ՌԵՏՐՈ
«Ցեղասպանության մասին ճամարտակողներդ, հենց հիմա պատրաստվում եք ծախել և՛ Արցախը, և՛ պետություն դարձած Հայաստան-հայրենիքը»: Այս տողերը տպագրվել են 20 տարի առաջ «Չորրորդ իշխանություն» թերթում։
ԱՆՀԱՅՐԵՆԻՔ
Երեք տարի առաջ Հայաստանում իշխանության եկան «ազգայինները»: Ի՞նչ նվաճումներ ունեն նրանք այսօր: Նրանց վարձու քարոզիչները հպարտորեն նշում են երկուսը.
1. չկա ոչ մի փակված կուսակցություն,
2. Հայոց ցեղասպանությունը ճանաչվում է աշխարհի հզոր երկրներում:
«Նվաճումներից» առաջինին կանդրադառնանք մեկ այլ հոդվածում: Իսկ երկրո՞րդը...
Ցեղասպանության ճանաչումը Ֆրանսիայում բուռն արձագանք է առաջացրել թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում:
Մեր «ազգայինները» սա համարում են Ռ. Քոչարյանի արտաքին քաղաքականության աննախադեպ հաջողություն: Անշուշտ, ՀՅԴ ներկայացուցիչներն էլ շտապում են հայությանը հասու դարձնել իրենց գործադրած «տիտանական» ջանքերին:
Հայաստանում այս ֆոնի վրա բարձրանում է ազգայնականության նոր ալիք: Կրկնում ենք՝ ազգայնականության: Եվ սա որևէ առնչություն չունի հայրենասիրության հետ: Հայկական ազգայնականությունն առաջին հերթին անհանդուրժող է հենց այն հայերի հանդեպ, որոնք համարձակվում են այլ կերպ մտածել՝ չտրվելով իրենց պրոպագանդիստական մոլուցքին: Եվ ուրեմն ովքե՞ր են հայաստանյան «ազգայինները», ո՞րն է «ազգասիրության» նրանց գինը, ի՞նչ նպատակ են հետապնդում: Այս երեք հարցին կփորձենք հակիրճ պատասխանել:
1. ՀՀ նախագահի դերը 3 տարի առաջ ստանձնած Ռոբերտ Քոչարյանը եկել էր Արցախը ապազգայիններից փրկելու կարգախոսով: Ինչպես է Արցախը փրկվում՝ տեսնում են բոլորը: Ապազգայինների իշխանության օրոք ձեռք բերված հայկական տարածքները ոչ մի նվաճում էլ չեն: Հայոց պատմությանն ու պետության կարիքներին անտեղյակ այս գործիչը որոշեց «հիշել» Ցեղասպանությունը: Սրա արդյունքն էլ ակներև դարձավ վերջերս, երբ պետական գլխավոր քարոզչամիջոց «Հայլուրը» որոշեց հեռարձակել Ռ. Քոչարյանի՝ թուրք լրագրող Բիրանդին տված հարցազրույցը: Հիշեցնենք, որ Ստրասբուրգում նա արդեն խոսել էր Սևրի դաշնագրից, ինչպես նաև տարբեր հարթությունների վրա էր դրել Ցեղասպանության ճանաչումն ու դրանից բխող մնացած հարցերը: Թողնենք հանգիստ պրն Քոչարյանի գավառական դիվանագիտությունը: Ավելի հետաքրքիր է նրա պատկերացումը Ցեղասպանության ճանաչումից հետո կատարվելիքի մասին: Պարզվում է, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ պահանջ չունի, պահանջներ ունեն Ցեղասպանության զոհերն ու նրանց հետնորդները: Եվ ՀՀ նախագահը երկար-բարակ բացատրում է թուրք լրագրողին, որ հայերը կարող են թուրքական բանկերում փող ունենալ և հիմա, բնականաբար, պետք է հետ պահանջեն: Ուրեմն՝ այս գործչի ազգասիրության գինը բանկային հաշիվներն են: Իսկ նպատակն ավելի պարզ է. ոչնչից չխորշելով՝ պահպանել սեփական աթոռը:
Իսկ հիմա մեր հռետորական հարցը պրն Քոչարյանին և նրա ձեռնասուն քարոզիչներին:
Չգիտե՞ր Լևոն Տեր-Պետրոսյանը Ցեղասպանության պատմությունը: Չգիտե՞ր առաջին նախագահը, թե դրա միջազգային ճանաչումից հետո իրեն ի՞նչ պիտի հարցնեն: Չգիտե՞ր, թե ինչ երկիմաստ վիճակում է հայտնվելու այդ պարագայում Հայաստանն այսօր: Շատ լավ էլ գիտեր ու լռում էր:
Կրկնում ենք մեր բոլոր «ազգայինների» համար. Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերը վաղուց չկան: Կան հատուկենտ վերապրողներ ու նրանց բազմաթիվ ժառանգները: Այդ ժառանգների մի մեծ հատվածն այժմ ապրում է ՀՀ-ում, որ վաղուց արդեն հայրենի տուն է նրանց համար: Կրկնում ենք նորից. արևմտահայերն ու նրանց զավակները միայն փողից ու գույքից չեն զրկվել. զոհվել են նրանց բազում արյունակիցները, դատարկվել է հայրենիքը: Արևմտահայերը հայրենիք են կորցրել, պարոնայք «ազգայիններ»: Իսկ հայրենիքը 30 արծաթով չեն ծախում: Եվ ի հեճուկս ձեզ, արևմտահայերի ժառանգներն այսօր ապրում են այս հայրենիքում և մտահոգ են այս հայրենիքի ճակատագրի համար: Իսկ այս հայրենիքի մի հատվածն էլ Արցախն է՝ նվաճված նաև նրանց արյամբ ու ջանքերով: Բայց դուք՝ Ցեղասպանության մասին ճամարտակողներդ, հենց հիմա պատրաստվում եք ծախել և՛ Արցախը, և՛ պետություն դարձած Հայաստան-հայրենիքը:
2. Ազգայինների մի «ստվար» բանակ էլ ունենք ի դեմս մեր հայտնի մտավորականների: Սրանց գործելակերպն արդեն հայտնի է: Լաց ու կական՝ Ցեղասպանության առիթով, բազմաթիվ զեղումնալից տրակտատներ պանթուրքիզմի մասին, հավատարմության երդումներ ռուս մեծ եղբորը ու նամակներ, նամակներ՝ Մոսկվա-Կրեմլ: Ազգային «մտավորականների» ազգասիրության գինը սեփական ապահովությունն է: Նպատակը՝ կերակրող տերերին ծառայելը: Իսկ ծառայում են հավատարմորեն, ինչպես միշտ:
Նոմենկլատուրային մտավորականները Խորհրդային Միության հավատարիմ քաղաքացիներ էին: Այն ժամանակ էլ նրանք ունեին ազգասիրության թույլատրված չափորոշիչները: Օրինակ, հայտնի ազգային բանաստեղծուհին իր բազում արտասահմանյան ուղևորությունների ժամանակ հաջողությամբ «շրջանցում էր» հայկական դպրոցը, եթե այն «դաշնակցական» էր: Իսկ թե ի՞նչ էին զգալու այդ դպրոցում ուսանող հայ երեխաները, նրան չէր հետաքրքրում: Կարևորը տերերին չզայրացնելն էր:
Ցավալի է, բայց թույլատրված էր նույնիսկ 1965-ի ազգային զարթոնքը: Կոմունիստներին հաջողվեց ուղղորդել այն: Թույլ տվեցին հիշել Ցեղասպանությունն ու միլիոնավոր զոհերին, թույլ տվեցին՝ հաստատ իմանալով, որ դրա ցավը խլացնելու է քաղաքացիական անհնազանդության խլրտուքը և հայերին ստիպելու է վերհիշել թուրքական վայրագությունը: Իսկ թուրքական վտանգը Հայաստանը հավերժ կապելու էր ԽՍՀՄ-ին: Այդպես էլ եղավ: Հայաստանում քիչ էին անկախ պետություն երազողները, ավելի քիչ էին մտավորականության շրջանում:
Հիմա էլ չափորոշիչը տրված է: Հիմա էլ պետք է խոսել թուրքերից ու մեր ցավից, հայհոյել նախկին ապազգայիններին (որոնք, ի դեպ, վատ թե լավ պետություն են կերտել) և գովերգել ազգայինների նախագահին:
Մեր մտավորականներն ու պալատական քարոզիչներն իշխանությունից այնքան էլ գոհ չեն: Չէ, չկարծեք, թե դժգոհում են արտաքին կամ տնտեսական քաղաքականությունից: Նրանք դժգոհ են ներքին քաղաքականությունից: Անհանգստանում են մտքի տիտանները, նրանց անդորրը խանգարում են նախկինները, որոնք իշխանություն չունեն, բայց համարձակվում են և՛ ապրել, և՛ խոսել: Ընդ որում, «նախկին» հասկացությունը նրանց համար առաձգական է: Այս «հայհոյանքին», ինչպես նաև «ապազգային» բնորոշմանը այսօր կարող է արժանանալ յուրաքանչյուր ոք, ով համարձակվում է չգովերգել Ռ. Քոչարյանին և իրենց: Ով համարձակվում է տեսնել նրանց փարիսեցիությունը, ով գիտակցում է այս երկրի իրական շահը և ազգայինների արկածախնդրության գինը:
3. «Ազգայինների» հոծ բանակ է ՀՅԴ-ն, որի հերոսական անցյալի, այժմեական կեցվածքի, արժեքի ու նպատակների մասին դժվար է խոսել մեկ հոդվածում:
Գրիգոր Խաչիկյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 148, 9 փետրվարի, 2001թ.