...

Հայաստանն առավելություն ունի

Հայաստանն առավելություն ունի

ՉԽԱՄԵՄԱՏՎԵՍ

Հայաստանը ԱՄՆ-ի համեմատությամբ առավելություն ունի: Սա ՀՀ նախագահի պաշտոնը զավթած Ռ. Քոչարյանի վերջին գյուտն է, որի «բացատրությունը» հետևյալն է: ԱՄՆ-ը Նյու Յորքում կատարված ահաբեկչության հեղինակներին չի բռնել ու բանտարկել, իսկ մենք հոկտեմբերի 27-ի ոճրագործներին դատում ենք:

Էլի բախտներս բերեց, ու հիմա իշխանավորները պետք է շնորհակալ լինեն պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, որ ժամանակին կասեցրեց 5 «ռոմանտիկների» ոչնչացման «գործը», որոնք բոլորովին էլ կամիկաձեներ չէին և մի գեղեցիկ օր կարող էին նպաստել հանցագործության կազմակերպիչների, պատվիրատուների բացահայտմանը: Պետք է արժանին մատուցել հանրապետության ներկա կառավարիչներին: Նրանց հաջողվեց մինչև 2000-ի գարուն «նվաճել» իրենց անհրաժեշտ դիրքերը, Հունանյանին երաշխիքներ տալ, ցայսօր պաշտպանել ոճրագործների՝ մարդու իրավունքները, աշխարհին ներկայանալ «դեմոկրատի» դիմակով և մեկ դերասանի թատրոնի վերածված ներկայացում-դատավարության օգնությամբ ԱՄՆ-ի նկատմամբ «առավելության» հասնել:

Իսկ Բուշն ուզում է պատժել կազմակերպիչներին: Միամիտ, պրիմիտիվ կովբոյական իր խելքով համաշխարհային ահաբեկիչներին ձեռնոց է նետել ու վախենում է քիմիական, բակտերեոլոգիական զինատեսակներից:

Կարծում ենք՝ ժամանակն է, որ Վահան Հովհաննիսյանի նման տեսաբան-խորհրդատու ունենա: Այնժամ նա էլ կհասկանա «կոմպլեմենտար» քաղաքականության ու հավերժ յեղափոխականության քաղցրությունը: Այնժամ ոչ մի ամերիկացի չի համարձակվի նրան հրապարակավ «ձեռ առնել», որովհետև նմանատիպ «ըմբոստը» Բրոդվեյի սրճարաններից մեկում կծեծվի ու մահկանացուն կկնքի ԱՄՆ նախագահին Էլտոն Ջոնի հետ տեսնելու պահին հրճվելիս: Եվ ընդհանրապես... ՀՀ ներկա իշխանավորներն ու նրանց հենարանը դարձած 110-ամյա կուսակցությանը կարող են քաղաքական «լիկբեզ» կազմակերպել աշխարհիս հզորների համար: Ֆրանսիացիներին կսովորեցնեն, թե ի՞նչ պետք է անել այդ երկրի բոլոր քաղաքացիներին միանգամից և անվերապահ «երջանկացնելու» և մեկընդմիշտ լռեցնելու համար: Անգլիացիները՝ վերջապես կհասկանային, թե ի~նչ լավ բան է լեգիտիմ ղեկավար ունենալը, իսկ ամերկացիները կըմբռնեին, որ թշնամուն պատժելու համար միայն կամք է պետք ու վճռականություն ու ոչ մի հետաքննություն, ոչ մի ապացույց: Ավելին, ԱՄՆ «X» ներկա նախագահն անպայման կորոներ ու կգտներ դարավոր ազգային թշնամուն և, իհարկե, իր օրոք տեղի ունեցած բոլոր աղետների մեղքը կբարդեր նախկին «Y» նախագահի վրա՝ Ռ. Քոչարյանի հռետորական «արսենալն» օգտագործելով: Եվ ամեն ինչ «օքեյ» կլիներ, իսկ մենք՝ հայերս, շատ ավելի մեծ առավելություններ կունենայինք և կհամարեինք, որ իրականացրել ենք մեր համաշխարհային առաքելությունը:

Գրիգոր Խաչիկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 271, հոկտեմբերի 2, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ