...

Թալեաթի դաշնակիցները

Թալեաթի դաշնակիցները

ԴԱՇՆԱԿ ԶԱՐԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

1911թ. Իտալիան հարձակվեց Տրիպոլիի վրա: Թուրքիան մտավ պատերազմի մեջ, իսկ «թուրքահայ ժողովուրդը, հակառակ Ադանայի արյունոտ հիշատակների, նորից կառավարության կողքին էր՝ անվարան նպաստելով երկրի պաշտպանության գործին: Պետության սպառնացող վտանգը հայությունն ընդունում էր վտանգ և իրեն համար» (Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Ե., 1993թ., էջ 4):

Հայության անունից խոսելուց առաջ, սակայն, ՀՅԴ գործիչները պետք է խոսեին կուսակցության անունից: Պոլսում, Եվրոպայում, Ս. Պետերբուրգում կամ Թիֆլիսում օտարների հետ վտանգավոր խաղերի մեջ մտած քաղաքականները գրեթե կապ չունեին հայրենիքում կատարվող գործընթացների հետ, տեղյակ չէին (կամ ձևանում էին, որ տեղյակ չեն) հայ բնակչության իրական վիճակին և տրամադրություններին:

Թուրքիայում դաշնակցականները շարունակում էին համագործակցել երիտթուրքերի հետ և համոզել ազգակիցներին, որ 1908-ի հեղափոխությունից հետո հայերն ապրում են իրենց աստեղային ժամը:

Սակայն 1912-ին Օսմանյան կայսրությանը մեծ վտանգ էր սպառնում: Բալկանյան պատերազմը, որտեղ սլավոն եղբայրներին անվերապահորեն աջակցում էր Ռուսաստանը, սպառնում էր կայսրության ամբողջականությանը: Եվ նույն 1912-ին Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը Նիկոլայ 2-րդին խորհուրդ էր տալիս հովանավորել Թուրքիայի հայերին: Թե ի՞նչ արժեցան այսպիսի խորհուրդները մեզ՝ հայերիս համար, կտեսնենք քիչ հետո: Իսկ Պոլսում դաշնակցական առաջնորդներից մեկը սրճարաններից մեկում հոխորտում էր ռուս գիտնական Ա. Գոլոբորոցկոյի առջև, թե հայերը ռուսներին բալկանյան պատերազմում կարող են օգնել 40000 կամավորներով: Սակայն հայտնի է, որ Բուլղարիայում ընդդեմ թուրքերի կռվում էր միայն Անդրանիկի հայկական վաշտը, իսկ օսմանյան բանակի շարքերում «իրենց պետական պարտքն էին կատարում» 8000 հայեր:

ՊԱՏՄԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌ

Երիտթուրքական իշխանությունները 1912-ին զգացին, որ հայերն ուզում են վերակենդանացնել 1878թ. Բեռլինի կոնգրեսի որոշումները (61-րդ կետ) Հայկական հարցի մասին: Այսինքն, Ռուսաստանն արդեն սկսել էր «ուշադրություն դարձնել» կովկասյան սահմաններին, և «բարենորոգչական» ծրագիրը նրան պետք էր, որպեսզի հայերի պես «հավատարիմ» պատվար ունենար թուրքական ծավալապաշտության դեմ: Պարզ է, որ Օսմանյան կայսրության իշխանությունները պետք է դիմադրեին այս նկրտումներին և «կոշտ» դիրք գրավեին հայերի նկատմամբ: Արևմտյան Հայաստանի գավառներում վիճակը խիստ վատթարացավ, բայց ՀՅԴ-ական Է. Ակնունին Իզմիրում պնդում էր, որ Իթթիհատի խոստումներին պետք է վերաբերվել լիակատար վստահությամբ: Նա գովերգում էր երիտթուրքական կառավարիչներին՝ հպարտանալով, որ հեղափոխությամբ սրբագործված թուրք-հայկական բարեկամությունը խափանեց արտաքին ուժերի դավադրությունը, այսինքն՝ Եվրոպան ստիպված էր ընկրկել:

Դժվար է, իհարկե, ըմբռնել, թե իրականում ի՞նչ էին մտածում մեր ազգի ներկայացուցիչները 90 տարի առաջ: Բայց զուգահեռներն իրենք են գալիս: Այսօր՝ 2002-ին, ավելի լավ ես տեսնում 1912-ը, քան, ենթադրենք, 20 տարի առաջ, երբ բոլորս խորհրդային երկրի քաղաքացիներ էինք, և ամեն ինչի պատասխանատուն Մոսկվա-Պոլիտբյուրոն էր: Այսօր՝ 2002-ին, երբ մեր արտաքին և ներքին քաղաքական գործընթացներում իշխում են «ազգային» գաղափարախոսներն իրենց զարմանահրաշ կոմպլեմենտարիզմով, երբ ցեղասպանությունն են դարձրել հիմնական դրոշ, երբ փորձում են շեղել դրանով հասարակության ուշադրությունը հին և նոր մեղքերից և, վերջապես, երբ հայտարարում են, որ Հայաստանն ունի մեկ սահման և երեք ճակատ, թվում է՝ 90-ամյա անցյալն է վերականգնվում: Եվ դարձյալ մեր տարածքում են բախվում գերտերությունների շահերը: Դարձյալ մենք չենք կողմնորոշվում և փորձում ենք բոլորի հետ սիլի-բիլի անել: Չնայած ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն անթաքույց ուրախություն է ապրում Վրաստանում ծավալվող գործընթացներից: Իհարկե, Ջավախք ունենք այնտեղ, ճակատ ունենք, ամերիկացիներն էլ վրացիներին նախապատրաստելու են կռվի, ու վրացիները փորձելու են ազատվել ռուսական «խաղարարներից», ետ բերել կորցրած Աբխազիան: Ի՞նչ է մնում ռուսական միլիտարիստական շրջանակներին, ոչինչ, «հովանավորել» Վրաստանում ապրող հայերին, ինչպես ժամանակին՝ 1914-ին, սկսեցին սադրել արևմտահայերին: Ընկեր վահաններ էլ հո միշտ կան: Միշտ պատրաստ են՝ սվիններով: Պատրաստ են հայաթափել Ջավախքն էլ, Հայաստանն էլ՝ հանուն սեփական կաշվի և արտերկրյա տերերի:

ՌՈՒՍԱԿԱՆ ՍԱՊՈԳԸ

Եվ ուրեմն, ռուսները XX դարի 10-ական թվականներին սկսեցին սիրաշահել հայերին: 1912-ին արդեն ակնհայտ էր, որ արևմտահայության մեծ մասի հայացքը դարձյալ ուղղված է Ռուսաստանին: Եվ հյուսիսային հարևանը չհապաղեց, 1913-ին ներկայացրեց բարեփոխումների իր ծրագիրը, որը, բնականաբար, կտրուկ ձևափոխվեց Թուրքիայի և եվրոպական պետությունների ճնշման տակ: Սակայն 1914թ. ապրիլից այն սկսեց գործել, և Արևմտյան Հայաստանի համար ընտրվեցին 2 եվրոպացի կառավարիչներ, որոնք պետք է վերահսկեին հայերի «մշակութային» ինքնավարությունը: Երիտթուրքերը չէին թաքցնում իրենց չկամությունը և «խթանում էին» հայկական գավառների մուսուլման բնակչության դժգոհությունը, որն արտահայտվում էր ամենավայրագ միջոցներով:

Սակայն հայ կուսակցականները այս իրադարձությունը համարում էին նվաճում: «Պատճառ չկար կասկածելու, որ վերջիվերջո թուրքերը տեղի կտան, և բարենորոգումները կմտնեն ուժի մեջ: Հայ ժողովրդի առջև բացվում էին նոր, անսահման, հրապուրիչ հորիզոններ» (Ս. Վրացյան, նույն տեղում, էջ 7): Էյֆորիան, ինչպես տեսնում ենք, մեծ էր: Եվ 1914 թվականն էր, երբ մեծ տերություններն ամենևին չէին թաքցնում աշխարհը վերաձևելու իրենց նպատակները: Մերոնք, ասես, թմբիրի մեջ էին: Ի տարբերություն նրանց, թուրքերը, գերմանացիների հետ դաշն կնքած, պատրաստվում էին: 1914թ. հուլիսին Էրզրումում տեղի ունեցավ ՀՅԴ 8-րդ ընդհանուր ժողովը, որի ընթացքում քննարկման նյութ էր դարձել նաև հնարավոր պատերազմը (վերջապես): Երիտթուրքերի հին դաշնակիցները որոշեցին ամեն ինչ անել Թուրքիան պատերազմից ետ պահելու համար: Ուշ էր և անիմաստ: Որովհետև ժողովը փակվելու պահին Էրզրում ժամանեցին կառավարության ներկայացուցիչները և բերեցին ուրույն առաջարկներ: Նրանց նպատակն, անշուշտ, Կովկասն էր և հայերին համոզում էին միանալ իրենց: Սակայն պահանջը չընդունվեց: Թուրքերը նույնպես անդրդվելի էին և հայերից ակնկալում էին լիակատար աջակցություն: «Բայց Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ եթե, այնուամենայնիվ, իրենց կամքի հակառակ, պատերազմը պայթի, Դաշնակցության Թուրքիո հատվածի բոլոր անդամները լրիվ կերպով կկատարեն իրենց պարտքը հանդեպ պետության» (նույն տեղում, էջ 9): Ինչպե՞ս կատարեցին: Այսպես. հայ երիտասարդները զորակոչվեցին թուրքական բանակ. դաշնակցականները հորդորում էին բոլորին չխուսափել ռազմական ծառայությունից, բայց ռուսների դեմ զենք չբարձրացնել: Շուտով հայկական շրջաններում հայտնի դարձավ զինվոր տանելու իրական նպատակը: Տղամարդկանց տանում էին ուղղակի սպանդանոց: Տարբեր պատմաբաններ պնդում են, որ հայերին զինաթափ են արել 1915-ի ապրիլից, սակայն ականատեսները հակառակն էին պատմում: Ինչպես նաև պատմում էին այն դասալիքների մասին, որոնք հրաժարվում էին մորթվելուց և փորձում փոքրիկ ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծել ու փրկել գոնե ընտանիքը: Ահա այսպիսի դասալիքներին էլ ՀՅԴ մանր-մունր գործիչները բռնում և հանձնում էին թուրքական իշխանություններին: Հետևանքները պարզ են:

Նույն ժամանակահատվածում բոլորովին տարբեր իրավիճակ էր Արևելյան Հայաստանում: Կովկասյան շրջանային ժողովում (1914թ. սեպտեմբեր) որոշվեց ստեղծել կամավորական ջոկատներ (ապակուսակցական) և ի սպաս դնել ռուսական հրամանատարությանը: Ռուսները խոստանում էին լուծել «Հայկական հարցը», չնայած պատերազմից առաջ իրենց հատուկ ցինիզմով հայտարարել էին, որ Հայաստանն իրենց պետք է առանց հայերի:

Ռուսահայոց այս քայլերը թուրքերի համար դարձան մի ավելորդ «փաստարկ» հայերի հալածանքներն արդարացնելու համար: Եվ 1914թ. նոյեմբեր-դեկտեմբերին սկսվեց տեղահանությունը: Հայրենիքից «գաղթեցին» 40000-ից ավելի հայեր:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԷԻՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Իսկ 1915-ին՝ ապրիլին, ծայր առավ ծրագրված, նախապատրաստված ոճրագործություն, որին մերոնք «պատրաստ չէին»:

Սկզբում՝ առաջին ամիսներին, երիտթուրքերին հավատարիմ դաշնակցականները թյուրիմացություն էին համարում տեղի ունեցողը: Նրանք զարմացած էին: Դոկտոր Լեփսիուսը նշում է, որ «դաշնակցական առաջնորդները միշտ սփոփվում էին ինքնախաբեությամբ՝ համարելով, որ տեղի ունեցողը թյուրիմացության հետևանք է»: Ու նամակներ, հեռագրեր էին հղում Թալեաթին՝ հիշեցնելով համատեղ պայքարի մասին: Չէին հասկանում ազգայինները, որ դատապարտված էր ողջ արևմտահայությունը: Դատապարտված էր, որովհետև ո՛չ թուրքերը, ո՛չ ռուսները, ո՛չ էլ Եվրոպան չգնահատեցին հայերի հավատարմությունն ու «ծառայությունները»: Որովհետև հայերն իրենք չհասկացան, որ ազատությունը ձեռք են բերում սեփական ուժերով:

Որովհետև ժամանակ կորցրին ու տարվեցին «դատարկ բաներով»՝ փողով, պաշտոնով, քծնանքով: Անհեռատեսության, անձնապաշտության գինը շատ թանկ էր: Այն մենք վճարում ենք ց՛այսօր: Վճարում ենք, որովհետև չենք ուզում տեսնել մեր մեղքը, հայրենիքի ու ազատության հանդեպ ուրույն, հայկական վերաբերմունքը: Այն ժամանակ էլ, հիմա էլ սպասում ենք ուրիշներին, ենթարկվում սադրանքների, և դրանից օգտվում են մեր միջի արկածախնդիրները: Հարավային Կովկասում դեպքեր են ծավալվում: Մենք, ինչպես միշտ, չենք կողմնորոշվում: Իսկ դաշնակներին կողմնորոշելը հեշտ է, ու նրանց կողմնորոշման արդյունքը կարող է դառնալ հայրենիքի վերջնական կորուստը: Եվ թույլ տալ, որ շարունակեն 1908-ին սկսածը...

Լ. Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 341, մարտի 8, 2002 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ