...

Թալեաթի դաշնակիցները-2

Թալեաթի դաշնակիցները-2

ԴԱՇՆԱԿ ԶԱՐԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

1998թ. փետրվարյան հեղաշրջումից հետո թմբկահարում են Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը: Այն դարձրել են արտաքին քաղաքականության հիմնաքարերից մեկը: Ֆրանսիան ճանաչեց: Շա~տ ուրախացան: Մեծ հաջողություն էին արձանագրել: Սակայն այս էյֆորիան ունեցավ տխուր վերջաբան: Ազգայինների կողմից ջերմորեն պաշտպանվող Ռ. Քոչարյանը «անզգուշորեն» հայտարարեց, որ Հայաստանը Թուրքիայից հողային պահանջ չունի: Այսինքն՝ կրկնեց Ստալինի արտգործնախարար Մոլոտովի ասածը: Բոլշևիկների ուշիմ սանն այլ կերպ վարվել չէր կարող: Ի սկզբանե էլ պարզ էր, որ Ցեղասպանության մասին գոռգոռալը բոլորովին էլ ինքնանպատակ չէր:

1. Այս աղմուկը դրսում պետք էր եվրոպացիներին, որոնք ձգտում են իրենց ազդեցությունն ուժեղացնել Թուրքիայում և մեր ժողովրդի դժբախտությունը հերթական անգամ օգտագործում են սեփական նպատակներով: 2002թ. մարտին Եվրամիությունը նորից է բարձրացրել այս խնդիրը՝ սքողելով սեփական շահերը քաղաքակրթության դասերով: Քոչարյանը պատվերները «լավ» է կատարում, դիմացը ստանում է «Պատվո լեգեոնի» շքանշան և իշխանությունը երկարաձգելու երաշխիք:

2. Երկրի ներսում Ցեղասպանություն գոռացողներն ապահովում են ազգի ցավերով տապակվողի կերպար: Բայց երկրի ներսում հասարակության մի մասը գիտակցում է, թե որտեղից է գալիս այս ամենը, և որքա~ն հայրենասեր են քոչարյանականներն ու ՀՅԴ-ն: Ուրեմն պետք է փակել հասկացողների բերանը: Պետք է սահմանափակել խոսելու հնարավորությունը, որպեսզի Արևմտյան Հայաստանի հետ ոչ մի կապ չունեցող գործիչների՝ հողերից հրաժարվելը քննարկման առարկա չդառնա, որպեսզի ՀՅԴ-ին չհիշեցնեն հենց իր կուսակցական պատմությունը, ի դերև չհանեն հին մեղքերը, չկարողանան ձեռքներից առնել հայդատականության «լուսապսակը», չխոսեն այսօրվա վտանգավոր խաղերից, որոնք շատ են հիշեցնում XX դարի սկիզբը: Ու Ցեղասպանության մասին օրենք են մոգոնել: Ու՞մ են պատժելու, ո՞ր գրքերն են արգելելու, ինչպե՞ս են խեղաթյուրելու պատմական փաստերը, էլ ի՞նչ բարոյական հաղթանակներ են տանելու և ու՞մ դեմ:

Չի ստացվելու, թույլ չենք տալու ազգային ցավը շահարկման և առևտրի առարկա դարձնել: Թույլ չենք տալու կործանել հայկական պետականությունը և կրկնել այն, ինչ արդեն արել են 1918-ից 1921 թվականներին:

Եվ ուրեմն 1921 թվականի փետրվարը Հայաստանում մնացած դաշնակցական առաջնորդների գործունեության ապոֆեոզն էր:

Բոլշևիկներին տրամադրելով երկրից մնացած բզկտված այս հատվածը՝ առաջին հանրապետության ղեկավարներից ոմանք մնացել էին հայրենիքում: Իշխանությունը վերականգնելու տենչը նրանց հանգիստ չէր տալիս: Արտասահման փախածները նույնպես կարծում էին, որ շուտափույթ վերադառնալու են հետ: Բնականաբար, բոլշևիկները հրեշտակներ չէին, Հայաստանում սկսվել էր հեղափոխական տեռորը, բռնագրավում էին գույքը, պատժում «նախկիններին», իրականացնում էին բազմաթիվ ձերբակալություններ և սպանություններ: Այս ամենը չէր կարող դժգոհություն չառաջացնել և հող չնախապատրաստել քաղաքացիական պատերազմի համար: Ու 21թ. փետրվարի 18-ին պայթեց տարերային ապստամբությունը, որի գլուխն անցան դաշնակցական կառավարության անդամները: Ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտեն, որի ղեկավարը՝ Սիմոն Վրացյանը, Փարիզում գտնվող գործիչներին գրում է. «Այսօր մենք երկու իրական ուժ ունինք մեր կողքին, մեկը Խորհրդային Ռուսաստանն է, մյուսը՝ Թուրքիան: Մյուս ուժերը շատ հեռու են: Առաջինի հետ, ինչպես ցույց տվեց դառը փորձը, հաշտվել չենք կարող. մնում է, որ հաշտվենք ու բարեկամանանք մյուսի հետ: Այդ անհնարին չէ, որովհետև մենք և թուրքերը ունինք ընդհանուր շահեր, որ ամենայն համերաշխությամբ կարող ենք պաշտպանել ընդհանուր ուժերով»: Նա փաստարկում է կարծիքը՝ գրելով, որ բոլշևիկների վերադարձը թուրքերի համար անցանկալի է և վտանգավոր, որովհետև Անդրկովկասի խորհրդայնացումից հետո Թուրքիան անմիջապես սահմանակից կդառնա Ռուսաստանին և կենթարկվի այդ երկրի ագրեսիային: Վրացյանը բացատրում է, որ անդրկովկասյան թույլ, նորակազմ, բայց անկախ երեք պետությունները որևէ սպառնալիք չեն ստեղծի հարավային հարևանի համար և կդառնան բուֆերային զոնա: Նա ավելացնում է. «Եթե Թուրքիայի և Ռուսիայի միջև ծագին անհամաձայնություններ, որ անխուսափելի են, հակաբոլշևիկյան հայությունը հանդիսանում է թուրքերի բնական դաշնակիցներից մեկը: Այս հողի վրա մենք հեշտությամբ կարող էինք համաձայնության գալ թուրքերի հետ՝ նրա և մեր օգտի համար» (Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Ե. 1993, էջ 657): Եվ դարձյալ դաշնակցականների միակ դաշնակիցը Թուրքիան էր: Ընդ որում, այս դերին մեր «հարևանները» վաղուց էին պատրաստվում: 1920թ. դեկտեմբերին՝ Հայաստանում բոլշևիկների հաստատվելուց անմիջապես հետո, թուրքական էմիսար Բեքիր Սահմի-բեյը բանակցում է Թիֆլիսում հայտնված դաշնակցականների հետ, հեքիաթներ է պատմում նոր՝ քեմալական Թուրքիայի մասին ու խոստումներ տալիս, թե հայերին կվերադարձվեն Կարսը, Ալաշկերտը, Վանը, եթե հայերն ապստամբեն Ռուսաստանի դեմ: Իսկ թուրքական բանակը Ալեքսանդրապոլում էր և դեռ երկար էր այնտեղ մնալու՝ մինչև 1921թ. ապրիլի 22-ը:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի դաշնակցական կառավարությունը 1920թ. դեկտեմբերի 2-ին պայմանագիր էր ստորագրել երկու մեծ պետությունների հետ: Այդ գործիչների մի մասը համաձայնության էր եկել Թուրքիայի հետ, մյուսը՝ բոլշևիկների:

Ալեքսանդրապոլի խայտառակ դաշնագրի մասին շատ ենք գրել: Հիմա հիշեցնում ենք: 1920թ. դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում առաջին հանրապետության դաշնակ ղեկավարները ստորագրել էին ամոթալի մի պայմանագիր, ըստ որի Հայաստանն անցնում էր Թուրքիայի հովանավորության տակ, ստանում էր ընդամենը 10000 ք/կմ տարածք և 1500 սվին պահելու իրավունք, «վերացվում էր պարտադիր զինվորությունը»: «Պատահաբար» այդ ժամանակ բոլշևիկներն ավելի ուժեղ էին և կարողացան վերցնել իշխանությունը: Վերոհիշյալ դաշնագիրը չվավերացվեց, բայց իր տխուր դերը կատարեց, որովհետև թուրքերը 1921թ. փետրվար-մարտին բանակցում էին բոլշևիկների հետ: Մոսկվա էր մեկնել նաև Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչը: Սակայն փետրվարյան հեղաշրջման լուրն էլ նրան զուգահեռ տեղ հասավ: Պարզ էր, որ Հայաստանում տեղի էր ունեցել «իշխանափոխություն», իշխանության էին եկել Ալեքսանդրապոլի դաշնագիրը ստորագրողները, իսկ բոլշևիկյան կառավարության ներկայացուցիչը լիազորություններ այդ պահին արդեն չուներ: Եվ թուրքերը չհապաղեցին: Քննարկման առարկա դարձավ իրենց ձեռնտու պայմանագիրը (Ալեքսանդրապոլի), բանակցություններից հեռացվեց հայկական կողմը: Ու մենք տարածքներ կորցրինք: 1921թ. մարտի 16-ին կնքված սովետաթուրքական պայմանագրով Ռուսաստանը զիջեց Կարսի, Արդահանի, Սուրմալուի, Արդվինի նահանգները և այլ տարածքներ: Մի կերպ փրկվեց Զանգեզուրը, իսկ Նախիջևանը մնաց Ադրբեջանին: Այսպիսին էր դաշնակցականների դաշնակիցը, սրանց հետ էին պատրաստվում ընդհանուր պայքար մղել բոլշևիկների դեմ: Ընդ որում, նույն տարիներին՝ 1918-ից 1922թթ. թուրքերը շարունակում էին հայկական ջարդերը: Պատմագիտական աղբյուրները նշում են, որ միայն Արևելյան Հայաստանի տարածքում թուրք զավթիչները 1920թ. աշնանը ոչնչացրել էին 198000 մարդ: Էլ չենք խոսում Արևմտյան Հայաստանում շարունակվող իրադարձությունների մասին: Սահմռկեցնող փաստերը կասկածի տակ դնել հնարավոր չէ: Հնարավոր չէ մոռանալ նաև մեր ազգային գործիչների անհեռատեսությունն ու մորթապաշտությունը, որոնց պատճառով նաև մենք ունեցանք այլևս անվերականգնելի կորուստներ: Ի՞նչ են պատրաստում այսօր: Նույնը: Որովհետև նույն անհեռատեսությունն ու շահամոլությունն ենք տեսնում այժմ: Եվ այսօր էլ սեփական կաշին փրկելու համար ոչնչի առջև չեն կանգնի:

Հայաստանը կդարձնեն տոտալ ճակատ, տարածքներ կզիջեն կամ կփոխանակեն, զոհ կտան ջավախահայությանը՝ օտարների պատվեր կատարելով, հետո, երբ արդեն այս պետությունն էլ, Աստվա՛ծ, մի արասցե, հաջողվի կործանել, կմեկնեն Փարիզ կամ Լիբանան ու էնտեղից ազգային-ազգային ճառեր կասեն:

Բայց չի ստացվելու:

Լևոն Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 343, մարտի 15, 2002 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   466 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ