...

Ռետրո. Չինական հեգեմոնիան, «հոկտեմբերի 27»-ի գործը, պերմանենտ հեղափոխությունը և երկրի բյուջեով մտահոգված մարդասպանը

Ռետրո. Չինական հեգեմոնիան, «հոկտեմբերի 27»-ի գործը, պերմանենտ հեղափոխությունը և երկրի բյուջեով մտահոգված մարդասպանը

ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔ

Իսկ «Կարեն Հունանյանը մտահոգված է երկրի բյուջեով: Նա հրաժարվել է պետական պաշտպանի ծառայություններից, քանի որ չի ցանկանում, որ բյուջեից միջոցներ ծախսվեն» («Հայոց Աշխարհ»): 

...Դաշնակցությունը ինքը մասսա է՝ բնազդներով ուժեղ, բայց գիտակցությունով թույլ... 

Հովհ. Քաջազնունի, 

Հ. Յ. Դաշնակցութիւնը Անելիք Չունի Այլևս, էջ 8 

Մարդասպանը մտահոգված է: Նույնքան մտահոգ է կարկառուն դաշնակցական Էդ. Հովհաննիսյանը, բայց այլ խնդրով: Առաջին հայացքից երգիծական իր ելույթում նա պնդում է, որ հոկտեմբերի 27-ի իրադարձության քաղաքական վերլուծությունն է պետք: Եվ անմիջապես ուղղորդում է վերլուծաբաններին: Արդյոք չարի՞ք է տեռորը: Ըստ սույն գործչի, որն իրականում դաշնակցության բնազդների ճշմարիտ արտացոլումն է, արյունահեղությունը օգուտ կարող է բերել: Եվ գտնում է պատմական հարմար օրինակը. նա, ով Հիտլերի դեմ ռումբ էր տեղադրել, հիմա համարվում է ազգային հերոս: Իսկ զոհերի հարազատները ժամերով նյարդայնացնում են նրան՝ պատմելով ամուսնու կամ որդու մասին: Իսկ... 

Իսկ «Կարեն Հունանյանը մտահոգված է երկրի բյուջեով...»: Զուգահեռները պարզ են, նպատակն՝ անթաքույց: Փետրվարի տասնհինգին սկսվում է ոճրագործների դատավարությունը: Ընդ որում՝ լավ նախապատրաստված: Այնքան լավ, որ Նաիրի Հունանյանի եղբայրն իսկապես պաշտպանի կարիք չունի: Ավելին՝ բոլոր հանցագործները կարող են ներկայանալ որպես յուրատեսակ հերոսներ: Չէ՞ որ տեռորը չարիք չէ, այլ անհրաժեշտ միջոց է նպատակին հասնելու համար: Ու նրանց սատարողները, գուցեև «տերերը», ամեն ինչ կանեն զոհերին վարկաբեկելու համար: Ակնհայտ է, որ այս գործը չքաղաքականացնելու կոչեր անողները (Ռ.Քոչարյան, Ս.Սարգսյան, ՀՅԴ լիդերներ և նրանց արբանյակները) հենց իրենք են այժմ քաղաքական դիվիդենտներ շահելու հայտ ներկայացնում: 

Իսկ Նաիրի Հունանյանը գնում է դատարան ոչ թե պաշտպանվելու, այլ մեղադրելու: Ո՞ւմ, ինչո՞ւ... Անշուշտ, զոհերին, անշուշտ՝ որպես երկրի առաջընթացին խանգարող գործոն, անշուշտ որպես «արյուն ծծողների»: Շարքային քիլլերը ամբիոն է ստանալու և օգտագործելու է այն: Նա նյութեր է պատրաստել, նրան նյութեր են մատակարարել: Ո՞ւմ դեմ: Հաղթող սպարապետի, հայրենիքի առաջին մահապարտի դեմ:

Դառնանք դաշնակցական Էդ. Հովհաննիսյանին: Քաղաքական խոր վերլուծության կոչ անելուց հետո նա անվրեպ ներկայացրեց իր կուսակցության հապավման «Յ»-ի էությունը: Հեղափոխությունը այս կուսակցության համար ավարտված չէ և իրենց շահերը պաշտպանելու համար պատրաստ են ահաբեկչության: «Եթե ահաբեկչությունը պայքարի միջոց է, էդ էլ կանենք»,- ասում է նա հպարտորեն: Ուրեմն՝ տեռորը՝ որպես ուղիղ ճանապարհ: Գիտեմ՝ նրա կուսակիցներն աշխատելու են քողարկել, կոծկել այս «հանճարեղ» ելույթը: Ներկայացնելու են այն որպես մասնավոր կարծիք կամ «պատկերավոր արտահայտություն»: Շատ չե՞ն փոխաբերություններն ու պատկերավոր միջոցները՝ երդում ատրճանակի վրա, մահ կամ ազատություն, բենզինի շշեր՝ ազգային բանակի դեմ, ահաբեկչության օգուտների մասին քարոզները: 

«Տրամաբանական» շարքը բավական կառուցիկ է: 

Իսկ Չինաստա՞նը: Չինաստանը պրն Հովհաննիսյանին առաջարկել է «օգնել» Հայաստանին՝ մեր հակաթուրք պոտենցիալը ույգուրների՝ թուրքական անջատողականների դեմ օգտագործելու փոխարեն: Եվ Հայաստանը, իհարկե, պետք է հետևի չինական սոցիալիզմի օրինակին, որովհետև ոմանք զզվում են եվրոպական դեմոկրատիայից*: Մեկմիլիարդանոց դեղին այս երկրում սոցիալիզմը հաստատվեց տեռորով, որը շատ արագ վերածվեց պետական տեռորի: Պա՞րզ չէ՝ ինչու հենց Չինաստանը: Տեռորը գայթակղիչ է, հեշտ է դրանով հարցեր լուծել: 

Կիրառում են, արդարացնում են և հերոսացնում մեր թողտվությամբ: 

P.S. Ի դեպ հակադարձ առաջարկ անենք դաշնակներին, քանի որ ՀՅԴ-ն է այսօր Հայաստանի հակաթուրք պոտենցիալը. տեղափոխվեք Չինաստան, պայքարեք թուրք-ույգուրների դեմ և փրկեք, վերջապես, Հայաստանը... ձեզնից: 

Գրիգոր Խաչիկյան

«Չորրորդ իշխանություն», No 151, 15 փետրվարի, 2001թ. 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ