...

Նրանց հայրենիքը Հայաստանի Հանրապետությունը չէ

Նրանց հայրենիքը Հայաստանի Հանրապետությունը չէ

ԱՆՀԱՅՐԵՆԻՔ

Ծովից ծով Հայաստանի տեսլականով ախտահարվածների մտքի թռիչքը այս անգամ էլ արտահայտեց ոճրագործը: Այն, որ մարդասպանին հերոսացնելու փորձեր են լինելու, արդեն գրել ենք: Սակայն հերոսացնելու մոլուցքը զարմանալի մետամորֆոզներ է ապրում: Կարծում եմ՝ որոշ ուժերի համար անցանկալի (եթե նրանք դեռ չեն կորցրել ինքնապաշտպանության բնազդը):

Անթաքույց արյունահեղություն կատարողը որերորդ անգամ ստանձնել է Ռ. Քոչարյանի պաշտպանությունը: Հիշեցնե՞նք, թե ի՞նչ «ազգային» կարգախոսներով իշխանությունը բռնազավթեց նա 1998-ին: Հիշեցնե՞նք, թե ո՞ր 100-ամյա կուսակցությունն անմիջապես սատարեց նրան: Արյունով նվաճված հողերի սույն պաշտպանները 1998-ից սկսեցին իրենց ազգայնական-դարչնագույն քարոզարշավի նոր փուլը: Տեսլականով փորձում էին քողարկել իրենց բոլոր ձախողումները՝ պետական, տնտեսական, արտաքին քաղաքական ու սոցիալական ոլորտներում: Հայաստան-պետության նախորդ տարիների բոլոր նվաճումները հարցականի տակ դրվեցին, նսեմացվեցին: Փոխվեց արժեքային համակարգը: Իրենց աննպատակ գոյության արդարացումը գտնելու համար նորից մեջտեղ բերեցին «ազգային գաղափարախոսությունը», որի արդյունքն ակնհայտ է: Հայաստանի Հանրապետությունն այսօր դատարկվում է: Հայաստանի պետականությունը չի հուզում երկրիս բնակչության ճնշող մեծամասնությանը: Բարգավաճում են ատելությունն ու սուտը:

Իշխանական ողջ քարոզչությունը լծված է երկու գործի.

ա) թաքցնել ղարաբաղյան հիմնախնդրի մասին բանակցությունների ոչ հայանպաստ ընթացքը՝ փորձելով ձախողումները որպես հաղթանակ ներկայացնել.
բ) պաշտպանել Նաիրի Հունանյանին՝ ապացուցելով, որ նա մենակ է գործել՝ առանց դրդիչ-կազմակերպիչների, և գործել է «ազգային» նպատակներով:

Բնականաբար, սրա համար ստեղծվում է անհրաժեշտ ֆոն: Գովերգվում է ահաբեկչությունը, և ահաբեկվում է հանրապետության բնակչությունը:

Անընդհատ հիշեցնում են Ռուսաստան-Բելառուսին միանալու մասին, ինչին իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքում: ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարում է, որ հայերը հողեր են գրավել, ուրիշի հողեր: Իսկ քարոզիչներն անընդհատ հիշեցնում են, որ 1915 է եղել, ու մենք հողեր ենք կորցրել: Ապակողմնորոշված մեր հայրենակիցները շվարած հարց են տալիս՝ «ո՞րն է, բաբո, մեր հայրենիք»: Ու ոճրագործն անում է իր սահմռկեցնող հայտարարությունը. «Իմ հայրենիք Հայաստանի Հանրապետությունը չէ, այլ հայկական լեռնաշխարհը»: Կապ չե՞ք տեսնում...

Սրան մեկ պատասխան կա: Ում հայրենիքը Հայաստանի Հանրապետությունը չէ, թող ազատի մեզ իր ներկայությունից: Հայկական լեռնաշխարհը մեծ է, բնակվելու տեղ կգտնեն...

Գրիգոր Խաչիկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 205, մայիսի 24, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ