: 

Իսկ ՀՅԴ-ինը՝ Արևմտյան Հայաստանի ինքնավարությունը Օսմանյան Թուրքիայի կազմում (տես՝ Ջ. Կիրակոսյան, «Երիտթուրքերը պատմության դատաստանի առջև»): Սակայն երիտթուրքերի խոստումներին անսալով՝ դաշնակցականները մասնակցեցին 1908թ. հեղափոխությանը և հայերին հռչակեցին Օսմանյան Թուրքիայի լիիրավ քաղաքացիներ (կեցցե ինտեռնացիոնալը): 

Այնուհետև արևմտահայերն ականատես եղան հայկական կուսակցությունների ազգամիջյան գզվռտոցին, որի արդյունքում Արևմտյան Հայաստանի բնակչությունը կորցրեց միասնական կազմակերպված ինքնապաշտպանական համակարգ, զինված ուժեր ունենալու հնարավորությունից: Թուրքերը հիանալի հաշվարկել էին ամեն ինչ և հայկական հարցը լուծեցին յուրովի: 

1915թ. աղետից հետո Հայաստանի ռուսական հատվածը նույնպես օրհասական վիճակում էր: Բնակչությունը ծայրահեղորեն հյուծված էր հայ-թուրքական, հայ-ադրբեջանական բախումների հետևանքով, երբ վրա հասավ անակնկալ անկախությունը: 

1918թ. հայկական ազգային ջոջերը, որոնց զգալի մասը դաշնակցականներ էին, ստանձնեցին երկրի կառավարումը: Թե ինչպիսին էր նրանց քաղաքական դիմագիծն այն ժամանակ, մենք պատմել ենք բազմիցս: Անդրադարձել ենք և փոխադարձ ատելությանը, և ազգակիցների հանդեպ իրականացված ահաբեկչությանը, և կործանարար պայմանագրերին (Բաթումի, Ալեքսանդրապոլի): 

Բոլշևիկների կողմից Հայաստանը զավթելուց հետո ավանդական կուսակցություններն ստիպված էին գործել միայն հայկական գաղթօջախներում: Սակայն, կարծում ենք, հետաքրքրական է նրանց վերաբերմունքը հայրենիքի և այստեղ բնակվող ժողովրդի նկատմամբ: Գիտենք, որ Խորհրդային Հայաստանը ծանր տնտեսական պայմաններում էր գոյատևում: Ընդ որում՝ կար ժամանակաշրջան, երբ ժողովրդին անհրաժեշտ էր Սփյուռքի նյութական աջակցությունը: Եվ եթե ռամկավարները 1921թ. գիտակցում էին, որ բոլշևիկների դեմ դրսից պայքարելը անիմաստ զբաղմունք է, որ «Նոր ցնցում մը և նոր փոփոխություն մը» կարող էր վտանգավոր լինել Հայաստանի ժողովրդի համար: Նրանք ամեն ջանք գործադրում էին, որպեսզի չխզվի կապը Մայր Հայրենիքի հետ, որպեսզի ինչ-որ կերպ կարողանան օգտակար լինել հայաստանցիներին՝ համոզված լինելով, որ սփյուռքահայերի ազգապահպանման համար սա կարևորագույն գործոնն է: 

Ճիշտ հակառակն էին անում դաշնակցականները: Կորցրած իշխանությունը վերականգնելու սին հույսով տառապողները չէին խորշում անգամ Թուրքիայի օգնությանը դիմելուց և ամեն կերպ խոչընդոտում էին Հայաստանի բնակչությանը սատարելուն: Այսպես էլ շարունակվեց խորհրդային իշխանության 70 տարիներին: Եվ 1921-ին Կ. Պոլսում, և 1932-ին Փարիզում հայկական կուսակցությունները փորձել են համաձայնության գալ և գործունեության միասնական ծրագիր մշակել: Սակայն ամեն անգամ ՀՅԴ ղեկավարությունը դրժել է խոստումը:

Սփյուռքում նաև կռվախնձոր էր դարձել Հայ Դատը: Ռամկավար-ազատական կուսակցության 15-ամյակին նվիրված իր գրքույկում (1935թ.) Հովհ. Պողոսյանը գրում է. «Այս ուրացումին հեղինակները (Ալեքսանդրապոլի դաշնագիրը ստորագրողները - Գ. Խ.), որոնք փետրվարյան ապստամբության և Պրոմեթեականներու հետ գործակցության ալ հեղինակները եղան, ցույց տալով, թե Ալեքսանդրապոլի դաշնագրին ստորագրությունը ոչ թե ակամա և հարկեցուցիչ պատճառի մը, այլ կանխորոշված և կանխամտածված քաղաքականության մը արդյունք էր, մինչև այսօր կը մնան ղեկավարները Հ. Յ. Դաշնակցության, որ չէ մերժած այդ դաշնագիրը և չէ ժխտած այդ դաշնագրին տակ ստորագրողներուն հանուն թրքահայության խոսելու իրավունքը: Այս կերպով Հ. Յ. Դաշնակցությունը, իբրև քաղաքական կազմակերպություն յուրացուցած է Ալեքսանդրապոլի դաշնագրին ակտը, որով թրքահայ դատի անունով խոսելու իրավունքեն ալ կամովին հրաժարած» (էջ 30): Այնուհետև նույն հեղինակը նշում է, որ միացյալ Հայաստանի մասին բեմերից ճառողներն իրականում ներկա Հայաստանի դեմ պայքարն են տեսնում:

Ինչպես տեսնում եք. պայքարը թեժ էր նաև ավանդական կուսակցությունների միջև: 1980-ականներին Հայաստան զավեշտական լուրեր էին հասնում, թե ռամկավարն ու դաշնակը նույն եկեղեցին չեն մտնում կամ էլ ընդդիմանում են իրենց զավակների միջև ամուսնական կապին:

Սույն կուսակցությունները, նորից ենք կրկնում, 20 թվականից գործում էին՝ որպես նեղ ազգային կազմակերպություններ՝ հայրենիքից դուրս: Հետևաբար նրանք սովոր չէին հայկական հողում ապրելուն, հեռու էին հայրենիքի խնդիրներից, բոլորովին չէին կարող հասկանալ խորհրդային հայերիս հոգեբանությունը: Եվ այսպես՝ անպատրաստ նրանք վերադարձան Հայրենիք 1991 թվից հետո միայն:

Ավանդական կուսակցությունների տարաձայնությունները Հայաստանում շարունակվում էին մինչև 1998 թվի իշխանափոխությունը: Եվ սա հասկանալի է: Ռամկավարներն, ինչպես միշտ, գերադասում էին իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունենալ: Առանձնապես մեծ հույս չունեին ամբողջապես իշխանությանը հասնելու, քանի որ հայրենիքում նրանց ամորֆ գաղափարները հասարակական լայն խավերին չէին գայթակղում: Այլ էր ՀՅԴ-ն:

Հանկարծակի բացահայտվելով՝ այն հիմա էլ սկսեց պայքարել անկախ Հայաստանի նոր իշխանության դեմ՝ իրեն վերագրելով ճշմարիտ ազգայինի մենաշնորհն էլ, Հայ Դատն էլ, Սփյուռքն էլ: Նպատակը մեկն էր. ազատվել պետականության հիմնադիրներից, արցախյան հերոսամարտի ղեկավարներից, տիրանալ իշխանության լծակներին և...

1998-ին կարծես իրականացավ դաշնակների երազանքը, 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո ամրապնդվեց, Քոչարյանը Հայ Դատը դարձրեց պետական քաղաքականություն՝ քայքայելով պետականության հիմքերը, ամեն ինչ լավ է, մնում է ցրել ԱԺ-ն և այնտեղ նոր ընտրությունների միջոցով ապահովել մեծամասնություն: Էլ չեն հոխորտում ներկա իշխանության դեմ պարոնայք հավերժական հեղափոխականները, բայց քանի որ առանց թշնամու ապրել չեն կարողանում, շարունակում են անզիջում պայքարը՝ իշխանությունից հեռացածների «ապազգային դավերը մերկացնելով»: Մետամորֆոզներ է ապրում նաև ՀՌԱԿ-ը: Հայհոյանքների տարափ տեղալով ընդդեմ նախկինների՝ նրանք բացառիկ ու բորբ սիրով են կապված դաշնակների ծրագրերն իրագործող Ռ. Քոչարյանին: Սրանց հույսը բավական համեստ է. մի քանի տեղ են ուզում հայկական անձեռնմխելի պառլամենտում: «Միա՜յն չմեռնիր խղճուկի հույսը»,- կասեր Ռ. Պատկանյանը:

Հ. Գ. Դիմում եմ ՀՀ առաջին նախագահին. հարգելի պրն Լևոն Տեր-Պետրոսյան, չգիտեի՞ք՝ ովքե՞ր և ինչո՞ւ են գալիս Հայաստան...

Գրիգոր Խաչիկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 188, ապրիլի 25, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   653 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ